ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբն այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են համագործակցել ռազմատեխնիկական, հետախուզական ոլորտներում, մասնավորաբար փորձի փոխանակում, համատեղ վարժանքներ, հետախուզական տեղեկատվության փոխանակում եւ այլն:
Այս մասին հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարը`հավելելով, որ հայ-լիբանանյան համագործակցությունն ամուր իրավական հիմքեր ունի: 2018-ի նոյեմբերին`Դավիթ Տոնոյանի Լիբանան կատարած այցի ընթացքում ստորագրվել է ՀՀ-ի եւ Լիբանանի հանրապետության միջեւ համագործակցության մասին համաձայնագիրը: Հայաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է այն, մոտ օրերս ՀՀ նախագահը կստորագրի: Այն 2001 թվականից գործող համաձայնագրի արդիական տարբերակն է, որն ընդգրկելու է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ:
Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում իրականացվող խաղաղապահ գործունեության խնդիրներն ու նպատակները, նաեւ նշել է, որ ՄԱԿ-ի, «Յունիֆիլ» առաքելության շրջանակներում Լիբանանի հարավում առաքելություն իրականացնող հայկական զորախումբը ոչ միայն Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացումն է, այլ յուրօրինակ պարտքի վերադարձ լիբանանցի ժողովրդին`հարատեւ խաղաղության հաստատման իրենց ջանքերում:
Երկու երկրների պաշպանության նախարարները խոսել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցերի մասին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ