Հայաստանում նոյեմբերի 22-ից 26-ը անցկացվելու է շաշկու աշխարհի գավաթի փուլը: Այդ օրերին մեր երկիր կժամանի մարզաձեւի միջազգային կազմակերպության ղեկավար կազմը:
Այս, ինչպես նաեւ այս տարի Եվրոպայի, աշխարհի պատանիների առաջնություններում մեր երկու մարզիկների հաջողության առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը: Նրա խոսքով, հոկտեմբերին կազմակերպելու են նախընտրական մրցաշար, որին մասնակցելու եւ Աշխարհի գավաթի փուլում հանդես գալու իրավունք ձեռք բերելու համար հրավիրում են շաշկի խաղացող աշխարհի բոլոր հայերին:
Ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մկրտումյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ Հայաստանը Անթալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է թիմային 3-րդ տեղը, իսկ բոլորովին վերջերս Արփի Կնյազյանը Իզմիրում 2-րդ տեղն է գրավել պատանիների աշխարհի բլից առաջնությունում, իսկ 11-ամյա Ռաֆայել Օրդյանը Վառնայում հանդես գալով մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում դասական շաշկում դարձել է բրոնզե մեդալակիր ու լրացրել միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա:
Կարդացեք նաև
Բանախոսները նաեւ նշեցին, որ շաշկու նկատմամբ հետաքրքրությունը թեեւ տարեցտարի մեծանում է, սակայն պետությունը բացարձակ ուշադրություն չի դարձնում այս մարզաձեւին: Ավելին, շաշկու ֆեդերացիան չի ֆինանսավորվում 2003 թվականից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ