«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ- Նիկոլ Փաշինյան հանդիպումից, որը կայացել է սեպտեմբերի 13-ին։
Նա քաղհասարակության ներկայացուցիչներին մեղադրել է հասարակության շրջանում մանիպուլյացիաներ անելու մեջ։ Իրավիճակը հանգեցրել է նրան, որ վարչապետը հայտարարել է՝ ե՛ւ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, ե՛ւ Ամուլսարի հանքն է շահագործվելու։ Ընդ որում, դա հենց այսպես, բաց տեքստով էլ ասվել է։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հասարակական կազմակերպություններին մեղադրել է մանիպուլյատիվ քայլեր անելու մեջ, սակայն դա դժգոհություն, ամեն դեպքում, չհամարեց։
«Հարցեր չկան, որոնց անդրադարձ չի եղել, կամ որոնք առաջին անգամ էին բարձրաձայնվում։ Այնպես չէ, որ շատ գոհ եմ, եւ այնպես էլ չէ, որ դժգոհ եմ, ընդհանուր գնահատական չեմ կարող տալ։ Այն, որ կա շփում, եւ վարչապետը փորձում է լսել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, դրական է»,- ասաց իրավապաշտպանը։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ, ըստ էության, վարչապետը ՀԿ-ների ներկայացուցիչներին հիշեցրել է Ստամբուլյան կոնվենցիան ու մեղադրել նրանց մանիպուլյացիայի մեջ, դժգոհել նրանց աշխատանքից, Հովհաննիսյանը նշեց. «Ստամբուլյան կոնվենցիային եւս անդրադարձ է եղել, եւ վարչապետը ասել է՝ պետք է գործարկվեն բոլոր այն լծակները, որոնք կարող են նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ում։ Վարչապետի խոսքում կոնկրետ դժգոհություն չի եղել, քանի որ դրա առիթն էլ չի եղել։ Նա անդրադարձավ այն մարդկանց, ովքեր զբաղվում են մանիպուլյացիաներով եւ խաղում են հասարակության լարերի վրա։ Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվողները համոզել էին հասարակությանը, որ դրա ընդունումից հետո միասեռականությունը կտարածվի, իսկ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում էլ վտանգներից էին խոսել»։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում