Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի կանք, ոչ մի հանք». Երթ Երեւանում` ի պաշտպանություն Ամուլսարի

Սեպտեմբեր 20,2019 22:15

Հայկական բնապահպանական ճակատի նախաձեռնությամբ այսօր Երեւանում երթ իրականացրեց` ի պաշտպանություն Ամուլսարի։ Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը հայտարարեց, որ իրենց նպատակներն արդար են ու մասնակիցներին հորդորեց լինել խաղաղ։ Ակցիայի մասնակիցները բացականչում էին` «Ամուլսարը՝ միայն սար», «Ամուլսարն առանց հանքի», «Քանի կանք, ոչ մի հանք»։ Երթի մասնակիցները նաեւ կարմիր դրոշ էին տանում առջեւի շարքում: Նրանց պահանջը մեկն էր` չեղյալ համարել նախկին կառավարության կողմից Ամուլսարի հանքի շահագործման համար տված թույլտվությունը:

Ի դեպ, երթն իրականացվում է գլոբալ բնապահպանական շարժման շրջանակներում: Ակցիան այդ պահին անցկացվում էր աշխարհի շատ երկրներում։

Ակցիան որակվեց արդարության վերականգնման կոչ: «Ջերմուկ և Գնդեվազ համայնքների իրավունքները ոտնահարված են: Սա ոչ բռնի, խաղաղ միջոցառում է, որի ժամանակ բռնության, ատելության, խտրականության կոչեր չեն հնչում, որի ժամանակ չի օգտագործվելում որևէ բռնի միջոց, և որի ժամանակ հնչեցվում են միայն արդարության վերականգնման կոչեր»,-ասաց երթն առաջնորդող Աննա Շահնազարյանը:

Այսօր, օրվա ընթացքում, Հայաստանի տարբեր քաղաքներում էլ են բողոքի ակցիաներ իրականացվել: «Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում դասադուլ և գործադուլ է հայտարարվել: Այս համայնքների իրավունքներն ուղղակիորեն են ոտնահարված, և նրանք իրավունք ունեն խաղաղ պայքարի բոլոր ճանապարհները օգտագործել և իրենց իրավունքները պաշտպանել: Իրենց միացել են Եղեգնաձորի ուսանողներ, աշակերտներ, որոնք նույնպես դասադուլ են արել, և սա մոլորակի գործադուլների շարժման մի մասն է»,-ասաց Աննա Շահնազարյանը` հավելելով, որ մոբիլիզացիա է տեղի ունեցել նաև Կապան քաղաքում. «Կապանում եղած խնդիրները քիչ էին, քաղաքի հենց շեմին ցեմենտի գործարանի աղետաբեր ծրագիր է սկսվել: Շատ կարևոր ուղերձ են իրենք հղել ջերմուկցիներին՝ կավարտի միջոցով ցույց տալով, թե ինչ է լինում, երբ փարթամ բնությամբ և գյուղատնտեսությամբ մի վայրում տեղի է ունենում ոսկու կամ պղնձի արդյունահանում»:

Երթը մեկնարկել էր <Ազատության» հրապարակից, ավարտվեց կառավարության շենքի մոտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30