«Հանքարդյունաբերությունն ամենավատ ազդեցությունը հատկապես՝ ունենում է ջրային համակարգերի վրա. Հայաստանում չկա գեթ մեկ հանք, որը չարտահոսի դեպի ջրային ավազաններ: Ամուլսարի հանքի շինարարության փուլում, ցիանային հարթակի տարածքից գարնանային հորդառատ անձրեւների շրջանում արտահոսք է եղել եւ լցվել է Արփա գետը»,-այսօր Մաշտոցի պուրակում Ամուլսարի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց բնապահպան Աննա Շահնազարյանը:
Նրա խոսքով, տնտեսական ոլորտում հիմնականում պետական պաշտոնյաները օգտագործում են մանիպուլյատիվ, չհիմնավորված ու չհաշվարկված տվյալներ եւ միայն կրկնում են Ամուլսարը շահագործող ընկերության արած հաշվարկները կամ՝ խոստումները. «Նույնն ականատես ենք եղել Թեղուտում: Բոլոր հանքերն արտազատում են թույներ, որոնք լցվում են ջրային համակարգեր, որոնք էլ հոսում են Հայաստանից դուրս գտնվող ջրային համակարգեր: Մենք թունավորում ենք մեր բոլոր հարեւաններին: Սա արդեն դուրս է գալիս միջազգային ոլորտ եւ բազմաթիվ կոնվենցիաներ ենք խախտում, այս հարցը նույնպես պետք է կառավարությունը հաշվի առնի»:
Կարդացեք նաև
Ըստ Աննա Շահնազարյանի, Հայաստանը չունի հանքարդյունաբերության ընթացիկ վերահսկման մեխանիզմներ, որոնք կարող են պատշաճ համարվել. «Չունի, որովհետեւ, օրենսդրական եւ նորմատիվային դաշտը այնքան թուլացել է, որ չի կարող գործել: Հենց Ամուլսարի օրինակով կարող ենք տեսնել, պետական պաշտոնյաներն ասում են՝ դե իրավական հիմքերն այնքան էլ լավ չեն: Իրավական հիմքեր թեեւ կան Ամուլսարի պարագայում, բայց այնքան էլ ուժեղ չեն: Բայց կարող էին լինել, եթե մեր օրենքներն այդ աստիճան թուլացրած չլինեին»: Ըստ նրա, երկրորդ պատճառը՝ թե ինչու մեր երկրում պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, քաղաքական կամքի բացակայությունն է. «Եթե լինի քաղաքական կամք, նույնիսկ եղած օրենքների եւ նորմատիվային դաշտի շրջանակներում հնարավոր է սանձել սանձարձակ վիճակում գտնվող տնտեսության այս ճյուղը»:
Հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ հանքարդյունաբերությունը արտահանող ամենախոշոր ճյուղն է ու արտարժույթի կարեւոր աղբյուր է, Աննա Շահնազարյանն ասաց. «Սարսափելի վատ է մեր երկրի համար, որ մեր արտահանումը հիմնված է մեկ ապրանքի վաճառքի վրա, այսինքն՝ եթե մեր արտահանման 40-ից, երբեմն ասում են, մինչեւ 60 տոկոսը կազմում է հանքանյութը, իսկ մեր բյուջետային եկամուտներն ընդամենը 5 տոկոսն են, սա նշանակում է, որ մենք թալանվում ենք բառի բուն իմաստով: Մյուս կարեւոր հարցը, երբ այդ վալյուտան եկավ եւ նստեց նրանց հաշվին ի՞նչ է լինում: Հայաստանը չունի այնպիսի ամուր դրամավարկային քաղաքականություն, որպեսզի արտարժույթը մնա երկրում, Հայաստանում փողը վերջին երեսուն տարիներին անընդհատ արտահոսել է: Եվ սա հիմնականում կատարվում է ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների դոգմատիկ սկզբունքի ներքո: Քանի դեռ վալյուտան արտահոսում է, մենք չենք կարող ասել հանքաարդյունաբերության վաճառքից ստացված վալյուտան մեր երկրի համար օգուտ է, մեր երկրի համար օգուտ չի, դա հանքարդյունաբերողի փողն է, որը ինքը ցանկացած պահի ոնց ուզում է տնօրինում է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ