ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն առնչվող «Իմ քայլը» խմբակցության նախագծի առնչությամբ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չի շտապում կարծիք հայտնել. իր մոտեցումը կարող է սուբյեկտիվ ընկալվել: Լրագրողների հետ զրույցում այսօր նա նշեց. «Թող նախագիծը ներկայացվի ԱԺ-ում, որպեսզի 3/5 ձայներով այն ներկայացվի ՍԴ-ին: Սպասենք տեսնենք, թե ինչ հիմնավորումներ են ներկայացնելու, որովհետեւ նախաձեռնող կողմի վրա է ապացուցման բեռը, այլապես պատգամավորը հանուն ինչի՞ քվեարկի այդ նախագծի օգտին»:
Ինչ վերաբերում է նախագծի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշմանը, պատգամավորը շեշտեց. «Անձնավորված կերպով կադրային հարցեր լուծելուց պետք է վեր կանգնել: Անձնական նկատառումներով մարդկանց չի կարելի նշանակել-ազատել: Հրայր Թովմասյանն աչքիս լույսը չի, նրան ԲՀԿ-ն դեմ է քվեարկել նախորդ գումարման ԱԺ-ում, բայց հիմա անձի խնդիր լուծել պետք չէ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ