Հարցազրույց Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանի հետ
– Տիկին Ղազարյան, օրերս ձեր թանգարանը նշեց հիմնադրման 85-ամյակը: Թանգարանը եզակի է տարածաշրջանում իր հավաքածուներով եւ թանգարանային արժեքներով: Ասում են՝ բնությունը մեր երկրի համար թիվ մեկ բրենդն է: Շուրջ 10 տարի ղեկավարում եք այս օջախը: Ձեր դիտարկմամբ՝ մենք ճանաչո՞ւմ ենք մեր բնությունը. հաճախ կատակում են, թե զբոսաշրջիկներն ավելի լավ գիտեն այն:
– Ճանաչված դերասաններից Միքայել Պողոսյանը, որը տարիներ առաջ առաջին անգամ էր այցելում թանգարան, կարծիքների գրքում հետեւյալ գրառումն է արել՝ հիմա լիարժեք ճանաչեցի մեր բնությունը: Իսկապես թանգարանը եզակի է տարածաշրջանում: Մենք գործում ենք շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ, որը, պետք է ասել՝ իր հնարավորության սահմաններում աջակցում է թանգարանին: Քանիցս լսել եմ, որ թանգարանը համարվում է նախարարության լուսավոր կետը: Հիշում եմ, երբ Արմքոմեդի երգիծական հեռուստանախագիծը ռեպորտաժ էր պատրաստել թանգարանից, ինձ քանիցս ասացին, որ դա ավելի շատ գովազդ էր թանգարանի համար, քան Արմքոմեդիին հարիր սեւ հումոր: Այսօր ներկայացված է 2000 ցուցանմուշ: 2012-ից գործում է թանգարանի Շիրակի մասնաճյուղը՝ իր 195 ցուցանմուշներով:
– Հասկանալի է, որ ներկայացնում եք զուտ հայաստանյան բնությունը: Իսկ ցուցանմուշները որտեղի՞ց են «գալիս» ու հանգրվանում թանգարանում:
– Դրանք գիտարշավներից հետո ու նվիրատվությունների արդյունք են: Սերտ կապի մեջ ենք ու համագործակցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ու կենդանաբանության ինստիտուտների թանգարանների հետ, բուսաբանության ինստիտուտի հետ, կենդանաբանական այգու հետ: Մեր միակ հովանավորի՝ իրանահայ Լեւոն Ահարոնյանի շնորհիվ մեր ֆոնդը համալրվեց 100 ցուցանմուշով, ավելին՝ գոնե բնապահպանները այս անունը անգիր գիտեն: Հենց պարոն Ահարոնյանն էր, որ 2002-ին նախաձեռնեց թանգարանի վերանորոգման աշխատանքները, ավելի ճիշտ կլինի այստեղ օգտագործել վերակառուցում բառը: Թանգարանի չորս սրահներից մեկն էլ անվանակոչել ենք մեր հովանավորի անվամբ:
– Նշեցիք, որ այս պահին թանգարանում ներկայացված է 2000 ցուցանմուշ, մինչդեռ, ըստ մեր տեղեկությունների՝ ձեր ֆոնդապահոցում պահվում է ցուցադրվածի կրկնակին:
– Ֆոնդապահոցում կրկնակիից ավելին է՝ 4621…
– Իսկ դուք երբեւէ դիմե՞լ եք, ասենք՝ քաղաքապետարան կամ հենց նախարարություն՝ տարածքն ընդլայնելու հարցով:
– Իհարկե՝ այո: Այս պահին այսքանը: Եթե տարածքի ընդլայնման հարցը լուծվի, ոչ թե տարածաշրջանում, այլեւ աշխարհում կլինենք առաջինը (ժպտում է): Շատ կուզեի, որ քաղաքակիրթ երկրների օրինակով, մենք էլ մեր այցելուների համար, մանավանդ դպրոցահասակ, պայմաններ ստեղծեինք, որ նա հայտնվեր ուղղակի բնության գրկում, բնականաբար՝ 3D համակարգի միջոցով: Ես եւ թանգարանի աշխատակիցները պատրաստ ենք նոր տարածքների դեպքում լիարժեք լրացնել ու ձեւավորել դրանք: Նշեմ, որ թանգարանում մենք բնապահպանական թեմաներով տարեկան անցկացնում ենք շուրջ 15 միջոցառում: Անպակաս են արվեստագետների, այդ թվում՝ գեղանկարիչների ցուցահանդեսները: Մենք մշտապես համապատասխան ծրագրերով մասնակից ենք դառնում հանրապետության պետական տոներին:
– Ներկա գտնվելով թանգարանի հիմնադրման հոբելյանական միջոցառմանը, ինչը եւ ակնկալում է նվերներ, նկատեցինք, որ դրանք այնքան էլ առատ չէին:
– Հրավիրվածների վերաբերմունքն արդեն առատություն էր…
– Ի դեպ, հոբելյանական միջոցառումից հետո ներկաները փաստում էին, որ այդ թվով գեներալներ հանդիպում են միայն վերջիններիս մասնագիտական տոնակատարություններին:
– Իսկապես, մեր բարեկամներն են գեներալ-լեյտենանտ, Միջազգային անվտանգության Ասպետաց ակադեմիայի նախագահ Արսեն Ֆիդանյանը եւ մյուսները, որից, եթե հետաքրքիր է, գեղանկար նվեր ստացանք: Դատարկաձեռն չէր եկել, օրինակ՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Երեւանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը… Թույլ տվեք այլեւս չշարունակել այդ ցանկը: Որպես տնօրենի, ինձ համար հաճելի էր տեսնել մեզ հետ համագործակցող դպրոցների տնօրեններին, այլ թանգարանների ղեկավարներին եւ այլն: Ինչ վերաբերում է նվերներին, չեմ հերքում, դրանք հաճելի են, բայց ինձ համար նվեր են բոլոր աշխատակիցներս, օրինակ՝ թագարանում ավելի քան 40 տարի աշխատում է Ռուզաննա Զոբաբուրյանը, որը ներկայիս փոխտնօրենն է:
– Ասում են՝ թանգարանների, գրադարանների աշխատակիցներն իսկապես նվիրյալներ են…
– Այո, թանգարանների աշխատակիցները նվիրյալներ են, ինչը գովելի փաստ է:
– Վերջին շրջանում բնապահպանական շարժումներին քաղաքական աստառ է տրվում…
– Ես կասեի՝ այդ շարժումները բնությունը գնահատողների գործունեություն է: Մենք բնապահպաններ ենք: Հավատացնում եմ՝ քաղաքականությամբ չենք զբաղվում:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Գլխավոր լուսանկարում՝ Գայանե Ղազարյանը, բարերար Լեւոն Ահարոնյանն ու Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
«Առավոտ» օրաթերթ
20.09.2019