«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համաձայն չէ կարծիքներին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած գործընթացը ճնշում է դատարանի հանդեպ: Նա նման որակումները մանիպուլյացիա է համարում:
«Ասում են, թե մենք ճնշում ենք դատարանին, բայց մենք իրավական ճանապարհ ենք ընտրել: Եթե այդ պարագայում կասեք, որ «Իմ քայլը» շեղվել է իր սահմանադրական լիազորություններից, դա այլ բան է, բայց այն, ինչ հիմա է կատարվում, համապատասխանում է Սահմանադրության նորմերին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով՝ ՍԴ որեւէ դատավորի դեմ իրավական գործընթացն ինքնանպատակ չէ. «Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմքերի գնահատումը ՍԴ տիրույթում է»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հիմքերը կապ ունե՞ն Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հոկտեմբերի 4-ի որոշման հետ: Վլադիմիր Վարդանյանը հստակ պատասխան չտվեց. «Իմ քայլի» դիրքորոշումը պայմանավորված է ՍԴ-ում առկա այն հիմքերով, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում կայացված որոշումներից. «Անձնավորության խնդիր չէ…ՍԴ-ն չի դատում անձերին եւ քննում է ոչ թե անձերի գործը, այլ օրենսդրական նորմի՝ սահմանադրականությանը համապատասխան լինելու հարցը, եւ այդ նորմը տարածվում է բոլորի վրա»:
Լրագրողները հարցրին նաեւ, թե որպես հիմք արդյոք բավարա՞ր է այն փաստը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկ հարաբերություններ ունի: Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Քավոր-սանիկ հարաբերությունները, որպես այդպիսին, բավարար չեն, բայց հարաբերությունների բնույթն ու փոխկապակցվածությունը կարող են բավարար լինել: Չմոռանանք նաեւ, որ ՍԴ-ում Քոչարյանի դիմումի ներկայացուցիչը ոչ թե Արամ Օրբելյանն է, այլ Արամ Վարդեւանյանը: Բայց Արամ Օրբելյանի հայտարարությունները հանգում են նրան, որ ՍԴ դիմումը կազմելու փուլում ինքը մասնակցություն է ունեցել: Դա կարող է կաշկանդել, կարող է եւ՝ ոչ: Սա միակ հիմքը չէ, որ նշված է նախագծում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ