Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այդ մասին երեկ գրեցին ռուսական լրատվամիջոցները՝ մասնավորապես RTVI լրատվական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Էներգետիկ և անվտանգության գծով փորձագետ Վահե Դավթյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական կողմի հնարավոր մտադրություններին՝ պայմանագրի խզմանը և դրանից բխող հետևանքներին, նկատեց, որ Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման պայմանագրի հնարավոր խզման մասին լուրերը, ինչպես նաև ՌԴ տրանսպորտի փոխնախարարի կոշտ հռետորաբանությունը ամբողջությամբ տեղավորվում են հայ-ռուսական հարաբերություններում տիրող ու արդեն անվտանգային համակարգերի վրա անդրադարձող ճգնաժամի վրա: ««Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուրս գալը հայաստանյան շուկայից, հսկայական ներդրումային ծրագրի ($572 մլն) դադարեցումն օրգանապես հանգեցնելու է Հայաստանի երկաթուղային համակարգի պարալիզացմանը, ապա նաև ընդհանուր ներդրումային միջավայրի վատթարացմանը: Ճիշտ է, վերջին տարիներին երկաթուղու անտաղանդ ու անպատասխանատու կառավարման արմատացած ավանդույթները ևս զգալիորեն նպաստել են ճգնաժամի առաջացմանը:
Դավթյանի խոսքերով՝ դիցուկ, կոնցեսիոն պայմանագիրն իսկապես խզվում է, ապա ստեղծվում է մի իրավիճակ, որում.
1. Հայաստանի երկաթուղին մնում է առանց շարժակազմի: Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ դեռ 2008 թ. ռուսական ընկերությունը ձեռք է բերել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի ամբողջ շարժակազմը՝ ավելի քան 2000 բեռնատար և 58 ուղևորատար վագոն, 85 լոկոմոտիվ և 30 էլեկտրագնացք: Սա նշանակում է, որ հայկական կողմը ստիպված կլինի կամ գնել նոր շարժակազմ (գուցե հետ գնել ժամանակին վաճառվածը), ինչի համար դժվար թե համապատասխան միջոցներ գտնվեն, կամ էլ վարձակալել նույն շարժակազմը, ինչը բացասաբար կազդի փոխադրումների սակագների վրա: Արդյունքում՝ ավելի թանկ ցորեն ու հացահատիկ, ավելի թանկ բենզին ու դիզվառելիք և այն:
2. Հայաստանի երկաթուղու շուրջ 3000-անոց կոլեկտիվը կկանգնի կամ կրճատման կամ էլ, լավագույն դեպքում, աշխատավարձերի արմատական վերանայման փաստի առջև: Լինելով վնասով աշխատող տնտեսվարող՝ ՀԿԵ-ն իր աշխատակիցներին աշխատավարձով է ապահովում ներդրումային ֆոնդից, ինչը հակասում է կոնցեսիոն պայմանագրով սահմանված բիզնես մոդելին: Եվ այս իմաստով պատահական չէ, որ ներդրումները չեն բերել համակարգի համալիր զարգացմանը: Պարզապես նախկինում իշխանությունները այս խնդրի վրա աչք էին փակում, ինչն առավելապես պայմանավորված էր քաղաքական նկատառումներով: Ներկայումս էլ տվյալ խնդրի լուծումն իշխանությունները փնտրում են միմիայն «բռնեմ-փակեմ» տրամաբանության մեջ:
3. Վերանում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ ռազմավարական նշանակության առանցքային հարթակներից մեկը: Ենթակառուցվածք լինելուց բացի՝ երկաթուղին նաև քաղաքական երկխոսության ապահովման կարևոր կոմունիկացիոն միջոց է: Ընդ որում՝ կոնսերվատիվ միջոց, որի խնդիրները անհրաժեշտ է լուծել ոչ թե դրանք թմբկահարելով ու միջպետական օրակարգ բերելով, այլև քողարկված՝ ապաքաղաքական ու բացառապես տեխնոկրատական միջոցներով։
Հայաստանի կառավարությունը, թերևս, մեծ անելիք ունի այս մասով, և առաջիկայում՝ հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ հարցը թերևս կդառնա քննարկման առարկա։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում