Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, այսօր մեր հասարակությունը փոթորկվում է ներքին անհամաձայնության բաժանարարների մի մթնոլորտում, որը սպառնալիք է մեր անկախությանը». Լիլիթ Գալստյան

Սեպտեմբեր 21,2019 23:09

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպել էին «Անկախության երթ – Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառում: Երթի ժամանակ մենք զրուցեցինք ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ:

Նա ասաց, որ այսօր մեր անկախությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգներ կան. «Նախ կուզենայի, որ այս տարիների մեծագույն ձեռքբերումները կարողանայինք գնահատել, արժեւորել, փայփայել ու գուրգուրել, դա անկախությունն է, հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումը: Լրացուցիչ պատասխանատվություն ու նոր հանձնառությունների դուռ է բացվում մեր առջեւ, ինչի համար մենք երախտապարտ պետք է լինենք այն երիտասարդներին, ովքեր անկախության համար իրենց կյանքը դրեցին անկախության զոհասեղանին: Ես հեռու եմ այն տեսակետից, թե անցնող 28 տարիների ընթացքում մենք ձեռքբերումներ չենք ունեցել: Մենք ունեցել ենք ձեռքբերումներ թե՛ մշակութային, թե՛ հոգեւոր դաշտում, տնտեսության որոշ ճյուղերում: Բայց այսօր մարտահրավերներ կան, որոնց սթափ գիտակցումը յուրաքանչյուր հայ մարդու եւ  քաղաքական ուժի պարտականությունն է»:

Արտաքին մարտահրավերներից խոսելով՝ Լիլիթ Գալստյանն ասաց. «Մեր անկախությունը նախ եւ առաջ ձեռք բերվեց արցախյան ազատամարտի հաղթանակով եւ այսօր  արցախյան ազատամարտը շարունակում է մնալ մեր պետական ազգային օրակարգի առաջնահերթությունը, դեռ չփակված ազատագրական շարժումը պետք է ամրագրենք: Ամրագրելու համար մեզ պետք է հանրային համախոհության եւ ազգային միասնականության տոկուն ու ձիգ հասարակություն: Ցավոք, այսօր մեր հասարակությունը փոթորկվում է ներքին անհամաձայնության բաժանարարների մի մթնոլորտում, որը սպառնալիք է մեր անկախությանը: Պիտի սթափ լինենք ու տեսնենք, որ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների խաչմերուկում, քաղաքական գլոբալ վերելքների խաչմերուկում պետք է կարողանանք չկորցնել մեր զգոնությունը եւ հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարենք, զոհասեղանի մասնակիցը չդառնանք ու չհատուցենք դրա համար: Մեզ շատ հավասարակշիռ արտաքին քաղաքականություն է պետք վարել՝ ազգային շահը բարձր գնահատելով: Ցավոք, արտաքին ճակատում ես այդ հանգստությունն ու խաղաղությունը չեմ տեսնում»: Լիլիթ Գալստյանն ասաց, որ ամենաանցանկալին, որ  երբեք չէր ուզենա տեղի ունենար, պետական ինստիտուտների նկատմամբ արշավանքն է:

Հարցրեցինք՝ մասնավորապես ՍԴ-ն նկատի ունե՞ք՝ նա պատասխանեց. «Ոչ միայն: Արժեզրկում է եւ անցյալը դեմոնիզացնելու վարքագիծն ուղղակի կոնստրուկտիվ չի, ոչ մի տեղ տանող չի: Բաժանարարները, սեւերն ու սպիտակները, մերոնք ու ձերոնքը հենց այդտեղ է: Լավ է,որ 2018-ի մայիսին մենք ունեցանք ազգային զարթոնքը՝ ավելի լավ Հայաստան կերտելու, մարտահրավերները դիմագրավելու, բայց , ցավոք, այսօր այն ընթացքը չի գնում, որը ցանկալի է: Ես մարտահրավերների մեջ նաեւ կուզենայի  նշել ազգային արժեքների նկատմամբ ուղղորդվող արշավանքը՝ եկեղեցին, ընտանիքը եւ այլն»: Թե ո՞ւմ կողմից է ուղղորդվում՝ նա պատասխանեց. «Քաղաքական որոշ ուժեր բացահայտորեն են անում՝ Ստամբուլյան կոնվենցիան, եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները մի՞թե չեք տեսնում»:

Ճշտեցինք, այսինքն, իշխանությունների՞ կողմից է ուղղորդվում, ըստ ձեզ՝ նա պատասխանեց. «Իշխանությունները կարող էին իրենց զսպիչ դերակատարությունն ունենալ ու հայտարարել այն արժեքները, որոնք պետք են, եթե կրթության նախարարը հոգեւորականի՝ դպրոց մտնելու կապակցությամբ այդպես է անում…Այս տոնական օրը միայն դրական պետք է լիցքավորել մեր հասարակությանը, բայց նաեւ արժեւորումն ու մարտահրավերների սթափ գնահատումը նույնպես տոնի շրջանակներում է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30