Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյան. «Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի բազմակողմանի համագործակցություն»

Սեպտեմբեր 20,2019 19:11

Սեպտեմբերի 19-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությունը։

Սեպտեմբերի 20-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հանդիպումը, որը շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով նախարար Սաաբին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի բազմակողմանի համագործակցություն, և երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է 2018թ. նոյեմբերին Բեյրութում ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը, որը նոր հնարավորություններ կընձեռի ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում փոխգործակցության համար:

Էլիաս Բու Սաաբը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել բազմակողմանի համագործակցության զարգացումը` հանուն երկու երկրների պաշտպանունակության ամրապնդման: Լիբանանի պաշտպանության նախարարը հանդես է եկել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն աջակցող հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ, որոնք կներառեն ոչ միայն պաշտպանության, այլ նաև մշակույթի, զբոսաշրջության, տնտեսական և այլ ոլորտների պատասխանատուներին:

Որպես պաշտպանության բնագավառում համագործակցության կարևոր ոլորտներ՝ նշվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փորձի փոխանակումը, ուսումնավարժական ծրագրերը, ռազմատեխնիկական ուղղություններ և այլն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կողմերի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը ։

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակները և խնդիրները: Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունել է Հայաստանի հումանիտար գործողությունները Սիրիայում` նշելով, որ այդպիսի առաքելությունները ուղղված են խաղաղության հաստատմանը: Էլիաս Բու Սաաբը շնորհակալություն է հայտնել նաև Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցության համար և ընդգծել, որ Լիբանանում այս առաքելությունը հատուկ է Հայաստանի համար և միայն միջազգային պարտավորություն չէ:

Այցի շրջանակում նախատեսված են Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այցի ծրագրում ընդգրկված են նաև արարողակարգային այցելություններ Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Սեպտեմբերի 21-ին Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը տիկնոջ և պատվիրակության ուղեկցությամբ Գյումրիում կմասնակցի Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30