Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակից է եղել մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 00։00-ի սահմաններում, միջադեպից տուժածը ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որն այնպես է ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք։ ՀԺ-ին հոսպիտալից միայն տեղեկացրին, որ տուժածի վիճակը ծանր է, իսկ թե ինչ վնասվածքներ է ստացել՝ չասացին։
Միջադեպի վերաբերյալ մի քանի հարցերին է պատասխանել Հարություն Գրիգորյանը։
– Տրդատ Սարգսյանը կռվի միջադեպի ժամանակ ձեզ հե՞տ է եղել։
– Ոչ, այդ ինչ թյուրիմացություն է: Դա չգիտեմ ինչ տեսակի մարդ է եղել այդպիսի բան ասողը։
Կարդացեք նաև
– Տեղյա՞կ եք, թե ի՞նչ վիճակում է գտնվում Արա Մխիթարյանը։
– Ես գիտեմ, որ ծանր կայուն։
– Դուք ոստիկանությունում ընդունե՞լ եք ձեր մեղքը, նշե՞լ եք, որ դուք եք ծանր վնասվածք հասցրել։
– Ոչ։ Ես մեր շքամուտքից դուրս եմ եկել, ինքը անշարժ այնտեղ պառկած է եղել։
– Դուք վեճի հետ կապ չունե՞ք։
– Ես վեճի ժամանակ այնտեղ եմ եղել, քաշքշոց է եղել, բայց հետո նա դուրս է եկել քայլելով, իր ընկերներն իրեն տարել են՝ քանի որ նա հարբած վիճակում ինչ-որ կռիվ էր ուզում ստեղծել։ Երեւի սայթաքել ընկել է, չգիտեմ ինչ է եղել, ով է քաշել գցել։
– Այսինքն՝ ձեզ հետ վիճաբանության հետեւանքով չի՞ այդ վնասվածքը առաջացել։
– Ոչ, իմ հետ վիճաբանության ժամանակ մենք կարող է իրար քաշքշել ենք, իրար բան ենք ասել, բայց իմ ու իր ընդհարման ժամանակ ոչ մեկիս վրա ոչ մի բան չի եղել։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում