Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին:
«Ինչպես արդեն ասել եմ, ես որոշում եմ կայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Դուք բոլորդ գիտեք, բայց կարծում եմ նաև հանրության համար պետք է արձանագրեմ, որ պարոն Մարտիրոսյանը, ըստ էության, իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է Ազգային անվտանգության ծառայությունում: Սա շատ կարևոր արձանագրում է:
Ընդհանուր առմամբ, ինչպես նախկինում, հիմա էլ կարող եմ ասել, որ շատ կարևոր եմ համարում ընթացիկ ժամանակաշրջանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտների կայացումը և կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրապես կայացած ինստիտուտ է: Բայց ինչպես գիտեք, մենք պայմանավորվել ենք, որ մեր հավակնությունները գնալով ավելի մեծանալու են և որքան էլ մեր որևէ կառույց կայացած է, մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը, ինչն ամենևին չի նշանակում, թե նրա պրոֆեսիոնալ մակարդակը որևէ կերպ ցածր է:
Ես միշտ ասում եմ, որ սկսած վարչապետից և ավարտած հանրակրթական դպրոցի ուսուցիչով, բոլորի ամենօրյա խնդիրը պետք է լինի հետևյալը. ամեն յուրաքանչյուր հաջորդ օր մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ, քան նախորդ օրը, որովհետև, իմ կարծիքով, դա է առաջընթացի գրավականը: Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Էդուարդ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց, որտեղ 20 և ավելի տարիներ ծառայել է: «Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության մարմիններն օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով և հայրենիքին նվիրված անձանցով: Մենք կներդնենք բոլոր ջանքեր, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը և մեր ազգի միասնությունը»,- ասել է Էդուարդ Մարտիրոսյանը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ