Այսօր ՀՅԴ-ն Անկախության տոնին նվիրված երթ էր կազմակերպել:
Երթի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հարցին՝ այսօր մեր անկախությանը, ինքնիշխանությանը սպառնացող ինչ-որ վտա՞նգ կա՝ պատասխանեց. «Օօօ՜, լիքը: Բերեք էս տոն օրը չխոսեմ բացասական շատ բաների մասին, շատ-շատ են»: Հարցին՝ ավելի, քան երբեւէ՞՝ նա պատասխանեց. «Չեմ ուզում համեմատության մեջ դնեմ, բայց որ այսօր կան նաեւ նոր մարտահրավերներ, որոնք նախկինում չեն եղել՝ դա ակնհայտ է»: Որպես այս տարիների ձեռքբերում՝ Արծվիկ Մինասյանը նշեց այն, որ հասարակությունն ու ժողովուրդը գիտակցել է անկախության կարեւորությունը, պետական մի շարք ինստիտուտներ կայացել են. «Անելիքներ միշտ կան եւ եթե այդ անելիքների մեջ ճիշտ չկողմնորոշվենք, կարող է կորցնենք նաեւ ձեռքբերածը»:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի կարծիքով, մեր անկախությանը սպառնացող մարտահրավերներ միշտ էլ կան, հիմա գլխավոր երկու մարտահրավեր կա՝ շրջափակված է երկիրը եւ պատերազմական վիճակում. «Օրվա իշխանությունները պարտավոր են երկիրը զարգացնել՝ չզիջելով մեր ռազմավարական շահերը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հիմա ինչ-որ բան զիջո՞ւմ ենք՝ նա պատասխանեց. «Այդ ուղղությամբ քաղաքականություն չի վարվում, խոսքով ոչինչ չեն զիջում, բայց իրականության մեջ չզիջելու համար անհրաժեշտ քաղաքականություն չի եղել»: Ռուստամյանն ասաց, որ մենք հիմա պրոբլեմներ ունենք տարբեր երկրների հետ, բայց քանի որ այսօր ուրախության օր է, դրա մասին կխոսի ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ