Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ»․ Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Սեպտեմբեր 21,2019 20:06

Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն այսօր Գյումրիում, անդրադառնալով  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի օրերս հնչեցրած այն սպառնալիքներին, թե Նիկոլ Փաշինյանի հետ ռազմի դաշտում  կպարզեն «Արցախը Հայաստան է և վերջ» հարցն, ասաց․ «Ընդհանրապես պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ, ո՞նց կարելի է երազել պատերազմի մասին։ Այն բոլոր ուժերը, որոնք երազել են պատերազմի մասին, ասենք՝ վերցնենք երկրորդ աշխարհամարտը,  Հիտլերն ինչքան էր հրճվում, Առաջին աշխարահամարտի նախօրեին բոլորը հրճվում էին պատերազմից, իրենք գիտեին պատերազմը լավ բան է։ Տեսաք՝ ինչի դա բերեց։

Այսպիսի հայտարարություններն, այնուամենայնիվ, մենք շատ լուրջ պետք է ընդունենք, որովհետև չի բացառվում, որ Ադրբեջանն հիմա անցնի ահաբեկչական այլ քաղաքականության․ փորձի առևանգել հայերին արտասահմանում, մեր երգիչներին, չգիտեմ քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, հետո կրկին անգամ փորձի այդ փոխանակման այլասերված տարբերակն առաջարկի․ այդ ահաբեկիչներին և հանցագործներին փոխանակի պատանդ գտնվող մեր հայ մարդկանց հետ։ Սա բացառված չէ, մենք պետք է շատ լուրջ վերաբերենք այդ հարցերին»։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝  «Արցախը Հայաստան է և վերջ», Դավիթ Բաբայանն այսպես արձագանքեց․ «Իսկ ո՞վ  չի ուզում, որ պաշտոնապես մենք դարձնենք մեկ միասնական պետություն, բայց դրա համար ձև կա, ժամանակ կա, և այն բոլոր մարդիկը չեն, որ գոռգոռում են՝ Արցախը մարզ է, այսօր էլ մեկը գոռաց, էս մեկը, էն մեկը․․․ Հասկանում եք, մենք ունենք այս պահի դրությամբ, հատկապես խորհրդանշական օրն եմ ուզում  նշել, սեպտեմբերին երկու կարևոր իրադարձություն, դա Արցախի Հանրապետության հռչակումն  է և Հայաստանի Հանրապետության  անկախությունը։

Այս պահի դրությամբ այդպես է ստացվել, մենք չենք ընտրել այդ ճանապարհը, պարտադրված է ինչ-որ ձև, միջազգային տարբեր  զարգացումներով՝ աշխարհաքաղաքական։  Ունենք երկու պետության, բայց մեկ ընդհանուր  հայրենիք և մեր նպատակն է, որպեսզի  երկու պետությունը դառնա մեկ պետություն, ասենք ունենանք մեկ ընդհանուր հայրենիք  և մեկ պետություն։ Դրանք մենք հասնելու ենք ուշ, թե շուտ, բայց դրա համար պետք է լավ աշխատենք, միասնական լինենք։ Գիտեք, մենք այն երկիրն ենք, որ պարտավոր ենք ճկուն լինել, պարտավոր ենք ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել։

Եթե մենք խոսում ենք ու ասում ենք՝ Արցախը Հայաստանի մարզ է, մենք Հայաստանին դնում ենք սարսափելի ծանր իրավիճակի մեջ, թիրախավորում ենք, մի բան է, որ զգացմունքային՝, այո Արցախն էլ է Հայաստան, Հայոց Երկրի մի մասն է,  բայց Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն չէ  դեռևս։ Միգուցե ժամանակ կգա և կունենանք մեկ ընդհանուր պետություն, ես էլ  եմ դրա մասին երազում և կարծում եմ, որ օրինակ մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախի դրոշը։  Եվ ոչ թե դա Արցախինն է, այլ որովհետև խորհրդանշում է  ազատագրված հայրենիքը և ազատագրվելիք։  Իսկ Հայոց լեռնաշխարհը շատ ավելի մեծ է, դա խորհրդանշում է  Հայրենքը և Սփյուռքը։ Այս պահի  դրությամբ Սփուռքն ավելի շատ է, քան հայրենիքում ապրող մարդիկ, այդպես է ստացվել։ Այսինքն նման բաների մասին կարելի է մտածել, խոսել, բայց անպատասխանատու բաներ խոսել , գալ, պատռել, ինչ-որ  չգիտեմ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել  Արցախի նկատմամբ, որևէ մեկին թույլատրելի չէ։ Այս անկախության համար, մեր պետության համար արյուն են թափել մեր ժողովրդի լավագույն զավակները  և պատրաստ ենք էլի թափել արյուն, մենք պետք է  շատ խելացի լինենք, շատ ճկուն լինենք, համախմբված լինենք, որպեսզի կարողանանք հաղթել, հնարավորություն ունենք հաղթելու»։

Ճշտող հարցին՝ ձեր ասածը Նիկոլ Փաշինյանին է ուղղվա՞ծ, Դավիթ Բաբայանն ասաց․ «Չէ,այնուհետ մեկնաբանություն եղավ․ դա եղել է զգացմունքային, որ սա Հայոց աշխարհի մի մասն է, այս օր էլ դուք տեսաք, որ ինքը դիմում է Արցախի Հանրապետության նախագահ, որ ամեն տեղ օգտագործում է Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, ես խոսում եմ  առհասարակ։ Օրինակ՝ Ադրբեջանն ասում է՝ Արցախը օկուպացված տարածք է, կան մարդիկ, ովքեր նույնն են ասում, Հախվերդյանն ասում է՝ ղարաբաղցիները թուրք են, Զոյա Թադևոսյանն ասում է՝ այդ տարածքները մերը չեն, էդ ովքե՞ր են էդ մարդիկ, ադրբեջանցի՞ են, հայ են չէ՞․․․ Վերջապես մի մոռացեք, որ մեր ազգը սուրբ ազգ է, ընտրյալ է , բայց կան նաև խնդիրներ ներսում և մեր բոլոր պարտությունները եղել են այդ անհամախմբության արդյունք»։

Դավիթ Բաբայանը նաև անդրադարձավ ՀՀ իշխանությունների հետ եղած անհամաձայնություններին, նշելով․ « Անհամաձայնությունը չի նշանակում թշնամանք։ Անհամաձայնությունը դա տարբեր կարծիքներ են, ցանկացած նորմալ  երկրում պետք է լինեն տարբեր կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք թշնամի մեկս մյուսիս։ Մենք իրավունք չունենք և որևէ մեկը իրավունք չունի, ով ուզում է լինի, ինչ պաշտոն ուզում է զբաղեցնի։ Սա իրենց քմահաճույքը չէ, Ղարաբաղում այսպիսի ասացվածք կա՝  հոր տունը չէ։ Բոլորը պետք է այնպես անեն, որ միասնականություն լինի, պաշտոնական Երևանը պարտավոր է պաշտոնական Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ, նույնը պաշտոնական Ստեփանակերտը պարտավոր է պաշտոնական Երևանի հետ ունենալ  նորմալ հարաբերություններ։ Անհամաձայնությունները կարող են տարբեր լինել, բայց սկզբունքային անհամաձայնություն Արցախի ապագայի վերաբերյալ, այդպիսի բան չկա»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30