Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նորաստեղծ «ԵՄ-Հայաստան Փոքր և միջին ձեռնարկությունների ֆոնդ»-ն իր զգալի նպաստը կբերի տնտեսության առաջանցիկ զարգացմանը». Տիգրան Ավինյան

Սեպտեմբեր 20,2019 22:30

Սեպտեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկին նվիրված արարողությանը: Իր ողջույնի խոսքում փոխվարչապետը ասել է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Տիկի՛ն Մատերնովա,

Հարգարժա՛ն հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրամիության, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և «Ամբեր կապիտալ» ընկերության համատեղ նախաձեռնության հանդիսավոր մեկնարկի արարողությանը։

Հայաստանի համար բեկումնային  և հիմնարար փոփոխությունների այս ժամանակահատվածում նորաստեղծ «ԵՄ-Հայաստան Փոքր և միջին ձեռնարկությունների ֆոնդ»-ն իր զգալի նպաստը կբերի տնտեսության առաջանցիկ զարգացմանը։

Նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը լավագույն առիթն էր վերագնահատելու այն հնարավորությունները, որ ստեղծարար քաղաքացին ունի՝ առավել ակտիվ տնտեսական վարքագիծ ցուցաբերելու համար։

Շատերը մրցակցության բացառիկ հնարավորությունների,  շուկայի ազատ մուտքի պայմաններում սկսեցին դիտարկել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հեռանկարը։ Նոր իրողությունները սեփական մտքերը, վաղուց խնամքով պահած գաղափարները և բիզնես նախաձեռնությունները կյանքի կոչելու հնարավորություն են։ Այսօր արդեն իսկ ականատեսն ենք լինում մի շարք նոր ձեռնարկատիրական գաղափարների, որոնք փնտրում են համապատասխան հնարավորություններ և հարթակներ՝ կյանքի կոչվելու համար։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված տվյալ նախաձեռնության արդիականությունը։

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանի կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին, ինչի համար հատկապես կարևոր է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը։ Ժամանակակից աշխարհում այն ազգային տնտեսությունների վերակառուցման և զարգացման գլխավոր նախադրյալներից մեկն է: ՓՄՁ-ն խթանում է մասնավոր սեփականությունը և ձեռնարկատիրական հմտությունները, ճկուն է փոփոխվող շուկայական տնտեսության պայմաններում, օգնում է բազմազանեցնել տնտեսական գործունեությունը և կարող է էական ներդրում ունենալ միջազգային առևտրի, արտահանման խթանման և իհարկե, նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Արդյունքում, ապահովվում է տնտեսության կայուն, ներառական աճ։

Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ ՓՄՁ զարգացման հարցում առանցքային կարևորություն ունի կապիտալի հասանելիությունը։ Միաժամանակ ակնհայտ է, որ միայն ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը բավարար նախապայման չէ ՓՄՁ սուբյեկտների զարգացման, կայացման և խոշոր ընկերություններ դառնալու համար։

Ընկերություններում կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրում, թափանցիկության բարձրացում, ընկերությունների արտադրական և մատակարարման շղթաների կառավարման բարելավում, ֆինանսական ներդրումներ շուկայի աճող պահանջարկին համապատասխանելու և նոր շուկաներ մուտք ապահովելու համար․ ահա սրանք են այն անհրաժեշտ նախապայմանները, որ ընկերությունների համար  կապահովեն կայուն զարգացում, ահա սրանով է առանձնահատուկ նորաստեղծ ֆոնդը։

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպական գործընկերներին տարիներ ի վեր Հայաստանի ՓՄՁ ոլորտին տարբեր գործիքակազմերով և ձևաչափերով աջակցություն ցուցաբերելու համար։

Մեզ բոլորիս համար կարևոր այս նախաձեռնությանը մաղթում եմ հաջող ընթացք և բեղմնավոր գործունեություն։

Շնորհակալություն»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30