Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ երեխաները շտապօգնության մեքենա են տեսնում, հասկանում են, որ ինչ-որ մեկին պետք է օգնել»

Սեպտեմբեր 21,2019 12:30

Կամ՝ քաղպաշտպանություն առարկայի կարեւորությունը կրթական ծրագրում

Այս տարվա ապրիլի 19-ին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ընդունեց քաղպաշտպանություն առարկան դպրոցներում դասավանդելու արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկը։ Այս առարկայի վերաբերյալ գիտելիքները երեխաները սկսում են ձեռք բերել դեռեւս մանկապարտեզում։ «Մանչուկի ժպիտ» զարգացման եւ ժամանցի կենտրոնի տնօրեն Ամելիա Յենոյանը նշեց, որ երեխաներին արտակարգ իրավիճակների ժամանակ պաշտպանվել են սովորեցնում խաղերի միջոցով. «Խաղերի միջոցով ստեղծում ենք մի իրավիճակ, որտեղ պետք է օգնեն իրենց ընկերոջը կամ հենց իրենց։ Պիտի փաստեմ, որ այս տարբերակը շատ լավ է տպավորվում նրանց մոտ, երբ երեխաները շտապօգնության մեքենա են տեսնում, հասկանում են, որ ինչ-որ մեկին պետք է օգնել»:

Մանկապարտեզում ստացած այս գիտելիքները օգնում են հետագայում դպրոցում ավելի մանրամասն ուսումնասիրել այս առարկան։ Անդրանիկ Մարգարյանի անվան համար 29 դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Արմեն Մանուկյանը կարեւորեց այս առարկայի կարեւորությունը կրթական ծրագրում` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ սեյսմիկ գոտում գտնվելը։ Փոխգնդապետը նշեց, որ դպրոցում առարկայի շրջանակներում անցկացվում են թե տեսական, թե գործնական դասընթացներ:

«Տարին 2-3 անգամ տեղի են ունենում պլանային միջոցառումներ, որի նպատակն է ստուգնել աշակերտների տեղեկացվածությունը եւ վարքագիծը արտակարգ իրավիճակներում։ Նշեմ նաեւ, որ այդ միջոցառումներին մասնակցում են ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանման մասնագետները»,-ասաց պարոն Մանուկյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ մարզառազմական արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետ Արտավազդ Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցներում գոյություն ունեն քաղաքացիական պաշտպանության շտաբներ, որտեղ գործում են առանձին ջոկատներ՝ կազմված ուսուցիչներից եւ աշակերտներից. «Շտաբներում իրականացվում են տարհանման պրոցեսներ եւ արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու տարատեսակ միջոցառումներ»:

Արտավազդ Գեւորգյանը կարեւորեց նաեւ ուսումնական հաստատություններում, հիմնարկներում տարհանման պլանների առկայությունը։ Իսկ հարցին, թե արդյոք սահմանամերձ գյուղերում այս առարկայի ծրագիրը կամ դասավանդման մեթոդը տարբե՞ր է, մասնագետը պատասխանեց. «Թե ծրագիրը, թե դասավանդման մեթոդը նույնն է։ Առարկան բավականին ամփոփ է: Այն ներառում է պատերազմական իրավիճակները, երկրաշարժները, հրդեհները, սողանքները, ջրհեղեղները։ Ծրագրի միջոցով աշակերտները սովորում են նման իրավիճակներում ինչպես պաշտպանվել եւ պաշտպանել»:

Հիշեցնենք նաեւ, որ քաղպաշտպանություն առարկան դեռեւս 1999 թվականից ներառված է Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ծրագրի մեջ։

Գառնի ՄՈՒԹԱՖՅԱՆ

Լուսանկարը՝ kapan6.schoolsite.am կայքից

«Առավոտ» օրաթերթ
20.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30