Այս օրերին մամուլը ողողված է ՀՀ ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություններով։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանի հետ։
– Պարոն Մարտիրոսյան, Վանեցյանի եւ Օսիպյանի գործունեությունը վերջին մեկ տարում ինչպե՞ս եք գնահատում։
– Դրական տեղաշարժ եղել է։ Ավելի ստույգ՝ ՀՀ ոստիկանությունը պահածոյացվել է նախկին վիճակում՝ հանած կոռուպցիան։ Դա էլ՝ վերապահությամբ։ Օրինակ, ամեն տեղ սիգա է վաճառվում։ Ես չեմ հավատում, որ ոստիկանությունը մաս չունի։ Տիգրան Մեծ փողոցի «Երեւան Սիթի»-ի դիմաց բանջարեղենի առեւտուրը ավելի մեծ ծավալ ունի, քան շատ միջին խանութներում։ Ողջամիտ կասկած պետք է ծագի, որ հենց «Սիթին» էլ չհարկվող գումար է հավաքում։ Բայց դա ոստիկանները չեն տեսնում (Երեւանի քաղաքապետարանն էլ մոռացավ)։ Քաղաքացիների բողոքներին ընթացք տալու, հանցագործությունների բացահայտման անկեղծ հետաքրքրություն չկա՝ ըստ բազմաթիվ արձագանքների։
Իսկ ԱԱԾ-ի պարագայում քնեց օտարերկրյա գործակալների բացահայտման աշխատանքը, երբ որ վարչապետն էր հայտարարել դրա մասին։ Օտարերկրյա գործակալները պետական ապարատում կքայքայեն համակարգը, իսկ դրսում «հայրենասիրությամբ» ու ավանդական արժեքներով» կոկորդ պատռելով՝ կհիմարացնեն շատերին, ու ճանաչում ձեռք բերելով՝ չարիք դառնան մեր երկրի համար։
Կարդացեք նաև
Մյուս կողմից, հանրության մեջ պահանջ կա պետության զավթման մասին որոշում կայացնելու, եւ ես կողմ եմ, որ դա քննվի վերջին հարյուր տարվա կտրվածքով։ ԱԱԾ նոր տնօրենի տրամադրվածությունը շատ կարեւոր է այս խնդրում։ Պետք է երկու համակարգերն էլ զարգանան, իրենց հստակ փիլիսոփայությունն ունենան, դրանով նոր նշանակվելիք պաշտոնյաները պետք է շահեկանորեն տարբերվեն նախորդներից։
– Քաղաքագետներից ոմանք այն կարծիքին են, որ, օրինակ, Վանեցյանին Փաշինյանն ինքն է շոումեն եւ «կինոյի տղա» դարձրել, եւ հիմա վայելում է դրա պտուղները։
– Մարդկանց մեջ արդարության մեծ ծարավ կար։ Եվ, այո, պետք էր բացահայտումների մասին շատ խոսվեր։ Ժողովրդի մեկ երրորդը դեռ աղքատ է, բայց եկեք չասենք, թե նրանց սնում են տեսարաններով, շոուով։ Սա մեր հայրենիքն է, մարդկանց տոնուս է պետք, որ դիմանան։ Փաշինյանը վայելո՞ւմ է դրա պտուղները։ Չգիտեմ։ «Կինոյի տղայի» համբավը կամրապնդվի կամ կփոշիացվի ոչ թե մեկ հրաժարականի տեքստով (որի համահեղինակը տաղանդավոր բանաստեղծ Արմեն Դավթյանն է, նաեւ, ենթադրում եմ, «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք» արտահայտության հեղինակը), այլ հետագա գործելակերպով։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Սոնա ՔՈՉԱՐՅԱՆԻ