Եվ այսպես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ՝ որպես երկրի ղեկավար, սեպտեմբերի 22-23-ին հյուրընկալվելու է Կալիֆորնիայում: Լոս Անջելեսում աշխատանքային գերծանրաբեռնված շաբաթ է քաղաքական-հասարակական շրջանակների համար. այստեղ ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն ու վերջինիս թիմն առավելագույնն են անում՝ այցը բարձր մակարդակով սպասարկելու համար: Վստահեցնում են՝ այցը պատմական է մի քանի առումներով. այստեղից էլ մեկնարկեց մեր զրույցը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ:
-Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի կարգավիճակով հյուրընկալվելու է Կալիֆորնիայում: Այսպես ասենք՝ Հայաստանից ուղիղ թռիչքով Լոս Անջելես։ Կարծում եմ՝ սա խորհրդանշական է: Ի՞նչ մեսիջ է կրում այս այցն առհասարակ: Ինչո՞ւ հենց Կալիֆորնիա:
-Այո՛: Այցն առաջինն է, ու այն խորհրդանշական է: Ինչո՞ւ հենց Կալիֆորնիա։ Գիտեք, որ վարչապետի այցը բաղկացած է 2 մասից՝ Կալիֆորնիա և Նյու Յորք։ Վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում էլ պետք է ելույթ ունենա, և այնտեղ էլ բազմաթիվ հանդիպումներ են նախատեսված: Այստեղ՝ Կալիֆորնիա գալու մի քանի պատճառ կա: Առաջին ու գլխավոր պատճառն այն է, որ այստեղ է ԱՄՆ ամենամեծ հայ համայնքը։ Կալիֆորնիան աշխարհում խոշորագույն, ամենաակտիվ և դինամիկ համայնքներից է, որը սերտորեն կապված է Հայաստանի հետ։ Կարևորությունը չի սահմանափակվում միայն համայնքով։ Նահանգն ինքնին շատ կարևոր է։ Լինելով ԱՄՆ նահանգներից մեկը՝ այն աշխարհի հինգերորդ տնտեսությունն է։ Եթե խոսենք թվերով, ապա ԱՄՆ-ի այս տարվա ամբողջ տնտեսությունը 21 տրիլիոն է, որից 3 տրիլիոնը՝ Կալիֆորնիայինը։ Երկրորդ պատճառը հայ համայնքի առկայությունն է ու նրա դերակատարությունն այս նահանգում: Եվ ևս մեկ կարևոր հանգամանք՝ Սիլիկոնային Հովտի գոյությունը: Երբ խոսում ենք բարձր տեխնոլոգիաներից, պիտի իմանանք, որ Կալիֆորնիան ընդգրկում է բարձր տեխնոլոգիաների ամենազարգացած շրջանը: Այս նահանգը ինովացիաների եւ այդօրինակ ընկերությունների գեներատորն է։ Վարչապետը հանդիպում է ունենալու Սիլիկոնային հովտի ազդեցիկ դեմքերի հետ:
–Ազգությամբ հայեր կա՞ն այնտեղ:
Կարդացեք նաև
-Անշո՛ւշտ, բազմաթիվ հայ մասնագետներ են գործում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, որոնք հենց Սիլիկոնային հովտում են գործում եւ մաս են կազմում մասնագիտական այն հզոր ներուժի, որն ունի Սիլիկոնային հովիտը։ Եվ իրենց հետ հանդիպում ևս նախատեսվում է։ Այս թեմայով շատ մանրամասներ չեմ կարող ասել, որովհետև որոշակի պայմանավորվածություններ կան, որոնց անդրադառնալու այլ առիթներ կլինեն: Հավատացեք, հնարավոր ամենաբարձր մակարդակով է լինելու ծրագիրը: Ամենաբարձր նշանակում է հանդիպում նահանգապետի ու փոխնահանգապետի հետ: Բացի այս, հանրային հանդիպմանը բազմաթիվ պաշտոնյաներ են մասնակցելու: Դրանք սոսկ հանդիպումներ չեն, կարևոր դեմքեր գալու և մասնակցելու են հանրային միջոցառմանը: Աննախադեպ նոր իրողություն էլ կա, ինչը բարձրացնում է Կալիֆորնիա-Հայաստան հարաբերությունների՝ մինչ այս եղած մակարդակը: Հիմա բացեմ փակագծերն ու ասեմ, որ առաջին անգամ Հայաստանի ու Կալիֆորնիայի միջեւ ստորագրվելու է Համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Այսպիսի համաձայնագիր այս նահանգապետի օրոք դեռեւս որեւէ երկրի հետ չի ստորագրվել: Սա իրավական փաստաթուղթ է՝ համընդգրկուն համաձայնագիր, որով նոր կշիռ է տրվում մեր հարաբերություններին:
–Ավելի որոշակի՝ ի՞նչ համաձայնագիր է դա:
-Համաձայնագիրը համընդգրկուն համագործակցության ծրագիր է Հայաստանի և Կալիֆորնիայի միջև։ Նոր հնարավորություններ է բացվում առևտրատնտեսական և ներդրումային ոլորրտներում, կարևորվում է էնէրգետիկ բլոկը, շեշտադրվում է այլընտրանքային էլեկտրոնային աղբյուրները, ինովացիոն մաքուր տեխնոլոգիաները (cleantechnologies), տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաները, առողջապահական և բիոտեխնոլոգիաները: Համաձայնագիրը ընդգրկում է նաև փոխհամագործակցություն արվեստի, մշակույթի և բարձրագույն կրթության ոլորտներում: Հատուկ անդրադարձ կա գյուղատնտեսությանն ու գյուղատնտեսական տեխնոլոգիաներին։ Այս հարցում ևս Կալիֆորնիան ամենահզորն է։ Այն ամբողջ ԱՄՆ-ում ոչ միայն արտադրության առումով է ամենախոշորը, այլ նաև գյուղատնտեսության և նաև գյուղատնտեսական տեխնոլոգիաների առումով, և այս հնարավորությունը բացառիկ կարելի է որակել: Համաձայնագիրը տնտեսական-քաղաքական բովանդակությամբ է, այն բավականին համընդգրկուն ու տարողունակ է, անգամ ընդգրկում է մարդկանց միջև կոնտակտների զարգացման հեռանկարները:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում