Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես կլինի ընդդիմությունը, պարո՛ն Բագրատյան». Արարատ Միրզոյանը հեգնեց Մանե Թանդիլյանին

Սեպտեմբեր 20,2019 15:45

«Հարգելի՛ պարոն Անանյան, իմ եւ ձեր տարբերությունը ոչ միայն այն է, որ ես քաղաքական գնահատական եմ նաեւ տալիս, այլեւ այն է, որ ես ամբողջական պատկերն եմ ներկայացնում: Ակնհայտորեն, այս գործընթացի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ տնտեսությունն արագ գումարների ներարկման կարիք ունի օր առաջ: Այն պրոֆիցիտը, որն այսօր առկա է մեր բյուջեում եւ այն գումարները, որ ներդրված են ԿԲ-ում՝ որպես ավանդ, անթույլատրելի չափերի են հասել՝ մոտ 300 մլրդ-ի: Հետեւաբար, կառավարությունն ինչ-որ միջոց է գտել, որ գումարները ներարկի տնտեսություն»,- այսօր ԱԺ-ում դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստում քննարկվում է «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է շուրջ 2835 հարկ վճարողի նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ դեբետային գումարը՝ պարտքը վերադարձնել: Դավիթ Անանյանը Թանդիլյանին ասել էր. «Իմ եւ ձեր տարբերությունն այն է, որ դուք երեւույթներին քաղաքական գնահատական տալու առումով եք հանդես գալիս, դա ձեր երեւի այսօրվա մասնագիտությունն է»: Թանդիլյանն էլ պատասխանեց, թե որն է իրենց տարբերությունը՝ իր կարծիքով:

Թանդիլյանն ասաց, որ ինքը կողմ է քվեարկելու, բայց սա ճիշտ ճանապարհ չէ. «Ես կողմ եմ քվեարկելու, որովհետեւ տնտեսությունն օր առաջ գումարներ ներարկվելու կարիք ունի, դա ակնհայտ է: Ինձ մոտ զարմանք առաջացրեց ձեր՝ որպես տնտեսագետ, ֆինանսական ոլորտի մասնագետ, կապիտալ ծախսերի մասին խոսում եք, կարծեք թե օրինաչափ է, արդարացնելով գերատեսչություններին, որ համարյա բոլորն ունեն խայտառակ թերակատարում: Հետևաբար, ինձ համար այս նախագծի կողմ լինելը նշանակում է ընտրել կառավարության անգործության եւ ոչ արդյունավետ աշխատանքի միջեւ, եւ ես ընտրում եմ աշխատանքն այնուամենայնիվ: Բայց կապիտալ ծախսերի մոտ 80 տոկոսը չի կատարվել, ՀՆԱ-ի մոտ 2%-ն է կազմելու»:

Մինչ Թանդիլյանի ելույթը ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր ելույթ ունեցել ու հիացմունքով խոսել նախագծի մասին: Ըստ Բագրատյանի, սա այնքան լավ նախագիծ է, որ կասկածներ են առաջանում, թե այսպես ասած «որտեղ են ուզում մեզ քցել»: Բագրատյանն ասել էր, որ ի տարբերություն նախկին կառավարության մոտեցման, այս կառավարությունը հստակ քայլեր է կատարում:

Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ «Իմ քայլի» պատգամավորների ելույթների կարիք չկա, այսինքն, «իշխանական» ելույթ էր: Իսկ երբ Թանդիլյանը խոսեց, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Այսպես կլինի ընդդիմությունը, պարո՛ն Բագրատյան, 56 մլրդ հետ են տալիս տնտեսվարողներին նախկինում կուտակված պարտքերից՝ էլի լավ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30