Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնական չլուծված կոնֆլիկտը

Սեպտեմբեր 21,2019 10:00

Սեպտեմբերի 21-ը լավագույն առիթն է ոչ միայն պատմական էքսկուրսներ անելու, խոսելու անցյալի սխալների եւ ձեռքբերումների մասին, այլեւ անդրադառնալու այսօրվա ցավոտ խնդիրներին: Դրանցից ամենակարեւորը, իմ կարծիքով, պետություն-հասարակություն, պետություն-անհատ, պետություն-քաղաքացի չկարգավորված հարաբերություններն են:

Բազմաթիվ «ճիշտ», բայց վարկաբեկված բառերի շարքում իր «պատվավոր» տեղն են գրավում «պետություն», «պետականամետ» բառերը: Ուզենք թե չուզենք, մենք հակադրում ենք դրանք այլ՝ նույնքան կարեւոր երեւույթներին: Օրինակ, 2018-ի հեղափոխությունից առաջ ոստիկանության կարգախոսն էր՝ «ծառայելով պետությանը՝ ծառայում ենք ժողովրդին»: Այդպիսով, ժողովրդին, մարդկանց ծառայելը միջնորդավորվում է պետությամբ: Արդյո՞ք դա ճիշտ է, արդյո՞ք դա հնարավորություն չի տալիս «պետության շահերից» ելնելով չհարգել մարդկանց պահանջներն ու արժանապատվությունը:

ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ հայաստանցիների մեծամասնության աջակցությունը եւ անգամ հրճվանքն՝ այդ հարձակման եւ սպանությունների հետ կապված, անշուշտ, խոսում է պետական կարգի, պետության ինստիտուտների հանդեպ խորն արհամարհանքի, նաեւ հասարակության մեջ մարդասիրության, կարեկցանքի խիստ դեֆիցիտի մասին: Բայց ատելությունն այն ժամանակվա իշխանության հանդեպ այնքան մեծ էր, որ այդ ալիքը ծածկում էր ցանկացած՝ թե՛ պետական եւ թե՛ սովորական մարդկային բնազդները:

2008-ի փետրվար-մարտին իշխանությունը նախ (հերթական անգամ) հարվածեց պետությանը՝ կեղծելով ընտրությունների արդյունքները, իսկ այնուհետեւ հարված հասցրեց մարդկանց՝ ֆիզիկապես ոչնչացնելով 10 հոգու եւ հալածելով հազարավոր քաղաքացիների՝ արդարացնելով դա «պետական շահերով»: Ահա թե ինչու է կարեւոր այդ գործով դատավարությունը (որն, ի դեպ, այդպես էլ չի սկսվում)` դա ոչ թե վրեժխնդրություն է, այլ գոնե այս դրվագով պետություն-հասարակություն խզումը վերացնելու փորձ:

Բայց ընդհանուր առմամբ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, եւ այդ առումով մեզ սպասում են հակասությունների նոր դրսեւորումներ: Բնապահպանական լուրջ ռիսկերը եւ ժողովրդի մեծամասնության պահանջները ենթադրում են, որ Ամուլսարի հանքը չպիտի շահագործվի, իսկ պետական շահերը՝ չշահագործելու հետ կապված քաղաքական, տնտեսական եւ իրավական խնդիրները, կարծես թե, հակառակն են պահանջում: Իշխանությունը ծանր երկընտրանքի առաջ է կանգնած՝ «լսել ժողովրդի ձայնը», թե «զոռով» բացել հանքը:
Քանի «պետական շահեր», «պետական մտածելակերպ» բառակապակցությունները հասարակական գիտակցության մեջ վարկաբեկված են եւ բացասական երանգներ են պարունակում, այդ խնդիրները միշտ էլ առաջանալու են:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քանի դեռ պետական կառավարումը չի դարձել մասնագիտություն, ինչպես ասենք ինքնաթիռի կառավարումը, մեր պետությունը կառավարելու են անհայտ կամ հայտնի դրսի թե ներսի պետական կառավարման մասնագետները, նույնն է թե ինքնաթիռի ղեկին նստացնեն ուղեւորներից ընտրված փակ գաղտնի քվեարկությամբ որեւէ մեկին ու նա էլ մտածի, որ բոլորից ամենաարժանին է, ինչպես նախորդ նախագահներն էին կարծում ու կառչեն ականջակալներից ու լսեն թե ի՞նչ են հրամայում ՝վերեւներից՝ մասնագետները: Գոնե մենք պետք է հասկանանք, որ սիրողական կառավարումը հենց նրա համար է, որ մասնագետները հեշտությամբ կառավարեն այդ պետությունները: Մեր բոլոր անխտիր պետական ծառայողները պետք է այնքան փորձված ու մասնագետ լինեն ինչպես ինքնաթիռի ղեկին նստած օդաչուն, որ ուղեւորներին այսինքն քաղաքացիներին չհետաքրքրի օդանավի պետության անձնակազմի կենսագրությունը կամ որեւէ այլ բան, հարյուր տոկոսով վստահեն այդ անձնակազմին որպես մասնագետների, վճարեն տոմսի գինը կամ հարկն ու ենթարկվեն օդանավի հրամանատարի հրամաններին, այսինքն պետության օրենքներին, էլ ի՞նչ ընտրություն, ի՞նչ կուսակցություն, մեզ ընդամենը պետք է պետական մասնագիտական ծառայություն: Քանի որ մենք հիմա նման բան չունենք եւ ոչ մի երկիր այն չունի, դրա համար եկեք լինենք առաջինը ու ստեղծենք ամենաարդյունավետ պետություն ինքնաթիռը ու պատրաստենք մասնագետներ այդ բարձր կարգի օդանավի անձնակազմի համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30