«Ես առաջին անգամ եմ Հայաստան գալիս` Լիբանանի պաշտպանության նախարարը ստանձնելուց հետո: Այստեղ եմ իմ ընտանիքի հետ, քանի որ իմ ընտանեկան կապերը շատ խորն են»,- այսօր ՀՀ ՊՆ-ում նախարար Դավիթ Տոնոյանի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը: Մինչ այս Էլիաս Բու Սաաբը Հայաստանում եղել է երկու անգամ`Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ, ապա Լիբանանի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ:
Լիովին համաձայնություն հայտնելով`երկու երկրների համագործակցության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի արած հայտարարություններին, Էլիաս Բու Սաաբը հավելեց, որ այժմ ժամանակն է երկկողմ պայմանավորվածությունները լիարժեքորեն կյանքի կոչելու. «Մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցեր, և դա շատ կարևոր է մեր երկրի համար: Դա շատ օգտակար կլինի երկու երկրների համար էլ, դա մեզ կօգնի ամրապնդել մեր զինված ուժերը: Հայաստանն ու Լիբանանն ունեն համագործակցելու այդ հնարավորությունները»: Նախարարը հավելեց, որ իր կարծիքով, պետք է ստեղծվի հանձնաժողով, որում կընդգրկվեն նաեւ այլ նախարարություններ ու համագործակցությունը բազմաոլորտ կդառնա:
Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում Լիբանանի հարավում հայկական խաղաղապահ առաքելության համար, լիբանանցի պաշտոնյան ընդգծեց`իրենք հասկանում են, որ դա Հայաստանի համար զուտ միջազգային առաքելություն չէ, այլ հատուկ առաքելություն է: Նա բարձր գնահատեց եւ «խելացի որոշում» բնութագրեց Սիրիայում հայկական խաղաղապահ առաքելությունը`նկատելով, որ երիտասարդ սերունդները հենց հումանիտար, խաղաղության ամրապնդման առաքելություններ են ակնկալում:
Էլիաս Բու Սաաբը երեկ շրջել է Երեւանի կենտրոնում եւ 2015-ի համեմատ դրական փոփոխություններ է արձանագրել: Այսօր էլ համոզված հայտարարեց, որ Հայաստանը «մեծ, պայծառ» ապագա ունի`մանավանդ երկրի անկախության, ինքնուրույնության այն տեսլականներով, որոնցով իր հետ կիսվել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Կարդացեք նաև
Պարզաբանելով Էլիաս Բու Սաաբի ասածը, որ ինքը Հայաստանում է ընտանիքի հետ, Դավիթ Տոնոյանն ասաց, որ լիբանանցի պաշտոնյայի կինը արաբական աշխարհում ամենահայտնի երգչուհիներից է: Նա Հայաստանում մշակութային ծրագրով հանդես կգա`Պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Լիբանանցի պաշտոնյայի կինը կիսով չափ հայ է:
«Իմ երեխաները քառորդով հայ են»,- հավելեց Լիբանանի պաշտպանության նախարարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ