«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ՝ պնդելով, որ վերջիններս խոչընդոտում են դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին: Այս մասին հաղորդում է RTVI կայքը ՝ հղում անելով Ռուսաստանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին: Տեղեկատվությունը հաստատել է նաև Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը:
Հիշեցնենք, որ 2018թ. ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքով։
RTVI-ի աղբյուրի տվյալներով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դեմ հարուցվել է յոթ գործ: Խուզարկության ժամանակ ընկերությունից առգրավվել են փաստաթղթերի արխիվ, ինչը բարդացնում է երկաթուղու ընթացիկ գործունեությունը՝ ասել է կայքի զրուցակիցը: Ընկերությունը փորձել է դատարանի միջոցով վերադարձնել փաստաթղթերը, բայց մերժում է ստացել:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարությունը ֆինանսական պահանջներն անհիմն է համարում: RTVI-ի զրուցակցի խոսքով՝ եթե Հայաստանը չէր ցանկանում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այլ կար իրավիճակը պարզելու ցանկություն, կդիմեր միջազգային դատարան:
Կարդացեք նաև
Փորձ է արվել կոնֆլիկտային իրավիճակը լուծել կառավարական մակարդակով: Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, Մոսկվան առաջարկել է կարճել քրեական գործը: Փոխարենը ռուսական կողմը պատրաստ է եղել հավելյալ ներդրումներ անել, Ռուսաստանն առաջարկել է նաև անկախ ստուգում անցկացնել, եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն հետ կանգնել իրենց պահանջներից: Երկխոսությունը ոչ մի արդյունք չի տվել, ուստի Մոսկվան մտածում է համաձայնագրից դուրս գալու շուրջ՝ ասել է աղբյուրը:
«Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն չի կարողանում բնականոն աշխատել. առգրավվել են 10 տարվա բոլոր փաստաթղթերը, անհիմն մեղադրանքներ են առաջադրվել և ոչ մի երաշխիք չի տրվել: Մեր փաստարկներն այն մասին, որ նախկինում իրականացված ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել, իսկ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պայմանները կատարվում են, անտեսվում են»,- RTVI-ին ասել է Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը:
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկատվությունը:
«Առավոտը» եւս դիմել էր մեկնաբանության համար «Հարավկովկասյան երկաթուղի»-ին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանն ասաց. «ՀԿԵ-ն այդ առումով մեկնաբանություն չունի»: