Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորով սխալվել ենք, հիմա աստիճանաբար ուղղում ենք մեր սխալները». Դավիթ Անանյանի խոստովանությունը՝ ԱԺ ամբիոնից

Սեպտեմբեր 20,2019 13:21

Կառավարությունը ուղղակի ֆինանսական ներարկում է անում տնտեսության մեջ՝ դեբետային սառեցված պարտքերը վերադարձնելու միջոցով: Ինչպես տեղեկացրել ենք, այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ էր ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նախագծով առաջարկվում է, որ շուրջ 2800 հարկ վճարողի նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ վերադարձվում է նրանց, որ ներդրումներ անեն տնտեսության մեջ ու նպաստեն տնտեսական աճին:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ հաշվարկ կա՞, թե այդ 56 մլրդ-ը որ վերադարձվեն տնտեսվարողներին, նրանք որքա՞ն ապառք ունեն ՊԵԿ-ին, այսինքն, կարո՞ղ է այնպես ստացվի, որ պետությունը մի ձեռքով գումարը տա ու մյուս ձեռքով իր պարտքը վերցնի: Դավիթ Անանյանն էլ պատասխանեց, որ նրանց ժամկետանց պարտքերը 1,4 մլրդ դրամ է. «Իրականում կա նաեւ մոտ 47 մլրդ-ի պարտավորություն, որը պատկանում է 2 տնտեսվարողներին, որոնք սնանկության վարույթում են՝ «Նաիրիտ» գործարանն է ու «Արմավիան»: Այ 56 մլրդ դրամը, որը ակնկալում ենք վերադարձնել, այս երկու ընկերությունները դրա մեջ չեն մտնում, հաշվի չենք առնում: Միայն «Արմավիան» պարտք է 37 մլրդ դրամ, դրա 98 տոկոսը հավաքագրված օդի տուրքերն են, որոնք չեն վերադարձվել պետությանը»:

«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ հարցրեց՝ հաշվի առնելով, որ որոշ խոշոր կազմակերպություններ, որոնց պետությունը պարտք է, արտասահմանյան սեփականատերեր ունեցող ընկերություններ են, ինչպե՞ս եք նայում այն ռիսկին, որ այդ գումարներն անմիջապես տնտեսությունից դուրս բերվեն: Անանյանը պատասխանեց. «Այդպիսի մտահոգություն կարող էր լինել, եթե մենք չունենայինք այդ 2835 հարկ վճարողների ցանկը: Նրանք ակտիվ խոշոր հարկ վճարողներ են, ունեն ներդրումային ծրագրեր»:

«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը հարցրեց՝ բա պարտքը վերադարձնելիս՝ տոկոսներ չկա՞ն, չէ՞ որ այդ գումարը տնտեսվարողը կարող էր ներդրումներ անել իր բիզնեսում, իսկ պետությունը սառեցրել է: Դավիթ Անանյանը պատասխանեց, որ պետությունը առեւտրային գործընկեր չի ու այդ կանոնները իր հետ հարաբերվելիս չեն գործում, պետությունն իր իշխանական լծակներն է օգտագործում՝ հարկահավաքագրման գործառույթներն իրականացնելիս:

Պատգամավորներին անհասկանալի էր ու անտրամաբանական, թե ինչո՞ւ պետք է տնտեսվարողները ստիպված լինեն դիմում գրեն, որ պետությունը իրենց վերադարձնի այն գումարը, որը պարտք է իրենց: Դավիթ Անանյանն ասաց, որ 2000 աշխատակից ունեն, 90 հազարից ավելի հարկ վճարող ու այդ 2000-ը 90 հազարի մտադրությունը չի կարող կռահել, ուստի ակնկալվում է, որ հարկ վճարողը իր ցանկության մասին դիմում գրի՝ ես ցանկանում եմ, որ վերադարձնեք ինձ ունեցած պարտքը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի համար սա նույնպես անհասկանալի մոտեցում էր. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ մինչեւ 2018-ը տնտեսվարողները երբ ունեին պետբյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի եւ Ակցիզային հարկի գումարներ, նրանք ոչ միայն չէին կարողանում հետ ստանալ այդ գումարները, այլեւ չէին կարողանում դա ուղղել միասնական հարկային հաշիվ, այսինքն՝ ուղղել այլ հարկային պարտավորությունների մարմանը ու պետությունը իր հերթին այդ «այլ հարկային պարտավորությունների» դիմաց հաշվարկում էր տույժ ու տուգանքներ»: ՊԵԿ նախագահը պատասխանեց կարճ՝ այո, այդպես են արել: Խաչատրյանը զարմացավ. «Դուք, որպես ՊԵԿ նախագահ, չե՞ք համարում, որ այդ պրակտիկան եղել է տնտեսվարողի իրավունքների կոպտագույն խախտում»: Անանյանը պատասխանեց. «Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, նաեւ ՊԵԿ նախագահի գործառույթների մեջ չէ գնահատական տալ, թե պետության կողմից այդ իրավակարգավորումներն ունենալը խախտում է, թե չէ: Ամեն դեպքում դրանք օրենքով սահմանված են, որը ընդունվել է պառլամենտի կողմից: Եթե մենք լավ կանոն չեք սահմանել, ուրեմն մենք բոլորով սխալվել ենք: Ես համաձայն եմ, որ մենք բոլորով սխալվել ենք: Որպես տնտեսագետ հիմա ասում եմ՝ ժամանակին այդպիսի որոշումը, որ կոլեգիալ կայացրել ենք մենք, երեւի թե սխալվել ենք: Հիմա աստիճանաբար ուղղում ենք մեր սխալները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30