ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրու «Սև Բերդ» ամրոցում ՀՀ Անկախության տոնին կազմակերպված «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ նշեց, որ առաջին ու ամենամեծ հերոսները սահմանին կանգնած մեր զինվորներն ու սպաներն են։ Ըստ վարչապետի, մենք խնդիր ունենք անընդհատ նոր հերոսների կերտելու։
«Այսօրվա մրցանակաբաշխությունը և այսօրվա իրադարձությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին է։ Մենք այսօր հարգանքի և մեծարանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու նրա կարողությանը։ Նոր Հայաստանի ամենակարևոր առանձնահատկությունը սա է, որ մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսների։ Ընդհանրապես Հայաստանում միշտ եղել է այդ հարցը, թե ո՞վ է հերոսը Հայաստանի Հանրապետությունում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները։ Այս հարցը սովորաբար մի պատասխան չի ունենում, աներկբա է, որ առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին, մեր սպաները, մեր զինված ուժերը , մեր գեներալները», -ասաց վարչապետը։
Նա նաև նշեց, որ մեր բոլոր ժամանակների հերոսներն են մեր ժողովրդի արվեստն ու մշակույթը ստեղծած մարդիկ, գիտնականները, բազմաթիվ պետական ու քաղաքական գործիչներ։
«Բայց Նոր Հայաստանում Նոր Հայաստանի կերպարն ամբողջացնելու համար հարկավոր էր նաև հերոսական մեր համայնքապատկերին ևս մի կարևոր շտրիխ ավելացնել, դա աշխատող և արարող մարդու կերպարն է։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ունեն համարձակություն տնօրինել իրենց ճակատագիրը։ Նրանք այն մարդիենկ , ովքեր ունեն համարձակություն իրենց ձեռքը վերցնել իրենց և հայրենիքի ճակատագրի ղեկը։ Նրանք այն մարդիկ են, ովքեր չեն սպասում որևէ մեկից որևէ բան ստանալ, նրանք պատրաստ են տալ, կիսվել իրենց տաղանդով, իրենց գիտելիքով, իրենց հմտություններով՝ կառուցելով իրենք իրենց ընտանիքի, ուրիշների, հայրենիքի բարեկեցությունը։
Կարդացեք նաև
Մենք քաղաքական հեղափոխությունը սկսել ենք, իրականացրել ենք և նախապատրաստել ենք մի կարգախոսով, մենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ասել ենք՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես։
Եվ մենք այսօր՝ տնտեսական հեղափոխության այս շրջանում նույն ուղերձն ենք հղում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ մեր երկրի բարեկեցությունը, մեր երկրի տնտեսական զարգացածությունը, մեր բանակի հզորությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է։ Պետք չէ մոռանալ, որ մեր բանակն ամուր է իր թիկունքով, բանակն ամուր է տնտեսությամբ, բանակն ամուր է աշխատանքով։ Բանակն ամուր է բարեկեցիկ ժողովրդով և մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի բարեկեցիկ քաղաքացիների երկիր։ Եվ Հայաստանի Հանրապետությունը լինելու է բարեկեցիկ քաղաքացիների երկիր, որտեղ մարդիկ ունեն բավարար ինքնագնահատական, մարդիկ բավարար չափով հավատում են իրենք իրենց ուժերին և իրենց սեփական ձեռքերով կառուցում են իրենց, իրենց ընտանիքների, իրենց միջավայրի և իրենց հայրենիքի բարեկեցիկ ներկան։ Եվ բարեկեցությունը բավարար է, որ արդեն լինի ապագա, բարեկեցությունն արդեն պետք է լինի ներկան։ Եվ այս միջոցառումը հենց այդ բարեկեցիկ ներկայի մասին է, որը մենք ոչ թե կերտելու ենք, մենք կերտում ենք, և կերտում են մեր ժամանակների հերոսները»։ Վարչապետը նշեց, որ անչափ դժվար էր 45 հավակնորդներից 13-ին ընտրելը, քանի որ բոլորը հերոսներ են։
«Ես խոնարհվում եմ այն մարդկանց առջև, որոնք գիտեն՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը իրենք են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նա մրցանակը հանձնեց Ռիտա Մարտիրոսյանին, որը քաղաքից գյուղ է տեղափոխվել թեյերի արտադրությամբ զբաղվելու համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ