Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը չի տիրապետում իրավիճակին․ «Ազգ»

Սեպտեմբեր 21,2019 10:30

Ակտիվորեն հետեւելով վարչապետի ֆեյսբուքյան էջին, որն արդեն հասկացանք, ավելի հաճախ է թարմացվում, քան կառավարության կամ վարչապետի անձնական-պաշտոնական կայքէջերը, տպավորություն եմ ստանում, որ պարոն Փաշինյանի հետ տեղի է ունենում այն, ինչի համար նա մեղադրում էր Սերժ Սարգսյանին: ՀՀ վարչապետը չի տիրապետում իրավիճակին, գնալով ավելի ու ավելի խճճվող իրավիճակին եւ գնալով՝ ավելի ու ավելի շատ: Եթե տիրապետեր, ապա կիմանար, որ եթե Հանրապետության ԱԱԾ տնօրենը հրաժարական է տալիս՝ դուռը հետեւից չրխկացնելով, եթե Հանրապետության ոստիկանապետն ազատվում է աշխատանքից, ապա չի կարող Հանրապետության վարչապետը որեւէ բան չասել ՀՀ քաղաքացիներին, այն քաղաքացիներին, որոնք նրա սուրն են ու վահանը՝ միաժամանակ:

Ավելին, առնվազն աբսուրդ է, երբ ԱԱԾ տնօրենի, ապա եւ ոստիկնապետի պաշտոնանկություններից հետո երկրի Ազգային անվտանգության խորհուրդի նիստ է հրավիրվում, որին մասնակցած ԱԺ նախագահն ու ՊՆ ղեկավարը հայտարարում են, թե նիստում ոստիկանապետի պաշտոնանկությունը չեն շոշափել: Պարոնայք, բա ի՞նչ եք շոշափել, եթե հաշվի առնենք, որ ձեր հավաքի օրը ոչ ԱԱԾ-ն տնօրեն ունի, ոչ էլ ոստիկանությունը՝ պետ: Գուցե Երեւանի ա՞ղբը, որը մեկ անգամ տեսնողը Երեւանն ամենեւին էլ չի համարի արժանապատիվ ու հպարտ քաղաքացիների մայրաքաղաք:

Իրավիճակն իրականում ավելին քան լուրջ է: Մանավանդ, երբ հիշում ենք, թե ի՞նչ օրինագիծ է մութ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» բերել ԱԺ եւ արդեն իսկ առաջին ընթերցում միաձայն անցկացրել: Ըստ դրա, օրինակ, ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել 25 տարեկան լրացած ՀՀ որեւէ քաղաքացի, կարեւոր չէ, որ նա ԱԱԾ-ի մասին գիտի միայն այն, որ այն գտնվում է Նալբանդյան փողոցում: Նույնը՝ ոստիկանապետը, որի պաշտոնին հավակնողները եւս պարտադիր չէ, որ համակարգում ծառայած լինեն, նրանք պարզապես պետք է համապատասխանեն ԱԺ պատգամավորի համար պահանջվող սահմանադրական չափանիշներին:

Բայց այս ամենի մասին ՀՀ վարչապետը Ֆեյսբուքում գրառում չի արել: Նորմալ է. կարեւորն այն է, որ ԵՄ երկրներից ավելի քիչ ենք ապաստան հայցել այս՝ դեռեւս չավարտված տարում: Սա էլ է նորմալ. չէ՞ որ կինոն անչափ հետաքրքրական է եւ բոլորս այստեղ հանգիստ նստած սպասում ենք, թե ինչպես է այն ավարտվելու: Ես մի տարբերակ ունեմ, բայց չեմ ասի, թող Սորոսի հիմնադրամը փող հատկացնի՝ սցենարի զարգացման համար, նոր կասեմ…

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30