«Ա1+» – Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից 28 տարի հետո նույնպես մեր երկիրը շարունակում է գտնվել Ռուսաստանի ազդեցության ներքո։ «Ա1+»-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանն ունի ՌԴ-ի նկատմամբ պակաս զիջող լինելու հնարավորությունները, բայց դրանք մինչև օրս չի օգտագործում։ «Մենք ունենք բավականին մեծ նշանակություն թե աշխարհում, թե տարածաշրջանում, հանգիստ կարող ենք դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարել, ինչը չենք անում։ Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ դա չի արվում, քանի որ վախ կա, թե հետհեղափոխական շրջանում դժվար կլինի ապակայունացնող միջամտություններին դիմակայելը»,- ասում է նա։
Իսկ ապակայունացնող միջամտություն նա համարում է, օրինակ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանի ծնունդը շնորհավորելը։ «Կրեմլի իշխանությունը չի կարող չիմանալ, թե իրականում ինչ վերաբերմունք կա Քոչարյանի նկատմամբ մեր հասարակության մոտ։ Բայց բացահայտորեն ոտնահարելով այդ վերաբերմունքը՝ երկրորդ անգամ բանտում նստած մարդու ծնունդն է շնորհավորում։ Եթե ոչ՝ միջամտություն, ապա ի՞նչ է դա»,- հարցնում է Կարապետ Ռուբինյանը։
Վերջինս համոզված է, որ ՌԴ իշխանությունները ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ համակրանք չունեն, քանի որ մեր երկիրը նրանց օրոք դարձել է ժողովրդավար։ «ՌԴ համար ժողովրդավարությունը մի վիրուս է, որը տարածվելու դեպքում վտանգավոր կլինի այդ երկրի քրեաօլիգարխիկ համակարգի համար։ Իսկ մեր վարչապետը ՀԱՊԿ կամ ԱՊՀ երկրների ղեկավարների շարքում որպես օտար մարմին է նստում։ Մյուս երկրների ղեկավարները պախաններ են՝ տարիներով «վերընտրվող» բռնապետեր։ Հիմա գալիս է մի տղա, որը ժողովրդավարություն է հաստատել ՀՀ-ում։ Պարզ չէ՞, որ նրանց շարքում օտար մարմին է»,- ասում է նա։