Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա՞ էր Արամի երազած Հայաստանը, որտեղ կազմաքանդվում են պետական ինստիտուտները». ՀՅԴ-ականների նախատինքը վարչապետին՝ Անկախության տոնին

Սեպտեմբեր 21,2019 21:37

Այսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպել էին «Անկախության երթ – Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառում: Այն մեկնարկեց Մատենադարանի մոտից, մասնակիցները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, որի մոտ տեղի տոնական համերգ եղավ:

Մինչ այդ ՀՅԴ-ականները ծաղկեպսակ դրեցին Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ:

ARF Youth and ARF ‘Nikol Aghbalyan’ student unions hold a march under the title of ‘Independence March – Our Homeland’ in the streets of Yerevan, Armenia

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նախագահ Արգիշտի Գեւորգյանն իր ելույթում ասաց. «Այսօր Հայաստանում մեծանում է սերունդ, որը Հայաստանն այլ կերպ, քան անկախ լինելն է, չի պատկերացնում: Մեր անկախացումը շաղախվեց մեր լավագույն տղաների արյամբ, իսկ այսօր մեր հայրենիքի զարգացումը պետք է պայմանավորվի մեր խելքի եւ մտքի թռիչքով: Իշխանությունները, ժամանակավոր քաղաքական ինտրիգները անցողիկ են, մնայունը հայ ժողովուրդն ու հայոց պետականությունն են: Այս ճանապարհին ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն այլընտրանք չունի: Մեր երազած պետությունը կերտելու ենք մենք, մենք ենք մեր հայրենիքի հույսը, ապագան, մենք ենք մեր անկախության պաշտպանները»:

ARF Youth and ARF ‘Nikol Aghbalyan’ student unions hold a march under the title of ‘Independence March – Our Homeland’ in the streets of Yerevan, Armenia

Իսկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս 28 տարիներին ունեցել ենք խոշոր ձեռքբերումներ եւ ազատագրված Արցախն առաջիններից է. «Արցախի հանրապետության գոյության փաստն իրողություն է, որի հետ շուտ թե ուշ ողջ աշխարհը հաշվի է նստելու: Այդ հաղթանակը գին ունի՝ այն նվաճել ենք մեր համազգային աննահանջ նվիրումի, մեր ժողովրդի հերոս զավակների արյան ու սխրանքի գնով: Այդ հաղթանակի հետագա ամրագրումն ու միջազգային ճանաչումը շարունակում եւ շարունակելու են մնալ համազգային օրակարգի առաջնահերթությունը»:

Խոսելով այլ ձեռքբերումների մասին՝ Սաղաթելյանն ասաց, որ անկախ պետականության ինստիտուտներ են ձեւավորվել մեր երկրում, կամավորական ջոկատների հենքի վրա ձեւավորվել ու կայացել է մեր հաղթական բանակը, որոշակի ձեռքբերումներ ենք ունեցել տնտեսության տարբեր ճյուղերում, գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում. «Անկախության օրը միայն միմյանց շնորհավորելու եւ ձեռքբերումների մասին խոսելու համար չէ: Պետք է խոսենք մեր չարածների եւ շարունակվող սխալների մասին: Անցնող 28 տարիների ընթացքում մենք չենք կարողացել ստեղծել համերաշխ հասարակություն, զարգացած տնտեսություն, արդար պետական եւ արդյունավետ կառավարման համակարգ եւ ամենակարեւորը՝ չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելությունն ու չարությունը վերացնել, համախմբել հայ ժողովրդին եւ ստեղծել ազգային պետություն: Հավանաբար հենց դա էր պատճառը, որ 2018 թվականի ապրիլին մեր հասարակությունը դուրս եկավ փողոց, ձեւավորեց նոր իշխանություն եւ շատ հստակ հասարակությունը նոր եւ կտրուկ փոփոխությունների պահանջ ներկայացրեց նոր իշխանությանը: Մեկուկես տարի առաջ այս վայրում ՀՀ հիմնադիր Արամ Մանուկյանի հուշակոթողի բացմանը ՀՀ նոր վարչապետը խոստացավ կառուցել Արամի երազած Հայաստանը, խոստացավ շարունակել Արամի առաքելությունը, խոստացավ լինել Արամին արժանի, խոստացավ ամեն անգամ այստեղով անցնելիս պարզ, ուղիղ, շիտակ նայել Արամի աչքերին: Հիմա հարց եմ ուզում ձեզ տալ՝ արդյոք սա՞ էր Արամի երազած Հայաստանը: Սա՞ էր Արամի երազած Հայաստանը, որտեղ կազմաքանդվում են պետական ինստիտուտները, Հայաստան, որտեղ իշխանության քմահաճույքով մարդը կարող է մեկ գիշերվա մեջ դառնալ դավաճան, կամ հակառակը՝ դավաճանից վերածվել ազգային հերոսի: Հայաստան, որտեղ հասարակական անվստահության, ներքին անկայունության պատճառով երկիրը նետում է ճգնաժամի մեջ, իսկ հանրության շրջանում ձեւավորվող ներքին ատելությունն ու հասարակական բեւեռացումը գնալով դառնում վտանգավոր: Մենք այսօր հայտարարում ենք, որ Արամի երազած Հայաստանը կառուցելու ճանապարհով չենք գնում»:

Նա ասաց, որ Արամ Մանուկյանի երազանքը հայության համախմբումն էր, ոչ թե անցյալի մղձավանջում մնացող Հայաստանն է, այլ ներկայի եւ ապագայի հզոր Հայաստանը. «Անցյալը ջնջելով՝ նորը չես կառուցի: Անցյալը՝ լավ, թե վատ, բոլորինս է, անցյալի սխալներից պետք է դասեր քաղել՝ այն չկրկնելու համար, պետք է նայել առաջ, այսօր պետք է գործել ոչ թե հանուն անցյալի իբր մաքրագործման, այլ հանուն ներկայի, հանուն ապագայի, պատմության ձեռքբերումները մեկ անգամ եւս արժեւորելու եւ այս երկիրն առաջ տանելու: Չկան հին եւ նոր Հայաստաններ, կա մեկ Հայաստան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30