Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյո՞ք պաշտոնանկությունը և պաշտոնից հրաժարական տալը իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ հասկացություններ են. Խոսրով Հարությունյան

Սեպտեմբեր 22,2019 11:00

Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի իրենց պաշտոնից հեռանալու հանգամանքը Ազգային Ժողովի Նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է հետևյալ կերպ՝ Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով, առաջարկել է իրենց հրաժարականի տեսքով ազատվել զբաղեցրած պաշտոններից:

Այսինքն ԱԺ Նախագահի մեկնաբանությունը մոտավորապես հետևյալն է, բոլոր դեպքերում այդ ղեկավարները պետք է թողնեին իրենց պաշտոնը՝ ի՞նչ կարևոր է պաշտոնանկության թե հրաժարականի արդյունքում:

Բայց արդյո՞ք տարբերություն չկա պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև:

Արդյո՞ք այդ երկու հասկացությունները իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ են:

Անշուշտ ո՛չ և առնվազն տարակուսելի է, որ Երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել:

Նախ` կարևոր տարբերությունն այդ երկու իրավական գործընթացների միջև այն է, որ տարբեր են դրանք նախաձեռնող սուբյեկտները: Պաշտոնանկության պարագայում նախաձեռնողը տվյալ պաշտոնյայի անմիջական քաղաքական ղեկավարն է՝ տվյալ դեպքում Վարչապետը: Մինչդեռ հրաժարականի դեպքում նախաձեռնողը ինքը՝ պաշտոնյան է:

Բայց առանցքային տարբերությունն այդ երկու գործընթացների միջև պայմանավորված է դրանց տարբեր քաղաքական իմաստներով:

Պաշտոնանկությունը փաստում է տվյալ պաշտոնյայի գործունեության արդյունքներով քաղաքական անմիջական ղեկավարի բավարարված չլինելու հանգամանքը, ընդ որում այն ընկալմամբ, որ այլևս այդ պաշտոնում տվյալ պաշտոնյայի հետագա գործունեությունը համարվում է անհանդուրժելի:

Մինչդեռ պաշտոնյայի կողմից պաշտոնից հրաժարական ներկայացնելու փաստը վկայում է պաշտոնյայի և նրա անմիջական քաղաքական ղեկավարի միջև տվյալ պաշտոնին օրենքով վերապահված պարտականությունների կատարման խնդրում անհամաձայնության և սկզբունքային տարաձայնությունների մասին:

Ընդ որում, որպես կանոն, այդ տարաձայնությունները դառնում են անհաղթահարելի այն պարագայում, երբ պաշտոնյան իր հետագա պաշտոնավարումը տվյալ պաշտոնում տվյալ քաղաքական ղեկավարի ենթակայությամբ քաղաքական և/կամ իրավական առումներով գնահատում է իր համար այլևս ոչ նպատակահարմար:

Հրաժարականը քաղաքական պռոտեստի դրսևորում է, այն դեպքում, երբ պաշտոնանկությունը՝ տվյալ պաշտոնյայի կողմից պաշտոնեական պարտականությունների աններելի ձախողման գնահատական:

Հրաժարականը պաշտոնյայի գիտակցված ընտրությունն է և նա է կրում այդ քայլի իրավական և քաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը, մինչդեռ պաշտոնանկությունը դա քաղաքական ղեկավարի նախաձեռնությունն է և վերջինս է կրում այդ քայլի թե՛ իրավական և թե՛ քաղաքական հետևանքների պատասխանատվությունը:

Պետական կառավարման գործընթացներում ներգրավված պաշտոնյաները և քաղաքական գործիչները պարտավոր են տիրապետել կառավարման արվեստի այս նրբություններին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30