Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ հեղափոխության կադրերին խժռում են հեղափոխության մյուս զավակները․ «Փաստ»

Սեպտեմբեր 21,2019 13:01
Հրաժարականների և պաշտոնանկությունների գործընթացը նորմալ կդիտվեր այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենար կայուն կառավարման համակարգ: Այս կարծիքին է հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը, որն այս առումով մի քանի գործոններ է առանձնացնում:
«Հիմա մեզ մոտ անորոշությունների բարձր մակարդակ կա, ու իշխող ուժը որոշումների կայացման ամբողջ գործընթացը կենտրոնացրել է մեկ ձեռքում: Բացի այդ, իրենց տեսակետից տարբերվող այլ կարծիք չեն ընդունում, ուստի նման կոնֆլիկտ է առաջանում, որը նաև սրվում է: Այդ իրավիճակը հանգեցնում է հրաժարականների և պաշտոնանկությունների հախուռն ընթացքի, ինչն իր հերթին ապացուցում է, որ իշխող ուժն ամբողջությամբ ռեպրեսիայի է ենթարկում ուժային կառույցներին, դատաիրավական ու քաղաքական համակարգերին: Նման ճնշումների ներքո մարդը չի կարող աշխատել:Պրոֆեսիոնալ մասնագետները չեն կարող աշխատել նման պայմաններում, այդ պատճառով հրաժարականները տրամաբանական են, և այդ շղթան դեռ կարող է շարունակվել՝ նորանոր զարգացումներով»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սերոբյանը:

Նրա խոսքով, հրաժարականներն ու պաշտոնանկությունները կարող էին նաև դրական ազդեցություն ունենալ, բայց միայն այն դեպքում, երբ ճիշտ մասնագետը ճիշտ տեղում չլիներ.

«Օրինակ՝ Արթուր Վանեցյանն ամեն դեպքում այդ համակարգից էր, բացի այդ, հեղափոխության ամբողջ կերպարի մեջ ժողովուրդը նրան ընդունում էր ու սիրում: Հիմա, փաստորեն, իրենց կարկառուն ներկայացուցիչներից մեկը հրաժարական է տալիս, ինչը նաև մտածելու տեղիք է տալիս, թեպետ նրա տեքստի բովանդակությունն ամեն ինչ ասում է, որ ինչ-որ կարևոր կոնֆլիկտ է եղել, համաձայն որի՝ Ն. Փաշինյանի հետ աշխատելն անհնար է եղել:

Մեծ հաշվով, այսպես ասենք, ստացվում է, որ հեղափոխության կադրերին խժռում են հեղափոխության մյուս զավակները: Իսկ իշխող քաղաքական ուժն ամեն կերպ պահում է իր գոյությունը՝ չնայած բազմիցս է նշվել վարկանիշի անկման մասին: Նման կարկառուն ներկայացուցիչների հրաժարականներն ու պաշտոնանկությունները կրկին վարկանիշի որոշակի տոկոսի անկման են հանգեցնելու»: Խնդիրը դիտարկելով ավելի գլոբալ համատեքստում՝ մեր զրուցակիցը նկատեց.

«Որքան էլ փոխեն կադրերին, միևնույն է, նպատակները, գաղափարախոսությունը և ուղղվածությունը չի փոխվում. երբ տիրում է տոտալիտար համակարգ, տոտալ վերահսկողություն, և այդ համակարգի մեջ բազմակարծությունը խեղճացվում է, ապա այդ համակարգը երկար չի կարող գոյատևել:

Պետական կառավարման համակարգն ամբողջությամբ խեղաթյուրվել է թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ: Նույն կադրային քաղաքականությունը պետք է իրականացվեր մերիտոկրատիայի սկզբունքի հիման վրա. այսինքն՝ կադրերը պետք է ընտրվեին ըստ արժանիքների և գիտելիքի: Բայց ընտրության չափորոշիչները «ով քայլել է», «ով ճանապարհ է փակել», «ով ծանոթ-բարեկամ է» սկզբունքներն են եղել: Այդ հանգամանքներն են հնարավորություն տվել նշանակվել այս կամ այն պաշտոնում, որտեղ նրանք չեն փայլել իրենց պրոֆեսիոնալիզմով, հմտությամբ և ոչ էլ սովորելու ունակությամբ:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30