Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներ առանց սահմանների

Սեպտեմբեր 22,2019 12:00

Հայաստանի անկախացումից հետո որոշ բնագավառներում հետընթաց նկատվեց, իսկ որոշ բնագավառներ թռիչքաձեւ առաջընթաց ապրեցին: Մարատ Օրդյանը Հ1-ով հողորդում ունի, որտեղ հետաքրքիր կերպով մանրակրկիտ նկարագրում է Խորհրդային Հայաստանի կինեմատոգրաֆիայի բնագավառում ունեցած նվաճումները, եւ հաղորդաշարի շնորհիվ ու հաղորդաշարի միջոցով մենք տեսնում ու համոզվում ենք, որ թատրոնում ու կինոյում մենք ակնհայտ հետադիմել ենք, եւ որ Փափազյան ու Հրաչյա Ներսիսյան չունենք, դա  ակնհայտ է, եւ որ այսօրվա հայկինոն ու այսօրվա մեր սերիալները ամենամեծ ցանկության դեպքում անգամ չես համեմատի «Հայֆիլմի» մեր լավագույն ֆիլմերի հետ, դա նույնպես ակնհայտ է: Նույն Հ1-ով Հենրիկ Հովհաննիսյանն էլ հարցազրույցների շարք ունի, որոնցում պարբերաբար ներկայացնում է մշակույթի ու գիտության մեր լավագույն գործիչներին, եւ մենք տեսնում ու համոզվում ենք, որ անկախության տարիներին մշակույթի ու գիտության ասպարեզում էլ Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Վիկտոր Համբարձումյան եւ նման մեծություններ չենք տվել:

Ասածներիցս ոմանք կարող են մտածել, թե խորհրդային տարիների կարոտախտով եմ տառապում, բայց ասածներս պարզ ու ակնհայտ ճշմարտություններ են, եւ դժվար է դրանք հերքել: Ինձ շատ հեշտ կլիներ հակադրվել, եթե ասեի, օրինակ, որ խորհրդային տարիներին ավելի բարձրակարգ լրագրություն ու լրագրողներ ենք ունեցել, քան՝ Խորհրդային Միության փլուզումից ու Հայաստանի անկախությունից հետո: Ինչպե՞ս կարող եմ այդպիսի անհեթեթություն ասել, երբ Խորհրդային Հայաստանում ընդհանրապես լրագրություն չենք ունեցել: Հենց թեկուզ նույն Մարատ Օրդյանի կամ Հենրիկ Հովհաննիսյանի կարգի հեռուստալրագրողներ չունեինք: Կամ, ասենք, Արամ Աբրահամյանի մակարդակի հեռուստալրագրողներ: Եվ ընդհանրապես՝ հեռուստալրագրություն: Եվ ընդհանրապես՝ լրագրություն:

Եվ թերթերի ու օրաթերթերի մակարդակն էր ակնհայտորեն ցածր այսօրվա թերթերի ու օրաթերթերի մակարդակից: Մի քանի օրաթերթեր կային, որոնք մարդիկ գրեթե չէին կարդում, որովհետեւ անհնարին էր դրանց միջոցով ճշմարիտ ու իրական լրատվություն ստանալ: Հիմնական ու գլխավոր օրաթերթն էլ՝ «Խորհրդային Հայաստանը» զոռով ու ստիպողաբար էին հիմնարկներին ու մարդկանց բաժանորդագրում: Մարդիկ կամավոր միայն «Գրական թերթ» էին առնում ու մեկ էլ հեռուստածրագիրը՝ «Եթերում է Երեւանը»: Մարդիկ թերթ չէին կարդում, որովհետեւ մամուլն ու լրագրողները մարդկանց կարդալու նյութ չէին տալիս: Խոսքի ազատության մասին խոսք անգամ չկար: Եվ քանի որ խոսքի ու մամուլի ազատություն չկար, բնականաբար, նաեւ թերթերի, օրաթերթերի ու ընդհանրապես մամուլի պահանջարկ էլ չկար:

Հայաստանում մամուլի պահանջարկ առաջացավ անկախությունից անմիջապես հետո՝ հիմնականում «Երկիր» ու «Ազգ» օրաթերթերի շնորհիվ, որոնք ազատ մամուլի սփյուռքյան փորձն ու ավանդույթներն անմիջապես ու հաջողությամբ տեղափոխեցին անկախացած Հայաստան: Այնուհետեւ հիմնադրվեցին մեր հայաստանյան օրաթերթերը, որոնք շատ շուտով լուրջ մրցակիցներ դարձան առաջին երկուսին: Առաջիններից էր «Առավոտը», որը վերջերս նշեց իր հիմնադրման քսանհինգ ամյակը:

Քառորդ դար ընթերցողի հետ: Անբաժան: Իսկապես պատկառանքի է արժանի: Տոնական միջոցառմանը հրավիրված էին նախարարներ, պատգամավորներ, որոնց մեջ քիչ չէին նաեւ լրագրող պատգամավորները, եւ ես նայելով նրանց, մտածում էի, որ մեր այն լրագրողները, որոնք նաեւ պատգամավոր են եղել, իրենց խմբակցության աչքի ընկնող պատգամավորներից են եղել. Մարգարիտ Եսայանը՝ Հանրապետականում, Աղվան Վարդանյանը՝ Դաշնակցության մեջ, Նաիրա Զոհրաբյանը՝ «Բարգավաճ Հայաստանում»…… Երեքն էլ լրագրողներ են, եւ երեքն էլ իրենց օրինակով ասածս հաստատում են: Երեքի թվարկումը կարող էի շարունակել, եւ դուք ավելի կհամոզվեիք, որ մեր լրագրողները նաեւ քաղաքականության մեջ են օրինակ հանդիսացել, եւ շարունակելով՝ կարող էի Նիկոլ Փաշինյանին էլ նշել, որովհետեւ ինքն էլ նախքան պատգամավոր ու վարչապետ լինելը լրագրող ու թերթի խմբագիր է եղել: Ես, իհարկե, կարող էի նաեւ նշել մեր այն լրագրողներին, ովքեր նույնպես մեծ հաջողությամբ կարող էին պատգամավոր լինել, բայց քաղաքական հավակնոտություն հանդես չեն բերել: Արամ Աբրահամյանը, Աննա Իսրայելյանը եւ արժանավոր էլի շատ ուրիշներ, որոնց անունները եթե հիշելով թվարկեմ, էս հոդվածիս տարածքը շատ նեղ կգա:

Ինչեւէ, արդեն վստահաբար կարող ենք ասել ու պնդել, որ Հայաստանում անկախությունից հետո լրագրությունն ու ազատ մամուլն ավելի քան կայացել են: Եվ շարունակում են կայանալ ու զարգանալ: Նաեւ ինտերնետային, առցանց եւ այլ տարբերակներով, եւ ավելի քան վստահ ենք, որ առաջիկայում եւս կշարունակեն իրենց շարունակական առաջընթացը ազատ ու անկախ մամուլի կայացման գործընթացում:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բայց պետք է համաձայնեք,որ անկախության տարիներին ընթերցվում են հակաիշխանական լրագրերը և հոդվածները՝նույնիսկ ,,հեղափոխությունից,,հետո…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30