Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Անանյան, լավ չի, որ չեք ընթերցում վարչապետի գրառումները». Մանե Թանդիլյանը կշտամբեց ՊԵԿ նախագահին, որ սխալ տեղեկություն է տվել Փաշինյանին

Սեպտեմբեր 20,2019 13:37

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ էր ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նախագծով առաջարկվում է, որ շուրջ 2835 հարկ վճարողի նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ վերադարձվում է նրանց, որ ներդրումներ անեն տնտեսության մեջ ու նպաստեն տնտեսական աճին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ դեռ սեպտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում հրապարակել էր այս գործընթացի մասին տեղեկատվություն եւ նշել, որ 9000 տնտեսվարողների գումարներն են վերադարձվելու. «Դուք հիմա հնչեցնում եք բացարձակ այլ թիվ, ինչո՞վ է պայմանավորված այդ տարբերությունը»: Դավիթ Անանյանը պատասխանեց. «Վարչապետի հայտարարության մեջ երեւի թե թյուրըմբռնում կա: Այն պահին, երբ մենք քննարկում էինք այդ 56 մլրդ-ը, ընդհանրապես հին եւ նոր դեբետների գծով հարկ վճարողների քանակը 9072 էր այդ պահի դրությամբ, որից 2835-ը հին դեբետ է, մնացածը՝ նոր դեբետ: Երեւի թե այդքան մանրամասն վարչապետի գրառման մեջ չկա, դրա համար ձեր մոտ կարող էր այդ հարցն առաջանալ»:

Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Պարոն Անանյան, լավ չի, որ չեք ընթերցում վարչապետի գրառումները, որովհետեւ 56 մլրդ-ի եւ 9000 տնտեսվարողին վերադարձնելու մասին էր, հին ու նորի մասին խոսք չկար: Լավ կլինի, որ ճշտեք ու ճիշտ տեղեկատվություն վարչապետը հրապարակի առնվազն»:

Ըստ Թանդիլյանի, այդ թվերը,որ հրապարակում են, թե վերադարձնելու են, ուսումնասիրություններից հետո կարող է պարզվել, որ վերադարձման ենթակա չեն, քանի որ կազմակերպություն կարող է լինել, որ սնանկ չի ճանաչվել, բայց չի էլ գործում: Հետեւաբար, ըստ նրա, պետք է ՊԵԿ-ը նախ ուսումնասիրություններ աներ, նոր այս թվերը հրապարակեր ու նախագիծ բերեր. «Ոչինչ ձեզ չէր խանգարում ժամանակին սկսեիք այդ ուսումնասիրությունները, որ կարողանայիք այսօր ամբողջական պատկեր ներկայացնել»:

Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Իմ եւ ձեր տարբերությունն այն է, որ դուք երեւույթներին քաղաքական գնահատական տալու առումով եք հանդես գալիս, դա ձեր երեւի այսօրվա մասնագիտությունն է: Դուք հաշվապահ եք եղել ու գիտեք, որ դեռեւս մենք փաստաթղթային ստուգում չիրականացնելով՝ չենք կարող իմանալ, թե դրանց մեջ ինչքա՞նն է հիմնավոր դեբետային պարտք, ինչքանը՝ չէ: Եթե ուզում էիք, որ մենք գնայինք բոլորին ուսումնասիրեինք, նոր գայինք պառլամենտ, դա կբերեր նրան, որ այս փոփոխությունը կարվեր հաջորդ տարիներին, մենք ուզում ենք, որ ավելի արագ արվի այս պրոցեսը, որովհետեւ տնտեսությունը զարգացնելու արագացման ծրագրեր ունենք»:

Ինչ վերաբերում է վարչապետի գրառմանը՝ Անանյանն ասաց. «Դուք որտեղի՞ց գիտեք՝ ընթերցո՞ւմ եմ նրա գրառումը, թե՞ չէ: Ես ասում եմ այդ 9000 թիվը որտեղից է, եթե գտնում եք, որ ես վարչապետին սխալ տեղեկատվություն եմ տվել ու վարչապետն էլ սխալ գրառում է կատարել, համարեք, որ այդպես է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30