ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ ԱԱԾ ղեկավարի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանի գործունեության մասին բացասաբար արտահայտվելը ճիշտ չէ: «Նա մեր երկրի համար այդ պաշտոնում վատ դերակատարում չի ունեցել: Որոշ հրաժարականների դեպքում ափսոսանք եմ ապրում, եւ դա վերաբերում է նաեւ Վանեցյանին: Նա սրտացավ մարդու տպավորություն է թողել, թեեւ անձամբ ծանոթ չեմ, մի անգամ եմ մի առիթով շփվել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Նրա համար քննադատելի է այն փաստը, որ հրաժարականից հետո Վանեցյանին քարկոծում են. «Ոմանք Վանեցյանին տեսնելուց պատերի տակ էին ման գալիս, իսկ հիմա, երբ նա պաշտոնի չէ, հերոս են դարձել: Դա ԲՀԿ-ի ոճը չէ, ես նրան մեծ հարգանքով եմ վերաբերում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ