Սեպտեմբերի 29-ին Հայաստանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (թավշյա հեղափոխությունից հետո սրանք արդեն հինգերորդն են)։ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի խոսքով` երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ՏԻՄ ընտրություններում նկատվող պասիվությունը ավելի քան զարմանալի է և, կարող է վատ անդրադառնալ համայնքային կառույցների վրա։
«Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ թեկնածուները ոչ միայն ինքնաառաջադրվեն, այլև կուսակցությունները առաջադրեն թեկնածուների։ Նայելով, թե համայնքի ղեկավարների, թե ավագանիների առաջադրված թեկնածուների կազմին` կտեսնենք ընդամենը մեկ-երկու կուսակցականներ և մեկ կուսակցական առաջադրում,- ասաց Էմին Երիցյանը՝ հավելելով, որ համայնքներում կարևոր է նաև կուսակցական բազմազանությունը․ դրա բացակայության դեպքում համայնքները կմնան իրենք իրենց յուղի մեջ տապակվողներ, իսկ երկրի քաղաքական փոփոխությունները կլինեն միայն Երևանյան մասշտաբով,- Կուսակցությունները պետք է դառնան տեղական ինքնակառավարման ռեֆորմների և՛ լոբբիստներ, և՛ պաշտպաններ, և պատասխանատվություն կրեն նաև տեղական մակարդակով գործերի համար»։
Էմին Երիցյանը նշեց, որ նախկին իշխանությունների օրոք կային բազմակողմանի հարթակներ այսպիսի հարցերի քննարկման համար, դրանք էին Եվրոպայի խորհուրդը, կենտրոնական իշխանությունները, տարբեր փորձագիտական քննարկումներ: Ներկայումս համայնքային ընտրությունների բարեփոխումների վերաբերյալ արմատական քննարկումների բացակայության հետևանքով երկիրը կորցնում է ՏԻՄ արդյունավետ կառավարման տարիներ։
Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ