Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ ներկայացրեց:
«ԱԱՀ-ի մասին» օրենքով սահմանված կարգով մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեբետային գումարները եւ հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածինը տարբեր կերպ էր վերադարձվում: Բաժանվել էր այսպես ասած երկու խմբի՝ հին եւ նոր դեբետային գումարներ: Նոր դեբետային գումարները եռամսյակային պարբերականությամբ հարկ վճարողի դիմումի հիման վրա էր վերադարձվում հարկ վճարողին, իսկ այսօրվա իրավակարգավորումներով հին դեբետային գումարները վերադարձման ենթակա չէին, ուղղվում էին միայն ակցիզային հարկի կամ ԱԱՀ-ի՝ առաջիկայում ծագող պարտավորությունների մարմանը:
Երկու խնդիր էր առաջանում՝ ԱԱՀ- դեբետային գումարների միջեւ տարանջատում կար՝ հնի եւ նորի: ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունների մարման սահմանված հերթականություն կար: Հիմա առաջարկվում է, որ հին ու նոր դեբետային գումարների դեպքում որեւէ տարանջատում չդնել: Առաջարկվում է նաեւ մինչեւ 40 մլն դեբետային գումարների վերադարձման ժամանակ պարզեցված ընթացակարգ կիրառել: Նախկինում մինչեւ 20 մլն-ի դեպքում էին դա կիրառում: ԱԱՀ-ի գծով բոլոր դեբետները պետք է վերադարձվեն եւ մինչեւ 5 մլն ԱԱՀ-ի հին դեբետային գումարները պետք է վերադարձնեն հարկ վճարողներին:
Դավիթ Անանյանն ասաց, որ հին դեբետային գումարները, որոնք այսպես ասած սառեցված էին ու չէին վերադարձվում, կազմում են շուրջ 56 մլրդ դրամ: Այդ պարտավորությունը վերաբերում է 2835 հարկ վճարողներին, նրանցից 2571-ը գործող հարկ վճարողներ են, այսինքն, սնանկության վարույթում չեն, լուծարված ու հաշվառումից հանված չեն: 2571 գործող հարկ վճարողներին ունեցած դեբետային գումարները կազմում են 50 մլրդ 48 մլն: 2190 հարկ վճարողներն ունեն հենց մինչեւ 5 մլն պարտք, իսկ դա ենթակա է վերադարձման անմիջապես՝ օրենքն ընդունելուց հետո 10-րդ օրը: 202 հարկ վճարող ունի 40 մլն-ից ավելի պարտք, նրանցից 183-ն են գործող: Եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, մինչեւ տարեվերջ շուրջ 50 մլրդ գումար պետք է վերադարձնեն տնտեսությանը:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դավիթ Անանյանի այս երկար ու տնտեսագիտական տերմիններով լի զեկույցը լսելուց հետո հարցրեց՝ «Շատ դժվար հարց պիտի տամ ձեզ, հիմա 3-5 նախադասությամբ ավելի հանրամատչելի ձեւակերպումներով հանրության համար, անձամբ իմ համար կներկայացնե՞ք այս նախագիծը: Ստացվում է, որ մենք 2835 հարկ վճարողի նկատմամբ պետության ունեցած շուրջ 56 մլրդ դրամ նախկինում հավաքագրված հարկերը, իսկ այժմ՝ պարտքը վերադարձնում ենք հարկ վճարողների՞ն»:
Դավիթ Անանյանը պատասխանեց, որ Արարատ Միրզոյանին հաջողվեց 2 հանրամատչելի նախադասությամբ ասել այն, ինչ ինքը փորձում էր ներկայացնել զեկուցման մեջ. «Այո, պետությունը պարտք է 56 մլրդ դրամ, դրանք այն գումարներն են, որ առաջացել են մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը, եւ պետությունն այսօր ունենալով բավարար ֆինանսական միջոցներ՝ նպատակ ունի դա վերադարձնել հարկ վճարողին՝ ակնկալելով, որ նրանք այդ գումարները կներդնեն տնտեսության մեջ ու դա կունենա իր արդյունքը, կնպաստեն տնտեսական աճին»:
Արարատ Միրզոյանը հիացած արձագանքեց. «Դե դա պարզապես հրաշալի է, պարոն Անանյան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ