Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ։
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մեծապես կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հանդիպումների և խորհրդակցությունների պարբերական անցկացումը։ Զրուցակիցներն անդրադարձան արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի և դրա կիրարկման ուղղությամբ գործնական քայլերին։
Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հստակեցրեցին միմյանց դիրքորոշումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն գործընթացի և օրակարգային հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը վերահաստատեց, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են՝ ընդգծելով, որ խաղաղության գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի որոշիչ ձայնը և ներգրավվածությունը։ Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը նաև մտքեր փոխանակեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման հարցերի շուրջ` նշելով, որ ներքին լսարանի համար ադրբեջանական իշխանությունների կողմից արվող ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում ժողովուրդների խաղաղության նախապատրաստման հանձնառության իրականացմանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ