ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր ոլորտների ներկայացուցիչների պարգեւներ ու կոչումներ է շնորհել: Անկախության տոնի առիթով, գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար Ալեքսանդր Թոփչյանն, օրինակ, պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Թոփչյանն ասաց, որ պետական պարգեւն իր համար անակնկալ էր . «Մի տեսակ պարտավորեցնող է, որովհետեւ եթե տալիս են, ուրեմն ինչ-որ արժանիք են գտել, ու հիմա ես պետք է արդարացնեմ դա: Աստված չանի` եթե ինքս ինձ չարդարացնեմ, մեղավոր եմ զգալու Աստծո եւ պետության առջեւ: Հուսամ, որ այն մակարդակը, որ մինչեւ հիմա ապահովել եմ գրականության մեջ եւ արվեստում, դրանից ցածր չեմ իջնի»:
Հարցրինք` տարիների բարձունքից նայելիս իր ամենամեծ հաջողությունը ո՞րն է համարում գրականության մեջ, պարոն Թոփչյանը պատասխանեց. «Օրինակ իմ «Բանկ օտոման» վեպը թարգմանվել է 5-6 լեզվով, միջազգային ճանաչում ունի: Ռուբեն Սեւակին նվիրված վեպս, որ ավելի եմ հավանում, առայժմ դեռ չի թարգմանվել: Ես ուզում եմ, որ իմ ամենալավ գործը լինի առջեւում, ու պետք է ամեն ինչ անեմ, որ գերազանցեմ, այլապես ինքս ինձ կամաչեմ հայելու մեջ նայել»:
Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարիչ կոչում: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հաճելի է նման կոչում ստանալ. «Ինձ համար հետաքրքիր է նաեւ այն առումով, որ հայրս էլ էր ՀՀ Ժողովրդական նկարիչ, քիչ է պատահում, որ հայր ու որդի նույն կոչումն ունենան: Ես բազմաթիվ ցուցահանդեսներ եմ ունեցել, սակայն ավելի կարեւոր եմ համարում հայրենիքին ծառայելը: Այսինքն, նաեւ այդ առումով եմ այս կոչումը կարեւորում»:
Կարդացեք նաև
44-ամյա Անժելա Մելքոնյանն էլ առայժմ 15 երեխաների մայր է, որը Ծնողական փառքի մեդալի արժանացավ նախագահի հրամանագրով, իսկ վարչապետի կողմից 1 մլն դրամ ստացավ: Անժելան ասաց, որ տղաներից երկուսը ծառայում են բանակում: Ավագ որդին 24 տարեկան է, կրտսերը շուտով մեկ տարեկան կդառնա: «Մեկը մյուսին պահելով մեծանում են»,-նշեց բազմազավակ մայրը: Հավելեց, որ ինքն ու ամուսինը չեն աշխատում, անասնապահությամբ եւ այգեգործությամբ չեն զբաղվում, ապրում են հովանավորների գումարներով:
ԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շնորհվեց ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան: Բոլորի նման նա էլ ասաց, որ պարգեւը պարտավորեցնող է. «Ֆինանսիստի տրամաբանությամբ սա պետք է ընկալվի որպես կանխավճարային…Մեր հիմնական անելիքները դեռ առջեւում են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ