Անշարժ գույքի շուկայում սեզոնային ակտիվություն է սկսվում։ Աշնանը եւ ձմռանը ավելանում են գույքի շուկայում գործարքները, եւ այս տարին էլ բացառություն չի լինելու։ Ռիելթորներն ու անշարժ գույքի գործակալներն արձանագրում են, որ շուտով վերջապես դուրս ենք գալու երկարատեւ լճացումից, որը հաստատվել էր այս տարվա սկզբից։ Ինչպես հայտնի է, 2018 թ. Հայաստանի անշարժ գույքի շուկայում առքուվաճառքի գործարքների թիվն ամսեամիս աճում էր, եւ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականին առքուվաճառքի գործարքների ընդհանուր քանակը 17.5 %-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը։ Իսկ այս տարվա սկզբից գործարքների թիվը նվազեց, եւ գնաճ գրանցվեց, տարբեր գնահատականներով՝ մոտ 7-8-ից մինչեւ 10%։ Արդյունքում Երեւանի կենտրոնում առանձնատներն ու բնակարանները նախահեղափոխական գների համեմատ մոտ 20 տոկոսով թանկացան։
Ըստ անշարժ գույքի գործակալ, «Թիվ մեկ» գործակալության ռիելթոր Գեւորգ Բեգլարյանի՝ այս աճն արհեստական էր եւ կապված էր հեղափոխական սպասումների հետ։ «10-20 տոկոս գնաթանկացումն իրականում կապ չունի շուկայական պատճառների հետ։ Այս թանկացումն արհեստական է տեղի ունեցել։ Հեղափոխությունից հետո մարդիկ մտածեցին, որ Հայաստան կվերադառնան սփյուռքի մեր հայրենակիցները եւ անշարժ գույք ձեռք կբերեն, եւ որոշեցին, որ կարելի է գումար աշխատել այդ մարդկանց հաշվին, ինչը որ եկավ սկզբի ամիսներին։ Չիմացողները եկան ու թանկ գներով բնակարաններ գնեցին,- ասաց Բեգլարյանը,- «հարեւան-բարեկամ» գործոնն աշխատեց։ Մեկն իր 50 հազարանոց բնակարանը վաճառեց 80 հազարով, եւ նրա հարեւանը, նրան նայելով, որոշեց ինքն էլ նույնն անել։ Ու այդպես՝ շուկայական կապով ամեն ինչ առաջ գնաց»։
Ըստ ռիելթորի՝ այս պահի դրությամբ անցյալ տարվա համեմատ գնանկում չկա, բայց կուտակվել է անհիմն թանկ չվաճառվող գույք, որն աշնան վերջին եւ ձմռան սկզբին էժանանալու է։ «Մարդիկ իրենք էլ կտեսնեն, որ արդեն երկրորդ տարին է՝ չեն կարողանում գույքը վաճառել իրենց ուզած արհեստական գներով, եւ պետք է վերադառնան հին արժեքներին, որոնք սահմանված են պետականորեն։ Այսօրվա գներն արդարացված չեն։ Պետք է նայենք, թե արդյոք ապրելակերպը ներո՞ւմ է, որ մարդը ձեռք բերի այդ բնակարանը։ Անշարժ գույքով զբաղվում է ով ասես՝ անհատներ, բրոքերներ, որոնք ավելացնում են մարդկանց շփոթմունքը։ Անշարժ գույքի ոլորտը պետք է կարգավորվի պետականորեն»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: