Սեպտեմբերի 16-20-ը Ադրբեջանում անցկացվեցին հերթական խոշոր զորավարժությունները։ Այս տարի սա թվով երրորդ նմանատիպ զորավարժությունն էր։ «Ռազմինֆոն» հետևել է դրանց ընթացքին և ստորև ներկայացնում ենք մեր ամփոփումն ու դիտարկումները։
Զորավարժության հետաքրքրական իրադարձություններից էր իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Skystriker մահապարտ ԱԹՍ-ի կիրառում։ Այս ԱԹՍ-ն առաջին անգամ ցուցադրվել է այս տարվա հունվարին՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սպառազինությունում։ Կարելի է ենթադրել, որ այս ԱԹՍ-ների առնվազն որոշ մասը անցել է բանակի սպառազինություն։
Այս զորավարժությունը, ինչպես նաև նախորդները մտնում են Ադրբեջանի ընդհանուր մարտական պատրաստության, գործողությունների համակարգի և տրամաբանության մեջ, որոնք մենք դիտարկել ենք ժամանակի ընթացքում։ Տրամաբանությունը՝ թիկունքային ուժերի և առաջնագծային կորպուսների համագործակցության ամրապնդումն է, ինչպես նաև տարվա տարբեր եղանակներին ըստ կորպուսների տարբեր ուղղություններով հարձակողական գործողությունների մշակումը և խաղարկումը
Ընդհանուր պատկերը հասկանալու համար պետք է նշել, որ Ադրբեջանը որպես կանոն տարվա ընթացքում անցկացնում է նմանատիպ 3 խոշոր զորավարժություն՝ գարնան, ամռան և աշնան սկզբերին։ Դրանք, ըստ էության, Ադրբեջանի ԶՈւ թիկունքային 4-րդ կորպուսի և կենտրոնական ենթակայության առանձին զորամասերի աջակցությամբ առաջնագծային կորպուսների զորավարժություններ են։
Ադրբեջանի բանակի ցամաքային ուժերը կազմված է 4 կորպուսից, Նախիջևանի առանձին համազորային բանակից և կենտրոնական ենթակայության առանձին զորամասերից։ 3-րդ կորպուսը տեղակայված է ՀՀ արևելյան և Արցախի հյուսիսային սահմանների դիմաց, 1-ին կորպուսը՝ Արցախի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան սահմանների դիմաց, 2-րդը՝ Արցախի արևելյան և հարավարևելյան սահմանների դիմաց։ 4-րդ կորպուսը ռեզերվային է, այն չունի առաջնագծի պահպանման գործառույթներ, իսկ դրա զորամասերը տեղակայված են Ադրբեջանի խորը թիկունքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում