Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում: Համաշխարհային հայտնի բրենդների կողքին ընկերության կողմից պատրաստված 3 և 5 տարեկան կոնյակները վաստակել են 90 միավոր, իսկ 7 տարեկանը՝ 93:
International Wine & Spirit Competition-ն ունի 50 տարվա պատմություն: Մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է ոլորտի 400-ից ավելի մասնագետներից շուրջ 30 երկրներից: Ըստ մրցույթի գնահատման սանդղակի՝ արծաթե մեդալի արժանացած կոնյակը բնորոշվում է որպես բացառիկ հավասարակշռությամբ ու համահոտային նրբերանգների բարդությամբ խմիչք, որ նկատելիորեն առանձնանում է մրցակիցներից։ «Արմենիա Վայն» ընկերության ֆրանսիացի կոնյակագործ Օլիվե Շապտը նշում է, որ նման գնահատականն անչափ ուրախացնող է, բայց միևնույն ժամանակ նաև պարտավորեցնող:
«Նման մեդալները մեծ նշանակություն ունեն բոլորիս համար, քանի որ շատ կարևոր է իմանալ, որ աշխատանքդ գնահատվում է։ Իհարկե, այս մեդալների նվաճումը հեշտությամբ չի տրվել։ Դրա հետևում կանգնած է բարդ ու երկար աշխատանք»,- նշում է կոնյակագործը: Նա վստահեցնում է, որ ընկերությունը շարունակելու է նոր բարձրունքներ գրավել ու Հայաստանի անունը հնչեցնել աշխարհով մեկ:
Կարդացեք նաև
Օլիվե Շապտի խոսքով՝ «Արմենիա Վայն» ընկերության կոնյակի բարձր որակը պայմանավորված է ինչպես հայաստանյան կլիմայով, հողով ու ջրով, խաղողի սորտով, այնպես էլ խմիչքի պատրաստման ֆրանսիական տեխնոլոգիայով և նորագույն սարքավորումների կիրառմամբ: Կոնյակը հնեցվում է բարձրորակ տակառներում՝ պատրաստված ֆրանսիական կաղնուց, իսկ թորման արտադրամասը հագեցած է գերժամանակակից ֆրանսիական սարքավորումներով:
Մրցանակակիր կոնյակը դեռևս ներկայացված չէ հայկական շուկայում: Ընկերությունը նախատեսում է այն տեղական և միջազգային շուկա դուրս բերել գալիք տարվա սկզբում: Օլիվե Շապտը նշում է, որ հատկապես 3-ամյա կոնյակը սիրելի կդառնա երիտասարդության շրջանում, քանի որ այն թեթև է և կարելի է խմել երեկույթների ժամանակ:
Կոնյակն ինչքան երկար է հնեցվում, այնքան բարդ կառուցվածք և նոր համահոտային նրբերանգներ է ձեռք բերում: Օլիվե Շապտն ասում է, որ թեև լավագույն պահը կոնյակը փորձելն է, սակայն նախ և առաջ պետք է բույրն զգալ:
«Կոնյակի բույրն առնելիս սկսում ես ճանապարհորդել դրա նրբերանգների միջով՝ տարբեր մրգեր՝ թարմ և չոր, կաղնու փայտ, հետո նաև վանիլ, շոկոլադ, երբեմն սուրճ։ Շնչում ես բույրը, նորից շնչում, և այդ պահին միայն մեկ բան ես ցանկանում՝ փորձել խմիչքը»,- ասում է Օլիվիե Շապտն ու համտեսում կոնյակը։
Հավելենք նաև, որ ավելի վաղ «Արմենիա Վայն»-ի 4 գինիներ Գերմանիայում՝ «Berliner Wein Trophy» մրցույթում, հերթական անգամ արժանացել են ոսկե և արծաթե մեդալների:
Արմենիա Վայն