Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հինգ տարվա ընդհանուր գումարը 600 հազար դրամ է. այսինքն՝ օդի մեջից մեղադրանք են ստեղծել»

Սեպտեմբեր 21,2019 14:00

Անիի համայնքապետի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ իրավական դաշտում են մնալու եւ բողոքարկելու բոլոր գործողությունները, մասնավորապես ոստիկանության, որի գործողություններն անհասկանալի են արդեն:

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը Արտակ Գեւորգյանին(լուսանկարում) ներկայացված մեղադրանքն անհասկանալի համարեց:

«Առավոտը» Արամայիս Հայրապետյանին հարցրեց՝ ի՞նչ նոր հանգամանքներ են առաջ եկել, փաստաբանը պատասխանեց. «Արտակ Գեւորգյանը վարորդ է ընդունել աշխատանքի, որը եկել է աշխատանքի: Պարզվում է՝ նա հերթափոխով աշխատող է եղել դատական կարգադրիչների ծառայությունում: Կարող է երեք օր քաղաքապետարանում է եղել, մեկ օր էլ հերթի է եղել, քաղաքապետարան չի եկել, հետո լրացրել է: Հիմա ասում են, այդ հինգ տարվա մեջ, այդ մեկ-մեկ օրերը, որ չի եկել երեք օրը մեկ, կազմում է ամիսը մոտ 10 հազար դրամ, դուք յուրացրել եւ վատնել եք: Հինգ տարվա ընդհանուր գումարը 600 հազար դրամ է: Այսինքն՝ օդի մեջից մեղադրանք են ստեղծել: Ուրիշ բան չկա. հինգ տարվա կտրվածքով վեց հարյուր հազար դրամի հարց է:Մեկ տարի է դա էր. ուղղակի ցուցարարների հետ հանդիպեցին, մարդիկ ըստ էության խոստումներ տվեցին եւ խոստումները կատարեցին: Հակառակ դեպքում ինձ համար անհասկանալի է՝ ուժային կառույցը, որը ենթադրվում է, որ բացահայտումով պետք է զբաղվի, ինչո՞ւ է հրաժարական ներկայացնելու պահանջ ներկայացնում Արտակ Գեւորգյանին»:

Մեր հստակեցմանը՝ ո՞ր ուժային կառույցին նկատի ունեք, Արամայիս Հայրապետյանը պատասխանեց. «Օրինակ ոստիկանությունն այդ հարաբերություններում ո՞վ է, որ ուղղակի կամ անուղղակի նման պահանջ ներկայացնի»:

Խնդրեցինք՝ պարզաբանել՝ ինչպե՞ս է ոստիկանությունը ներկայացրել հրաժարական ներկայացնելու պահանջը, փաստաբանն ասաց. «Երբ Արտակ Գեւորգյանը հրապարակային ասում է, որ չի տալու հրաժարական, երկրորդ օրը վեցերորդ վարչությունից կամ ոստիկանությունից անձինք ենք գալիս, թե այս փաստաթուղթը տվեք, այն փաստաթուղթը տվեք, այն դեպքում, երբ այդ բոլոր փաստաթղթերը քննիչի մոտ են»:

Արամայիս Հայրապետյանն ասաց, որ քրեական գործի հարուցումից մեկ տարի է անցել, բայց նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել:

Հիշեցնենք՝ Արտակ Գեւորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, ինչպես նաեւ 314 հոդվածի 1-ին մասով։ Նա մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի գումար վատնման եղանակով հափշտակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Փաստաբանը փոխանցեց՝ եղել է փորձագետի եզրակացություն եւ հավաստիացրեց՝ ինչ այն ժամանակ էին ասում, նույնն էլ փորձագետի եզրակացության մեջ է. «Փորձագետը քաղաքապետարանի ամբողջ գործունեության հաշվարկներն է արել մի քանի տարվա ընթացքում, այդ ցուցմունքների հիման վրա է գործ հարուցվել, եթե իհարկե, այդ ցուցմունքներն իրական են, որ այդ անձը երեք օրը մեկ չի եկել աշխատանքի, հինգ տարվա կտրվածքով ավել է վճարվել այսքան գումար: Բայց եթե անգամ ինքն ավել է վճարվել, էլի քրեական գործ չէ, վարչաիրավական խախտում կարող է դիտվել»:

Փաստեցինք՝ Արտակ Գեւորգյանը մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի գումար վատնման եղանակով հափշտակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, փաստաբանն արձագանքեց. «Շարադասություն է ընդամենը գրված: Ասվում է, որ ինքն իր պաշտոնական դիրքը չարաշահել է, որ վճարել է: Վճարման հանձնարարագիրը ստորագրել է: Իբր ինքը գիտեր, որ պետք է ամիսը 10.000 դրամ քիչ վճարեր, բայց ստորագրել է աշխատավարձը ամբողջ դրույքով վճարելու փաստաթուղթը: Ըստ էության խոսքը դրա մասին է: Բայց քաղաքապետն ի՞նչ կապ ունի դրա հետ. իրեն ներկայացնում են փաստաթուղթ համապատասխան ստորաբաժանումները, ինքը ստորագրում է, ինքը չի կազմում այդ փաստաթուղթը: Իրականում այդ մեկ տարվա ընթացքում պահանջներ են ներկայացվել, թե հրաժարական տուր: Մեկ տարին այն ժամանակաշրջանն էր, երբ շահագրգիռ անձինք համոզվեցին, որ հրաժարական չի տալու»:

Մեր հարցին՝ որո՞նք են լինելու իրենց քայլերը, փաստաբանը պատասխանեց. «Մենք իրավական դաշտում ենք մնալու եւ բողոքարկելու բոլոր գործողությունները, մասնավորապես ոստիկանության, որի գործողություններն անհասկանալի են արդեն: Եթե այդ փաստաթուղթը քննիչի մոտ է, քննություն է տարվում, ինչո՞ւ ես պահանջում նույն փաստաթուղթը, նպատակը ո՞րն է: Ես գիտեմ՝ որն է ըստ էության պատճառը: Այդ կառույցները մեկը մյուսից տեղյակ չեն եւ ինչ-որ մարդկանց խոստումներ են տվել, ուզում են առաջ ընկնել, թե տեսեք՝ կեղտը մենք գտանք: Առաջինը դատախազական հսկողության շրջանակներում ենք մեղադրանքը բողոքարկելու: Իրավական բոլոր մեխանիզմներն օգտագործելու ենք: Իրավաբանորեն մեղադրանքը չէր կարող լինել»:

Արամայիս Հայրապետյանը աբսուրդ համարեց այն, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի աշխատակազմի ղեկավարին ու հարցրեց. «Վերջը ո՞վ է հանցագործությունը կատարել: Այդպես են արել՝ հույս ունենալով, որ այդ կերպ կճնշեն ցանկալի ցուցմունքներ աշխատակազմի ղեկավարից ստանալու համար: Քրեական գործ են հարուցել յուրացմանը օժանդակելու համար: Նույն գործն է, նույն դրվագը»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է ասուլիսով հանդես գալ:

Տաթեւ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ
20.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30