ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշմամբ՝ երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության համար դատապարտված Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե), Սարգիս Գրիգորյանի (մականունը Ծըգլ) եւ Վահան Հակոբյանի (մականունը Գաստիկ) պատժաչափերը 18 տարուց դարձավ 21 տարի: Հիշեցնենք, որ նրանց պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի՝18 տարի ազատազրկման դատապարտելու մասին վճիռը:
«Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց, որովհետեւ դատարանի միակ օրինական որոշումն արդարացման դատական ակտը պետք է լիներ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայացրել էինք փաստաթղթեր, որ Վահան Հակոբյանը պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, պետք է անհապաղ ազատ արձակվի, նա այդ հիմքով ազատ չարձակվեց, ինչը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու երկրի համար, ես դիմելու եմ բոլոր միջոցներին՝այդ թվում նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան, որ այդ ապօրինությունները դադարեցվեն: Այս գործով ակնհայտ ապօրինի գործողություններ են մշտապես արվել, ակնհայտ ապօրինի դատական ակտեր են կայացվում: Ինձ համար շատ անհասկանալի է, բայց փաստը մնում է փաստ, որ իրենք չունեին որեւէ ապացույց, որով կարող էին հիմնավորել, որ կատարվել է հանցագործությունը այդ երեք անձանց կողմից, բայց դա նրանց չկանգնեցրեց»,- Aravot.am-ին ասաց դատապարտվածների պաշտպան Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ մեղադրող եւ տուժող կողմը պահանջում էր Սարգիս Հախանումյանի, Սարգիս Գրիգորյանի եւ Վահան Հակոբյանի նկատմամբ նշանակել առավել խիստ պատիժներ՝ ցմահ ազատազրկում։ Պաշտպանական կողմն էլ պահանջում էր բեկանել եւ փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ ճանաչել նրանց անմեղությունը։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավճռով Գաստիկը, Ծըգլը եւ Տլեն դատապարտվել էին 18 տարվա ազատազրկման։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ