Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին (ANCA): Նամակում մասնավորապես ասվում է, որ Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:
«Մի ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարական արժեքները հարձակման են ենթարկվում աշխարհում և առաջընթացը վտանգված է, ինչպես երբևէ կարևոր է դառնում մեր արժեքների, ապագայի մեր տեսլականի պաշտպանությունը: Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ արտահայտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մենք երբեք չպետք է մոռանանք ու լռենք այն սարսափելի իրողության մասին, որը հանգեցրեց 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան, 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանման: Եթե մենք չճանաչենք այն, չհիշենք և մեր երեխաներին չփոխանցենք, «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրենց նշանակությունը: Ցեղասպանության փաստը հիշել չկարողանալն ու չընդունելը միայն նոր ճանապարհներ է բացում ապագայում զանգվածային չարագործությունների համար»,- գրել է Բայդենը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ANCA-ին՝ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար: