Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ-ն վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանել է «9.12.2019թ.» գրությամբ

Սեպտեմբեր 21,2019 13:00

Ցոլակ Խաչատրյանի գործով հոկտեմբերի 2-ին վերաքննիչ վարչական դատարանը կհրապարակի որոշումը:

Վարչական վերաքննիչ դատարանում վիճարկվում է անցյալ տարվա հոկտեմբերի 16-ի ստորադաս դատարանի որոշումը:  Ըստ բողոքարկվող որոշման, Ցոլակ Խաչատրյանի հայցն ընդդեմ պաշտպանության նախարարության՝ չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով, եւ դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով, վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է մասնակի:

Դատարանը  պարտավորեցրել էր պաշտպանության նախարարությանը տրամադրել Ցոլակ Խաչատրյանին 277 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում եւ մնացած մասով հայցը մերժել էր:

Նշեմ, որ Ց. Խաչատրյանը 1995 թվականից մինչեւ 2014 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014 թվականին ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ հայցվորն ազատվել է ծառայությունից, սակայն նրան այդ պահին չօգտագործված արձակուրդների դիմաց դրամական հատուցում չի վճարվել: Դրանից հետո հայցվորը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով վճարել վերջնահաշվարկը եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժերը (դիմումը թվագրված է 30.06.2016 թվականին, ՀՀ պաշտպանության նախարարությունում փոստով ստացվել է 04.07.2016 թվականին): Պատասխան չստանալով՝ Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան: Հայցվորը խնդրել էր պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը վճարել 1998 թվականից մինչեւ 2013 թվականը ներառյալ ընդհանուր 354 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով եւ դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով: Ց. Խաչատրյանը դատարանին հայտնել է, որ աշխատանքից ազատվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին, ինչը ենթադրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն, վերջնահաշվարկը պետք է կատարվեր աշխատանքային պայմանագրի լուծման օրը՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին:

2018թ. ապրիլի 6-ին վարչական դատարանը գործի վարույթը կասեցրել էր, քանի որ կողմը դիմել էր Սահմանադրական դատարան:

Փոխհատուցման հարցը կարգավորված է եղել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով. «Զինծառայողի՝ ժամանակին չզորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) կամ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ չօգտագործած հերթական արձակուրդի օրերը հաշվարկվում եւ տրամադրվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրը»: Այնուհետեւ 28.11.2007 թվականին ընդունված եւ 05.01.2008 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով նշված դրույթը ստացել էր հետեւյալ տեսքը. «Զինծառայողի՝ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը վաղաժամկետ զորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) դեպքերում չօգտագործված հերթական արձակուրդի փոխարեն վճարվում է դրամական փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով»: ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 778 որոշումը 02.10.2014 թվականի թիվ 1075-Ն որոշմամբ լրացվել է 15.1 կետով հետեւյալ բովանդակությամբ. «չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում, որի չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի եւ փրկարար ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու եւ չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով»:

Ցոլակ Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ  ՍԴ-ի որոշումը հրապարակվելուց հետո, պաշտպանության նախարարությունը 204 օրվա համար մեկ ամսում պետք է տար փոխհատուցումը. «Մինչ օրս, սակայն, ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ երրորդ անձ ճանաչված ֆինանսների նախարարությունը դատարան չեն ներկայացել, փոխարենն ուղարկել են իրենց դիրքորոշումը»:

Դատական գործընթացին զուգահեռ, երբ Ցոլակ Խաչատրյանը 17 օր հացադուլի մեջ էր գտնվում ՀՀ կառավարության շենքի դիմաց, եղել են այլ զարգացումներ:

ՀՀ վարչապետին ուղղված հացադուլավորի նամակին պատասխանել է այս տարվա օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարը, գրության մեջ նշելով՝ աշխատակազմի ղեկավար Է.Աղաջանյանին:

Այդ գրության համաձայն՝ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը հայտնում է. «Ի կատարումը վարչապետի հանձնարարականի, տեղեկացնում եմ, որ Ցոլակ Խաչատրյանի բողոքի հիման վրա կայացված մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումը ՀՀ ՊՆ մուտքագրվելուց հետո իմ հանձնարարությամբ գործով առկա փաստաթղթերը ենթարկվել են մանրակրկիտ ուսումնասիրության: Գործն ուսումնասիրվել է ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի կողմից, որը հանգել է այն եզրակացության, որ Ցոլակ Խաչատրյանին պահեստազոր արձակելու գործընթացում առկա են առերեւույթ անճշտություններ եւ թերացումներ: Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի մոտ՝ համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ: Ներկայումս իմ կողմից տրվել է հրատապ հանձնարարություն՝ անցկացնելու ծառայողական քննություն՝ առկա թերացումները պարզելու, փոխհատուցման հնարավորությունը, ինչպես նաեւ կարգը հստակեցնելու նպատակով: Ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Պաշտպանության նախարարի «9.12.2019թ.» գրության համաձայն էլ, որն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է.Աղաջանյանին, նախարարը գրում է. «Տեղեկացնում եմ, որ իմ հանձնարարությամբ ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ տեղեկացնում եմ, որ Ցոլակ Խաչատրյանի բողոքի հիման վրա կայացած մարդու իրավունքների խախտման առկայության մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումը ՀՀ ՊՆ մուտքագրվելուց հետո, գործով առկա փաստաթղթերը ենթարկվել են մանրակրկիտ ուսումնասիրության: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ անցկացվել է ծառայողական քննություն՝ առկա թերացումները պարզելու, փոխհատուցման հնարավորությունը դիտարկելու նպատակով: Քանի որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածով սահմանված բողոքարկման  համար նախատեսված առավելագույն ժամկետներն անցել են, սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից այն բողոքարկելու համար, ուստի Ց. Խաչատրյանը կարող է դիմել դատարան՝ իր խախտված իրավունքները վերականգնելու համար»:

«Լոլո են կարդում, մարտին գրածիցս վեց ամիս հետո ասելով՝ թե ժամկետներն անցել են: ՊՆ-ն, ըստ էության, չի հերքում, որ սխալ է, այլ փորձում է դժվարացնել իմ գործը՝ շահարկել ժամկետի հանգմանքը»,-ասում է Ց. Խաչատրյանը:

ՊՆ նախկին աշխատակիցը պատմում է, որ երբ հացադուլ է արել կառավարության շենքի մոտ, լրատվամիջոցներից մեկը՝ «Ով է հացադուլավոր մայորը» հրապարակմամբ տպագրել է որոշ անձնական տվյալներ, ՊՆ-ում առկա «Գաղտնի» նշագրումով գործից: Նա գնացել է տվյալ լրատվամիջոց, ներկայացել, հարցրել, թե ինչպես են անձնական տվյալները, մասնավորապես՝ նախկին դատվածությունների, տույժերի մասին հայտնվել լրատվամիջոցում, արդյոք ՊՆ մամուլի խոսնա՞կն է տվել տվյալները, լրատվամիջոցը բացասական պատասխան է տվել:

Նա այդ կապակցությամբ «հանցագործության մասին հաղորդմամբ» դիմել է իրավապահներին, որոնք բացատրություն են վերցրել Ա.Հովհաննիսյանից, վերջինս ասել է, որ տվյալ լրատվամիջոցին ինքն է տրամադրել տեղեկությունները, իսկ նախկին դատվածության, տույժերի մասին տեղեկությունները եղել են բաց, «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում:

«Չեն հարուցում քրեական գործ, երբ առկա են բոլոր հիմքերը: Մամուլի խոսնակը իր ենթադրությունը, միայն բացասական տեղեկություններն է ուղարկել, որպես պաշտոնական պատասխան: Մինչդեռ ես ունեցել եմ դրական բնութագրեր, որոնց մասին ակնարկ անգամ չի եղել»,-ասում է զրուցակիցս:

Քրեական գործ չի հարուցվել, եւ Ց. Խաչատրյանը մտադիր է բողոքարկել դատախազությանը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Օրեր առաջ ԱԱԾ քննչականն էլ կասկածյալի էր հարցաքննել 20.12.2019 թվագրությամբ:

«Առավոտ» օրաթերթ
20.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30