Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ չեն ցանկանում խաբված լինել, չեն ցանկանում հիասթափություն ապրել»

Սեպտեմբեր 21,2019 22:19

«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունների գործողությունները վերածվել են մեկ անձի պատկերացումների և ամբիցիաների շրջանակում տեղի ունեցող զարգացումների: Պետական և քաղաքական կառավարման տեսանկյունից դա շատ բարդ հետևանքների է բերելու»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

– Զբաղեցրած պաշտոններից հեռացան ԱԱԾ պետը, ոստիկանապետը, քաղաքական կուլիսներում եւ մամուլում խոսակցություններ կան նաեւ այլ պաշտոնյաների հրաժարականների հավանականության մասին: Բավական ուշագրավ էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գրառումը` իր հրաժարականի մասին, ըստ էության, նա խոսում էր իշխանության անկարողության եւ մակերեսայնության մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում իշխանության ներսում, ոչ վաղ անցյալում հանրային վստահության մեծ պաշարով իշխանության եկած գործիչներն ինչո՞ւ են այսօր նման կոշտ հայտարարություններով հեռանում եւ ինչո՞ւ են մեղադրվում «նախկինների» հետ համաձայնությունների մեջ:

– Ես չգիտեմ՝ ինչ համաձայնությունների մասին է խոսքը, բայց Վանեցյանի հրաժարականը և Օսիպյանի հեռանալը շատ բան է բացահայտում իշխանության ներսում առկա մթնոլորտի մասին: Ասեմ, որ իշխանությունների կադրային քաղաքականության արդյունքում ձևավորված ներիշխանական հարաբերությունները շատ տեղերում է բացասական մթնոլորտ ձևավորում: Դրա արձագանքներն արդեն երևում են նաև հրապարակային դաշտում: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունների գործողությունները վերածվել են մեկ անձի պատկերացումների և ամբիցիաների շրջանակում տեղի ունեցող զարգացումների: Պետական և քաղաքական կառավարման տեսանկյունից դա շատ բարդ հետևանքների է բերելու: Ժամանակակից աշխարհում վախի կառավարում ձևավորելը շատ բարդ ու վտանգավոր է լինելու հենց իշխանությունների համար: Մարդիկ չեն ցանկանում խաբված լինել, չեն ցանկանում հիասթափությունների մեջ լինել, մյուս կողմից էլ՝ իշխանություններն ամեն օր խոսում են ինչ-ինչ ձեռքբերումների մասին, որոնք առօրյա կյանքում սոցիալական առումով տեսանելի չեն: Ոչ մեկի կյանքը չի փոխվել այնպես, որ ասենք, ա՛յ այս ոլորտում կեցցե՛ն իշխանությունները՝ մեկ ու կես տարվա ընթացքում բարելավվել են կամ առկա հարցերն են լուծել: Ժամանակն այլևս չի աշխատում իշխանությունների օգտին, և պետք է ոչ թե մարդ բռնել ու իրավական առումով խիստ վիճելի մեղադրանքներ սահմանել (խոսքս չի վերաբերում ապացուցված կոռուպցիոներներին), այլ պետք է աշխատել, կարգի բերել ներիշխանական քաոսի պայմաններում ձևավորված օրենսդիր ու գործադիր իշխանությունները:

– Այս ամենի արդյունքում ի՞նչ քաղաքական վերադասավորումներ եք տեսնում: Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն էլ չբացառեց արտահերթ ընտրությունների հավանականությունը. մենք կրկին արտահերթ ընտրությունների շեմի՞ն ենք: «Հակահեղափոխական» որակված ուժերի դերակատարումն այս ամենում՝ դոմինա՞նտ:

– Խորհրդարանական կառավարումը բոլոր երկրներում էլ ենթադրում է արտահերթ ընտրությունների հնարավորություն՝ եթե չկա մեծամասնության լիարժեք աջակցություն: Տեսականորեն, այն կարող է ցանկացած պահի տեղի ունենալ: Կայունություն է անհրաժեշտ ստեղծել, իսկ կայունությունը ենթադրում է հասարակության համախմբում, ոչ թե տարանջատում «սևերի» ու «սպիտակների», «հների» ու «նորերի», «նախկինի» ու «ներկայի», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» և այլն: Փաշինյանի կառավարությունը չի գիտակցում, թե այս տեմպերով ինչպիսի մեծ հակադրություն է ձևավորում երկրում: Սա անվերջ շղթայի է բերելու: Ուրիշներին մեղադրելով՝ սեփական քայլերն արդարացնելը ոչ մի իշխանության համար հիմնավորում չի կարող լինել: Ցանկացած հանիրավի մեղադրանք քաղաքականացվելու է և առաջ է բերելու դիմադրողականության նոր ալիքներ՝ ինչպես իշխանության մեջ, այնպես էլ հասարակության: Իսկ անվտանգային խնդիր ունեցող պետության համար հասարակության բաժանումները բազմակի վտանգավոր են դիտվում: Այս տեմպերով Փաշինյանը կորցնելու է մեծամասնության աջակցությունը, եթե չասենք, որ արդեն այն զգալիորեն մաշել է:

– Ամուլսարի խնդրին ինչպե՞ս եք վերաբերվում, այս իրադարձություններում այդ խնդրի հետքը տեսնո՞ւմ եք, այդ հանքի շահագործման որոշումը կարո՞ղ է «մնալ իշխանության կոկորդին»:

– Ամուլսարի շահագործման հարցում պետք է լինի լիարժեք վստահություն, կարծում եմ, որ իշխանությունները դա կստանան և միայն այդ պարագայում այն կիրականացնեն: Ամեն դեպքում դա շատ նուրբ հարց է, որը նաև մեր իշխանության տարիների օրակարգում է եղել: Մի կողմից բնապահպանական հարց է, որն իրոք մտահոգիչ կարող է լինել, եթե չպահպանվեն շահագործման նորմերը, իսկ մյուս կողմից՝ տնտեսական և ներդրումային խոշոր նախագիծ է, որը կարող է զգալիորեն ավելացնել պետության տնտեսական պոտենցիալը:

– Հրաժարականների շքերթի համատեքստում կամ դրանից անկախ` բավական ուշագրավ էր եւ քննարկման տեղիք տվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության` առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, համաձայն որի՝ ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի պաշտոնները քաղաքական են դառնում: Թե ԼՀԿ-ի, թե իշխող ուժի ներկայացուցիչները սուպերվարչապետության մոլի քննադատներն էին, ինչո՞ւ է հիմա առավել ամրապնդվում այս ինստիտուտը:

– Եթե մենք ունենայինք նորմալ, պրոֆեսիոնալ կազմով, քաղաքականապես ադեկվատ և պետության զարգացման հստակ ծրագիր ունեցող իշխանություններ, գուցե այդ հարցը մեծ հնչեղություն չստանար: Սակայն այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, վկայում է, որ իշխանությունները քաղաքականացնելով այդ պաշտոնները՝ ունեն մեկ նպատակ: Լիարժեք ծառայեցնել այդ համակարգերի ուժերը բացառապես իրենց նեղ խմբային շահերի ու ամբիցիաների համար: Դա մահակ է լինելու ներքաղաքական զարգացումների վրա:

– Հոկտեմբերի սկզբին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ խորհրդի նիստը, որին մասնակցելու են անդամ երկրների, նաեւ այլ երկրների առաջին դեմքերը. Ի՞նչ ակնկալիքներ եւ սպասելիքներ պետք է ունենալ, մանավանդ, նիստը կայանալու է Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ այցից հետո: Այս երկու իրադարձություններում փոխկապակցված խնդիրներ, ինտրիգներ կա՞ն:

– ԵԱՏՄ նիստի անցկացման մեջ ինտրիգներ փնտրելու կարիք չկա: Նիստն արարողակարգային է, և Հայաստանն այն հյուրընկալում է, որպես ԵԱՏՄ նախագահող երկիր: Խնդիրն այն է, որ Փաշինյանի կառավարությունն իր անհասկանալի կեցվածքով ու հակառուսական տրամադրություններ սերմանող կադրերով բարդացնելու է Հայաստանի ակնկալիքները ԵԱՏՄ հսկայական շուկայում: Իմ տպավորությամբ, տարբեր պատճառներով խախտվում են նաև ՀՀ արտաքին քաղաքականության բալանսները:

ԱՄՆ այց, որպես այդպիսին, չկա: Կա ՄԱԿ-ի ասամբլեայի ամենամյա նիստ, որին և մեկնում են մասնակցելու: ԱՄՆ կառավարությունը ևս չի կողմնորոշվում, թե «ի՞նչ լեզվով խոսի» Փաշինյանի հետ, հետևաբար նաև երկկողմ հանդիպումներ չեն լինելու երկխոսության օրակարգի բացակայության պատճառներով: Այցի առանցքը մնալու է սփյուռքյան կառույցների կազմակերպած միտինգը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որը բացի ծափահարություններից ու օվացիաներից՝ որևէ շոշափելի բան չի ավելացնելու Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության ակտիվներին:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

21-ը սեպտեմբերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նորություն ասած չեմ լինի,որ կրկնեմ՝ բոլորս անցողիկ ենք այս կյանքում՛ մարդու արած գործն է մնում միշտ անմահ: Վատ չի, որ Դուք բոլորով Ձեր կողմից ( կուզեք- կուսակցություն, խմբավորում, թիմ,շրջապատ) ներկայացնում եք ծրագրեր , տեսակետներ ում ոնց հարմար է,իսկ տուժողը ժողովուրդն է: Պատերազմից հետո աթոռակռիվն ու փողը սահման չունեն՛խառնաշփոթ,խաբեբայություն,կենսագրության կեղծում՝ահա այն ամենը,որով հնարավոր չէ երկիր պահել: Մինչև անկախությունը ունեինք այսպիսի մի հասկացողություն՝երկրի հարստությունը ժողովրդինն է և ուր կորավ այդ հարստություը…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30