Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Սեպտեմբեր 21,2019 23:44

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13, ԳԼՈՒԽ 14

ԳԼՈՒԽ 15

Անդունդի եզրին

Նրանք նստած էին բենզալցակայանի առանձնասենյակում, մի գավաթ սուրճի առջև, և չկար չասվածը փորփրելու, ջրի երես հանելու անհրաժեշտություն, քանզի հասկանում էին միմյանց կես խոսքից։

Ամռան կենարար անձրևը թարմության շունչ էր պարգևում օրվա տապից փախուստ չունեցող մարդկանց։ Գիշերային կյանք սիրողների ժամն էր, և քաղաքն արթուն էր իր բազմաթիվ խանութներով, սրճարան-բարերով, հանգիստ ու ժամանց առաջարկող այլևայլ հաստատություններով։ Փողոցներով հոսում էին կենաց գետեր, իսկ անձրևը նրանց ոտքերի փոշին էր լվանում։

Ալեքսանդր Գոմեսը հոգնել էր։ Երբևէ անհիշելի ժամանակներում կորսված խաղաղությունը չէր գտնվում այլևս, իսկ երբևէ կարևոր համարվող նպատակները խեղդվել էին ունայնության ջրափոսերում։ Չկար հոսանքին ընդդեմ նավարկելու ցանկություն, չկային առանձնահատուկ ձգտումներ, որ ունենում են վերելք հաղթահարող մարդիկ, և սխալներ շտկելու պատրաստակամություն չկար։

Այրված կամուրջներ…

Աղաղակ…. որից փշաքաղվում է փշախիտ մացառներում խճճված մարդը…

Ինչ-որ մեկը կռթնել է իր կյանքի վերջին քայլի վրա, ներբանի տակ պրկաձիգ զսպանակի վրա, իսկ մացառներում գերեվարված մարդու բերանում չորացել է թուքը։ Նրանք՝ առջևից գնացող զինվորն ու հետևից եկող կապիտանը նայում են միմյանց աչքերի մեջ, և մահն արցունք է ճանկռում նրանց բիբերից։

ԱՀԱ՛ ՄԱՐԴԸ։

Նա՝ ով ակամա սեղմել է պրկաձիգ զսպանակը՝ հակահետևակային ականի վրա ոտք դնելով։ Թվում է՝ փշեպսակ ունի գլխին, իսկ ճակատն ի վար սահող քրտնքի հետ արյան կաթիլներ են գլորվում։

Անձայնություն…

Ծաղկավառ յասամաններ, որ ցրիվ կգան հետո, երբ կուժասպառվի ականի վրա կանգնած մարդը, իսկ մացառներում գերեվարված կապիտանը կխեղդվի փշատերև լացով։ Նա կվերադառնա՝ իր հետ բերելով պարտության դափնիներ և իր մեջ կրելով քավության նոխազի արյունը, որ ձայն ունի, որ չի լռում և երկրից բողոքում է առ Աստված՝ ինչպես արյունը Աբելի։

Ալեքսանդր Գոմեսը հոգնել էր։

Սա լինում է կյանքում մեկ անգամ, և սրանից ազատում չկա հետայսու։ Քանզի գալիս է պահը, և մարդը հանկարծ սկսում է հասկանալ, որ իր էության խորքում զանգեր են պապանձվել, իսկ ինքը այլևս չունի մարմնի տաճարում պայքարելու ցանկությունը։

Մարմնի տաճարում մաքրագործվելու և աղոթքի համար գլուխ բարձրացնելու ցանկությունը։

Ինքն իր մեջ վեհանալու և սեփական թռիչքներից բարձր ճախրելու ցանկությունը։

Կյանքի լույսն իսկապես բացահայտվում է վերջին հոգնածության մեջ, վերջին խոստովանության պահին և վերջին իմաստությունից հետո։ Ապա գալիս է ժամը, և մարդն իր Տաճարի պատուհանին է մոտենում սրբազան երկյուղով, իսկապես հավատալով, որ խաբված չի լինելու յուր վերջնեկ հավատի մեջ և չի կորցնելու Աստծո պատկերով իր նմանությունը, որ մահկանացու հողեղենի հավիտենական շապիկը պիտի լիներ։

 

Հովհաննես Կանայանը հայրական սիրով էր ընդունում Ալեքսանդր Գոմեսին։ Նա գիտեր, որ «Մարտական արիության խաչ» կրող մարդն անցել է դժոխքի քառուղիներով և մահվան սարսուռ ունի իր կյանքի ապերջանիկ օրերում։ Եվ իհարկե հասկանում էր, որ կապիտանի արտասովոր, դարձդարձիկ քայլքը ոչ մի կապ չունի ռազմադաշտում վիրավորվելու հետ։

«Սա բոլորովին այլ մի բան է,- երբեմն մտածում էր Հովհաննեսը,- քանզի ականի պայթյունը նման ձևով չի հաշմում մարդուն։ Ապա, ուրեմն, ի՞նչ գաղտնիք ունի կապիտանն ու ի՞նչ կարող է ենթադրել բանդագուշանքը, որ ստեպ-ստեպ հայտնվում և անհայտանում է նրա աչքերի փախստական հայացքում։ Ինչևէ,- որևէ եզրահանգման չգալով՝ խորհում էր Հովհաննեսը,- ես ցավ չեմ պատճառի նրան՝ անցյալը փորփրելով և հոգին աստառի պես շրջելով, սակայն Ալեքսանդրն ի վերջո կանդրադառնա իր կյանքի եղելություններին։ Այլ կերպ չի կարող լինել, քանզի մեզանից յուրաքանչյուրը երբևէ մի անգամ ցանկանում է կարեկցանքի խոսքեր, որոնք վերք վիրակապելու զորություն ունեն։ Ուրեմն սպասենք»։

Սուրճ կոչվող սև, մոգական հեղուկը թարմություն էր շնորհում՝ կենսական ուժեր պարգևելով։

Եվ ճոճվում էր Մարդը անդունդի եզրին։

Ներքևում, ինչ-որ տեղ, պսպղում էին բոցեղեն լեզվակներ, որ աստանդական դերվիշների խարույկից էին հառնում։ Այնտեղ ընկճում էին մարմինը, որպեսզի ոգի արարեն։ Նրանց ծոմը լիզում էր մոխիր, իսկ քուրձը հավատի տանջանքն էր մաշկազերծում։ Եվ կաղկանձում էր տեսիլածին հողմը՝ այլևս փոշի դարձնելով բյուր ցնորքներ, որ ալկոհոլի մեջ էին, և տրոփում էին ախտահար բանականությամբ մարդու ուղեղում։ Ալեքսանդր Գոմեսն այժմ վայելում էր բութ ցավ հիշեցնող իր ընդարմությունը ու միաժամանակ նողկում էր դրանից։

Ավգուստա…

Այնպե՜ս ցանկացա լինել գարնան բույրերի մեջ, երբ ձյուն էր, ճերմակ անհուսություն ու անկում էր։ Ցանկացա ոսկեման հեռուներ, բրոնզե մաշկով մարդկանց երջանկություն և  մանուկների ծիծաղ ցանկացա…

Արդ ինչպե՞ս վկայեմ մութ օրերի դողէրոցքը, երբ հիվանդ զառանցանքից հանկարծ սթափվելով՝ հանկարծ ըմբռնում ես քեզ տրված ժամանակն ու տարածությունը, որ բանտախցեր են լոկ։

Ի՜նչ ահավոր կարող է լինել մարդ արարածի ներքին հակասությունը, որից սրտի զարկերն են ճաքում, իսկ ճանապարհդ քո երկվության զույգ եզերքը միավորող կամուրջ է։

Ո՞վ կվերցնի մութ խոհերի մահճակալին մունջ այս ձեռքը, ո՞վ կշշնջա բառեր, որ երբեք չեն վաճառվում և նվիրական են ընդմիշտ։

Այնպե՜ս ցանկացա քո եզակի քնքշանքն ու կանացի քո գաղտնարաններում մենանալու հաճույքը։

Ցանկացա ալիքներից ձուկ փախցնող ճայերի թռիչք, մաքրամաքուր անձրև ու չվող կռունկների ճախր ցանկացա…

Բայց մարդը չի կարող լինել իր օրերի տերն ու առաջնորդը…

Քանզի դիվական խաղերի գերին է մարդն ի ծնե. փչացած խաղալիք, որին երբևէ մի անգամ լարում են վերերկրային ուժերն ու թողնում են բախտի քմահաճույքին՝ հողագնդի հողմերին հանձնելով։

Ապա, ուրեմն, ո՞վ  կմաքրագործի փոքրիշատե կենդանի այս կյանքը, և ո՞վ կսրբացնի մեղքի զսպաշապիկում թռիչք արարող քո գոյությունը։

Ավգուստա…

Այնպե՜ս ցանկացա քո աչքերի սուրբ երազները, բայց պարտվեցի քո արցունքներով…

 

– Դե ի՛նչ, խոսելո՞ւ ենք ի վերջո։

– Ա՜հ, Հովհաննես… Ներիր, խնդրում եմ։ Վերջերս հաղթվում եմ հակակշիռ մտքերից՝ իրականության ներկայությունը կորցնելով։ Թերևս հարբած եմ մի քիչ էլ, բայց դա առանձնապես չի խանգարում։ Ինչպե՞ս ես։

– Տանելի, բարեկամս. չափ ու ձևի մեջ։ Գիշեր-ցերեկ աշխատում եմ… Դե՜, ընտանիք, երեխաներ… Թոռ էլ ունեմ, արդեն չորս ամսական։ Քեզ ասե՞լ եմ։

– Անկեղծ ասած՝ չեմ հիշում։ Սակայն ուրախ եմ անչափ։ Թո՛ռ։ Այսինքն՝ առաջին արմատը, որից նահապետի հպարտությունն է սկզբնավորվում։ Եվ դեռ կարմատակալես, բարեկամ, փառավոր քո ծերության մեջ, վստա՛հ եմ։

– Տա Աստված։ Իսկ դու ի՞նչ արկածների մեջ ես, պետք է որ մուշ-մուշ քնած լինեիր քո անկողնում։

– Հովհաննես…

– Ի՞նչ։ Ինչ կա սրտումդ։ Հենց այնպես չէիր գա այս ժամին։ Ուրեմն ասա՛, ինչո՞վ օգնեմ։

– Հովհաննես… Ես անկողին չունեմ։

– Այսինքն, ինչպե՞ս թե՝ անկողին չունեմ։ Կարծեմ երեք սենյականոց բնակարանում ես բնակվում՝ կնոջդ ու երեխայիդ հետ, թե՞ ինչ-որ բան շփոթում եմ։

– Ոչ, ամեն բան ճիշտ է, ոչ մի շփոթմունք, բայց ուզում եմ իմանաս, որ երեխա էլ չունեմ։

Տարիքով մարդն ապշել էր։ Բնավ չգիտեր, թե կապիտանի խոսքերն ինչ կարող են ենթադրել, իսկ տագնապի սուր զգացողությունն անվերջ հուշում էր անհեթեթ մի միտք, որն անհավանական էր, բայց և կարող էր ստույգ լինել։

«Խե՜ղճ մարդ,- ինքն իր մեջ փսփսում էր Հովհաննեսը,- գժի տպավորություն չի թողնում, բայց և չի բացառվում, որ կապիտանն այժմ հոգեկան հիվանդության շեմին է»։

– Դրանով ի՞նչ ես ուզում ասել,- ի վերջո արձագանքեց Կանայանը,- բացատրիր։

– Երեխան, որն ապրում է իմ տանը, մեռած ընկերոջս որդին է, ես ու կինս որդեգրել ենք նրան։

– Եվ ի՞նչ։ Եթե շնորհապարտությամբ ես վճարում ընկերոջդ, ապա իմացիր, որ տղամարդուն սազական չի կես ճանապարհից փոշմանելը։ Իսկ որդեգրված երեխան այլևս հարազատ է, չես կարող զատել նրան քո մարմնի մսից ու արյունից։

– Իհարկե, բարեկամ, իհարկե։ Քո խոսքն անառարկելի ճշմարտություն է, քանզի ինքս էլ նույն համոզմունքն ունեմ և չեմ դավաճանել ինձ ու իմ ճշմարտությանը։ Այստեղ հարցը կնոջս՝ Թերեզային է առնչվում։

– Մի րոպե, Ալեքսանդր։ Կներես, բայց գլուխս ցավում է քո արտասովոր մտքերից։

Դռանը մոտենալով՝ Հովհաննեսը քայլ արեց շեմքից դուրս և տարածքում մարդ չտեսնելով՝ բղավեց.

– Թոմա՛ս։

Սևամորթ մի երիտասարդ մոտեցավ հապշտապ։

– Այո, շեֆ, ի՞նչ կցանկանաք։

– Սուրճ բեր։

– Եվ՝ գարեջուր, եթե կարելի է,- նստած տեղից արձագանքեց կապիտանը։

Նրանք լռում էին՝ սպասման ակնթարթներ մաշելով, իսկ Հովհաննեսը զննում էր կապիտանին։ Վերջինս մտասույզ խոնարհվել էր սեղանի վրա։

– Շարունակենք,- ի վերջո ասաց Հովհաննեսը։- Ինչ էլ լինի, Ալեքսանդր, իմացիր, որ ճիշտ հասցեով ես եկել։ Տեսնում եմ՝ տեղդ նեղ է, բայց մենք մի բան կմտածենք։

– Շնոհակա՜լ եմ, շնոհակա՜լ եմ…

Թոմասը վերադարձավ սև ու փրփրադեզ հեղուկներով ծանրաբեռնված, բաժակներն ու շշերը շարեց սեղանին, անխոս գլուխ տվեց, հեռացավ սուս ու փուս։ Հենց շշից խմելով՝ կապիտանն ինչ-որ բան գռմռաց. հաճույքն ու երախտագիտությունը համատեղվել էին մեկ անվերծանելի խոսքի մեջ։

– Գիտե՞ս, Հովհաննես,- կրկին խոսեց կապիտանը,- կինս տարօրինակություններ ուներ ի սկզբանե, բայց ես դրանք բանի տեղ չէի դնում։ Սակայն վերջին հինգ տարիների ընթացքում նրա արտասովոր մտքերն ու արարքները նկատելի առաջընթաց են ապրել։ Հիմա, Վիետնամից վերադառնալուց հետո, ես դրանք տեսնում եմ այլ լույսի ներքո և, հավատա, չեմ սխալվում։ Թերեզան տառապում է կրոնական շիզոֆրենիայով։

– Դե, ի՞նչ կա որ։ Ցավում եմ, իհարկե, բայց շիզոֆրենիան, ըստ էության, ևս բուժելի է։ Գիտությունն, այսօր, խիստ առաջընթացի մեջ է, իսկ հոգեբուժարանները մարդասիրության բազմաթիվ սկզբունքներ են որդեգրել։ Սրա մասին չե՞ս մտածել։

– Մտածել եմ, իհարկե, բայց ինձ ժամանակ է հարկավոր։ Հիմա ես դարձյալ պատերազմի մեջ եմ, իսկ ներկայիս թշնամին չափազանց զորեղ է ինձանից, քանզի ինքս իմ դեմ եմ պատերազմում։ Հասկանո՞ւմ ես։

– Մեկը մյուսի հետ կապ չունի։- Հովհաննեսը խոսում էր մեծ համոզմունքով։- Կտանենք Թերեզային հիվանդանոց, իսկ Միքայելի համար դայակ կվարձենք։ Ըստ իս, դու ինչ-որ խտացնում ես գույները։

– Բնավ ոչ, բարեկամս, բնավ ոչ։ Եթե Թերեզային տանենք հոգեբուժարան, նրան կզրկեն մայր լինելու իրավունքից, քանզի Միքայելը արյունակից զավակ չի, այլ որդեգրված է։ Պետությունը կվերցնի երեխային։ Իսկ եթե դեպքերը ա՛յս ընթացքն են ունենալու, ապա գոյություն ունի մեկ այլ, ավելի նուրբ տարբերակ։ Ինչ մեղքս թաքցնեմ, մտածում էի Միքայելին մանկատուն տանելու մասին, սա ավելի հարմար տարբերակ չի՞։

– Իսկ Թերեզա՞ն։ Չե՞ս մտահոգվում կնոջդ առողջությամբ։

– Հասկանո՞ւմ ես, Հովհաննես, սա արտասովոր դեպք է։ Թերեզան հիվանդ մարդու տպավորություն չի թողնում, սակայն երբեմն ասում է բաներ, որոնցից ես փշաքաղվում եմ։ Միքայելը ծնված օրվանից խաղալիք չի տեսել։ Կինս կարծում է, թե խաղալիքները չարի գործիքներն են։ Չի թողնում երեխան հեռուստացույց նայի, ստիպում է ծնկաչոք աղոթել, օրն ի բուն Աստվածաշնչի հերյուրանքն է լցնում գլուխն ու պնդում է, թե ինքը պայքար է մղում սատանայի ու նրա դևերի դեմ։ Դու սա նորմա՞լ ես համարում։

Զրուցակցին մեծ ուշադրությամբ լսելով՝ Հովհաննեսը մտքում ծանրութեթև էր անում նրա յուրաքանչյուր տեղեկությունը։

– Համանման դեպքեր գիտեմ,- ի վերջո արձագանքեց Կանայանը,- նրանք շաբաթը երկու անգամ ժողով են գնում, չէ՞, իբր՝ գնում են Աստծուն երկրպագելու։

– Այո՛, այո՛, հենց դրա մասին եմ խոսում։ Գիտեմ, որ այսպես չի կարող շարունակվել, որ Միքայելը դժբախտ մարդ կլինի ապագայում, քանզի դժբախտ է այսօր իսկ, բայց չեմ կողմնորոշվում, թե որ ճանապարհով գնամ։

– Եվ դու ընտրել ես տնից հեռանալը, չէ՞։ Այդպե՞ս է։

– Այդպե՛ս է։

– Ամենավատ տարբերակի վրա ես կանգ առել։ Իսկ ընկերոջդ տրված երդո՞ւմը։ Միքայելը քո՛ բաժինն է, քանզի ընկերդ ցանկացել է, որ դո՛ւ լինես նրա հայրը։ Հիմա լսիր, թե ինչ եմ ասում։ Հավաքի՛ր քեզ, Ալեքսանդր, գրողի ծոցն ուղարկիր ալկոհոլն ու սթափվիր վերջապես։ Սիրում եմ քեզ հայրաբար, ուստի հայրաբար խրատելու իրավունք եմ ինձ վերապահում։ Եթե փալաս լինեիր, թույլ և կամազուրկ մեկը, բոլորովին այլ կերպ կխոսեի հետդ, բայց նայում եմ աչքերիդ մեջ ու պողպատյա կամք եմ հայտնաբերում։ Ուստի հարգում եմ քեզ, կապիտան։ «Մարտական արիության խաչը» համազգեստ զարդարող խաղալիք չի կարող լինել։ Քեզ պարգևատրել են՝ արդարացիորեն շնորհելով հենց այն, ինչը դու ունեցել ես ի սկզբանե։ Քանզի քաջաբար կրել ես արիության քո խաչը կյանքիդ բոլոր օրերում և, ուրեմն, արիության վեհանձն չափանիշներով պիտի ապրես կյանքիդ հետագա՛ օրերը։ Այդպե՞ս է, թե՞ ես սխալվում եմ։

Բենզալցակայանի առանձնասենյակը պատուհան չուներ։ Վաղորդյան թարմ օդը ներթափանցում էր առաստաղին մերձ նեղլիկ ճեղքից, որ շրջանակված էր նիկելապատ թիթեղով։ Եվ հիմա, գունատվող երկնքից փախստական մի ճառագայթ մոլորվել էր ուղղանկյուն բացվածքում՝ զարթոնք ավետելով։

Լուսանում էր։

Նրանք լռում էին՝ կյանքում շատ բան տեսած մարդու լռությամբ, միմյանց աչքերի մեջ հայացքներ նետելով, միմյանցից կորզելով եզակի ճշմարտություններ, որոնք կյանքն է շարադրում՝ յուրահատուկ իր ձեռագիրը բիբերի վրա թողնելով։

– Ես պիտի գնամ տնից,- ի վերջո ասաց Ալեքսանդրը՝ խուլ, տնքացող ձայնով,- պիտի դուրս գամ, հասկանո՞ւմ ես, այլապես պատասխանատու չեմ իմ արարքների համար։ Թերեզայի աղոթքներն ու հեծկլտոցն ինձ խելագարության են հասցնում։ Գուցե ժամանակ կանցնի, և օրերը վերքեր կբուժեն, ես չգիտեմ, բայց հիմա Թերեզայի շուքն անգամ ազդում է նյարդերիս վրա։ Պետք է որ հասկանաս ինձ, Հովհաննես։ Դու եզակի՛ մարդ ես, որովհետև կռահեցիր սրտիս մեջ գլուխ բարձրացնող փոթորիկը, երբ մատուցողին շանսատակ էի անելու բռունցքի ընդամենը մեկ հարվածով։ Ուրեմն մտիր դրությանս մեջ նաև հիմա, իմ կյանքի ամենածանր այս փորձության պահին։

– Որոշումը քոնն է, բարեկամ։ Բայց չկորչես իմ տեսադաշտից։ Որտե՞ղ ես ապրելու։

– Չգիտեմ։ Հոգնել եմ քաղաքից, մեծ հաճույքով գյուղ կտեղափոխվեի։ Ուզում եմ ծաղիկներ աճեցնել, զբաղվել մեղվապահությամբ, ուզում եմ նստել մայրամուտին դեմհանդիման, ոտքերս կախել պաղ ջրի մեջ ու հասկանալ, թե ո՞վ եմ ես ի վերջո, և որտե՞ղ կարող է լինել իմ կյանքի նպատակը։

«Խեղճ տղա,- մտածում էր Հովհաննեսը՝ կապիտանին ունկնդրելով,- ճոճվում է անդունդի եզրին, ու եթե կյանքը նրան ևս մեկ ցնցում բաժին հանի՝ կտապալվի անկասկած»։

Տարիքով, խստաբարո  տղամարդը ճեմում էր՝ սենյակի մի ծայրից մյուսը գնալով։ Ապա մոտեցավ կապիտանին, գրկի մեջ առավ նրա ջլապինդ ուսերը, և առնական այդ գրկախառնության մեջ փլուզվեցին պատեր։

Երկինքը ճաքե՛ց…

Սևաթույր ագռավների մի երամ պոկվեց մերկաթև ծառերից, սավառնեց բարձունքն ի վեր ու մխրճվեց։

Ալեքսանդր Գոմեսը փոքրացավ հանկարծ։

Բռաչափ տղամարդ՝ գթասրտության բռի մեջ։

Ոտնաթաթերը նվվում էին սրտագալար մրմուռով՝ ամեն անգամ, երբ անձրևոտ օրեր էին այցելում։

– Ինձ լսիր, Ալեքսանդր,- ասաց Հովհաննեսը,- ես ունեմ հենց այն, ինչը դու փափագում ես։ 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրության երիտթուրքերը հայոց ցեղասպանությունն էին իրականացնում, ծնողներս Ամերիկա գաղթեցին ներկայիս Թուրքիայի արևելյան մասում գտնվող Իգդիր քաղաքից։ Նախնիներս քաջարի մարդիկ են, արդար ու մարտունակ։ Մեզանում երևելի անհատներ են եղել, ազգի հերոսներ, և նրանց մեջ առանձնահատուկ համբավ ունի գեներալ Դրաստամատ Կանայանը, Հայաստանի Առաջին հանրապետության ռազմական նախարարը։ Իմ երակներում ըմբոստ արդարամիտների արյունն է հոսում, ուստի հասկանում եմ, թե ի՛նչ նյարդաթելերով է հյուսված մարդկային քո տեսակը։ Ամերիկա հասնելով՝ ծնողներս բնակություն հաստատեցին Նյու Յորքին մերձ, Վեսթլենդ գյուղում։ Բռաչափ հողակտոր գնելով՝ հայրս կառուցեց փայտաշեն մի տնակ, որն այժմ շատ անմխիթար վիճակում է։ Վաղուց ուզում էի վաճառել, սակայն լրջորեն չէի զբաղվում դրանով։ Չէի ասի, թե պայմանները դրախտային են։ Ըստ էության, տունն արժեք չի ներկայացնում, բայց հողակտորը հրաշալի մի պատառիկ է՝ ծառ ու ծաղկունքով, արագահոս գետակի պռնկին։

Ցնծության բուռն ալիքին ենթարկվելով՝ Ալեքսանդրը վեր թռավ։

– Եվ դու ինձ առաջարկում ես քո այգին ու տո՞ւնը, ճի՞շտ եմ հասկացել։

– Այո, բարեկամ։ Ցանկացողներ եղել են, իհարկե, բայց բազմաթիվ նվիրական հուշեր կան այդ տնակի հետ կապված, ուստի մերժել եմ շատերին, քանզի չեմ կարող հանդուրժել պատահական մեկի անշնորհք ներկայությունն իմ հայրական օջախում։ Բայց դու ինձ որդու պես եղար։

– Հովհաննե՜ս… Բարեկա՛մս… Ախա՜ր ի՞նչ անեմ հիմա, ինչպե՞ս փոխհատուցեմ լավությունդ։

– Իսկ դու իսկապես ցանկանո՞ւմ ես փոխհատուցել։

– Այո, ցանկանո՛ւմ եմ։

– Ուրեմն կատարիր խնդրանքս։

– Ընդամենը պիտի ասես, և կատարված կլինի։

– Հետայսու երբեք այլևս չմտածես, թե պարտք ունես վճարելու։ Մենք ընդամենը գործարք ենք իրականացնում։ Իհարկե, տունը ես քեզ մատչելի գնով եմ վաճառում, բայց այնուամենայնիվ՝ վաճառում եմ, իսկ դու գնում ես քո ապագա կացարանը։ Ուստի տեղափոխվենք գործնական փոխհարաբերությունների ոլորտ, եթե չես առարկում։

– Ես խնայողություններ ունեմ, Հովհաննես, կուտակել եմ երկար տարիներ…

– Կարող ես և մաս-մաս վճարել, քո հայեցողությանն եմ թողնում։

– Ո՛չ, բարեկամս, ո՛չ։ Եթե գումարը իմ հնարավորությունների սահմանում է, կվճարեմ անմիջապես։ Ասա, խնդրեմ, ի՞նչ գին ես նախատեսել։

– Տեսնո՞ւմ ես։- Հովհաննեսը գորովալից հայացքով էր նայում կապիտանին։- Ազնիվ, օրինավոր մարդը ճանաչվում է անմիջապես։ Ահա՛։

Սեղանից անձեռոցիկ վերցնելով՝ Հովհաննեսը գրեց թվերն ու թուղթը մեկնեց Ալեքսանդրին.

– Սա՛ է։

– Սա՞ է…- Կապիտանը տարակուսանքի մեջ էր։- Չե՞ս սխալվել։

– Իհարկե չեմ սխալվել։ Ասում եմ, չէ՞, տունը խարխուլ է, փայտաշեն, վերանորոգման խիստ կարիք ունի, ուստի հողամասի արժեքն եմ ուզում, իսկ կացարանը՝ քեզ նվեր։ Այսօր իսկ կարող ես տեղափոխվել։

Հետո նրանք վիսկի խմեցին ու գրկախառնվեցին բաժանումից առաջ։

Վերջին հանդիպումն էր։

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել