Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը Վանեցյանին ակնարկում է. «Պատմեք դեկտեմբերյան ընտրությունների ներքին խոհանոցի մասին»

Սեպտեմբեր 21,2019 16:47

«Զարմանալի չէ, որ նոր կառավարության ներսում նման ցնցումային կադրային փոփոխություններ են լինում: Դա նշանակում է, որ կառավարության որակն ի սկզբանե եղել է ոչ ցանկալի եւ ոչ համարժեք երկրի խնդիրներին, ինչը Վանեցյանի դեպքում ասել չեմ կարող, որովհետեւ նա կադրային սպա է, իսկ ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, Նիկոլ Փաշինյանի մոտ հետապնդման խորացող եւ դավադրությունների տեսություններին համարժեք նոր վիճակ եմ տեսնում՝ գուցե արտաքին քաղաքական զարգացումներին համարժեք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանին, հայտարարեց ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա գնահատմամբ. «ՀՀ արտաքին քաղաքականության փոփոխության ռիսկ է առկա, որը մտահոգիչ է նրանց համար, ովքեր հասկանում են, որ հայ-ռուսական հարաբերությունները մեր անվտանգությունում ունեն հենասյունային նշանակություն»: Դառնալով ԱԱԾ նախկին ղեկավարին՝ ՀՀԿ փոխնախագահը նկատեց. «Գուցե ընդդիմադիր դաշտում եղել են մարդիկ, որոնք հրճվել են Վանեցյանի հրաժարականով: Վանեցյանի քաղաքական ծրագրերի մասին չգիտեմ, եւ դա բնական է: Բայց եթե նա կուզենա քաղաքական դաշտում դիրքավորվել (իսկ իր հայտարարությունն այդպիսին էր, դա հայտ էր. շախմատի կանոնով՝ ձեռք է տվել, ուրեմն պետք է խաղա, իսկ «սեւ»-ով, թե «սպիտակ»-ով՝ իր որոշելիքն է, մինչ այդ չորս հարցի պատասխան եմ ակնկալում՝ ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի հոգեբանական վիճակը, ինչպե՞ս է գնահատում գործող իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում, ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Ռուսաստանի հարցում եւ արդյոք Փաշինյանը Վանեցյանին տվե՞լ է հանձնարարականներ՝ քաղաքական ընդդիմադիրների հանդեպ գաղտնալսումներ եւ ապօրինի գործողություններ իրականացնելու: Մի հարց էլ ավելացնեմ՝ ե՞րբ է պատրաստվում պարոն Վանեցյանը պատմել նախորդ տարվա դեկտեմբերյան ընտրությունների ներքին խոհանոցի մասին: Սա բոնուսային հարց է, որի պարագայում Վանեցյանը կարող է օգտակար լինել»:

Արմեն Աշոտյանը չհստակեցրեց, թե ինչ «ներքին խոհանոցի» մասին է խոսքը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30