ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքեր ուղարկելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:
Թրամփը նման որոշում է ընդունել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո: Էսպերը հաստատել է՝ Վաշինգտոնը շարունակում է կարծել, որ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների մեջ ներգրավված է Իրանը:
Էսպերի խոսքով՝ տեղի ունեցածից հետո Սաուդիան Արաբիան և ԱՄԷ-ն միջազգային աջակցություն են խնդրել՝ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար: «Ամերիկյան ուժերը կատարելու են պաշտպանական առաջադրանքներ: Նրանք հիմնականում կկենտրոնանան հակաօդային և հակահրթիռային պաշտպանության վրա»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը` միևնույն ժամանակ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ զորակազմը կարող է ավելի ընդլայնվել:
Էսպերը չի հստակեցրել զինվորների թիվը, միայն նշել է, որ խոսքը «հազարավոր» զինվորներ ուղարկելու մասին չէ: