Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավատների, նոտարների եւ այլ ծառայությունների համար գործարքները շուտով կդառնան անկանխիկ

Սեպտեմբեր 21,2019 13:30

Կենտրոնական բանկը քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է մի շարք գործարքներ կատարել բացառապես անկանխիկ եղանակով: Նախագիծը երեկ է տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, եւ երեկ երեկոյան նախագծին կողմ էր քվեարկել ընդամենը 4%-ը, իսկ դեմ՝ 96%-ը:

Այս նախագիծը միտված է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը եւ խթանել անկանխիկ շրջանառությունը:

Նախագծով սահմանվում է՝ ՝ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ կազմակերպությունների կողմից 2020 թվականի հունվարի 1-ից՝ 2 միլիոն, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 1 միլիոն, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 դրամը գերազանցող ապրանքների (գույքի) իրացման, ապրանքների (գույքի) օգտագործման,  աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (գործարքի գումար) դրանց դիմաց վճարումը եւ վճարի ստացումը իրականացվելու է անկանխիկ ձեւով` անկախ վճարման կարգից, եթե այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր նախատեսված չեն: Ըստ նախագծի, բացառություն է կազմում նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առեւտրում սահմանված կարգով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձեւակերպված ապրանքների ձեռք բերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվի:

Առաջարկվում է՝ կազմակերպությունների միջեւ, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց միջեւ, անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների միջեւ, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց միջեւ 1 միլիոն դրամը գերազանցող փոխառությունները պետք է տրամադրվեն անկանխիկ ձեւով, բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերի եւ փոխառությունների:

ԿԲ-ի նախագծով առաջարկվում է՝ 2020 թվականի հունվարի 1-ից՝ գրավատների կողմից 20000  դրամից ավելի վարկերը պետք է տրամադրվեն բացառապես անկանխիկ ձեւով։

«Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը իրավունք չունեն անկանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) իրացման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում) առաջարկել եւ (կամ) ստանալ ավելի բարձր գին (արժեք), քան առաջարկում եւ (կամ) ստանում են կանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում):  ՀՀ ԿԲ-ն  իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքով սահմանված անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն եւ նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաեւ դրանց վճարման դեպքերը, կարգը եւ պայմանները»,-գրված է նախագծում:

Նաեւ սահմանվում է  աշխատավարձի, կենսաթոշակի եւ այլ վճարումների կանխիկ ձեւով վճարման սահմանափակումները: Օրինակ՝ օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը պետք է վճարվեն անկանխիկ ձեւով 2020 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից, 2021 թվականի հունվարի 1-ից՝ ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, 2022 թվականի հունվարի 1-ից՝ ՀՀ այլ բնակավայրերում:

Անկանխիկ վճարները պարտադիր կդառնան նաեւ կրթաթոշակների, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, 2022 թվականի հունվարի 1-ից՝ ՀՀ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում)՝ մատուցված բժշկական ծառայությունների բոլոր տեսակի վճարներն ընդունվում են անկանխիկ ձեւով: 2020-ի հունվարի 1-ից Երեւանում, 2021-ի հունվարի 1-ից՝ ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, 2022 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում կրթական հաստատություններում մատուցված ծառայությունների բոլոր տեսակի վճարներն եւս պետք է լինեն անկանխիկ, ինչպես նաեւ՝ ապահովագրական հատուցումները:

Այս նախագծով նաեւ առաջարկվում է կենսաթոշակի անկանխիկ վճարվում, սակայն բացառություն է սահմանվել՝ եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, այսինքն՝ կենսաթոշակը կարելի է վճարել կանխիկ՝ անձի համաձայնությամբ:

Նախագծերի փաթեթով նախատեսվել է նաեւ խանութներում եւ սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը պարտավորեցնող դրույթներ:

Ըստ նախագծի հեղինակների, այն միտված է ուժեղացնել հարկային վարչարարությունն ու պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները: Ըստ ԿԲ-ի, այս օրենքների ընդունումը կբերի բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30