Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջապես հանդգնեցի ձայնագրել Հարությունյանի կոնցերտը»

Սեպտեմբեր 20,2019 12:30

Հարցազրույց աշխարհահռչակ շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխի հետ

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 14-ին մեկնարկած  13-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի հերթական հանդիպումն է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ,  կհնչեցնի Գրիգի, Դվորժակի եւ Իլյա Շախովի ստեղծագործությունները: Երեք  մենակատարներից երկուսը մեզ ծանոթ են՝ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը եւ դաշնակահար Եվգենի Սուդբինը: Առաջին անգամ կվայելենք շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխի (Գերմանիա) արվեստը, որի հետ «Առավոտի» հարցազրույցը  ժամանակի սղության պատճառով կարճ տեւեց:

– Մաեստրո, ծանոթանալով ձեր երկացանկին, տեղեկանում ենք, որ եզակի երաժիշտներից եք, որը ինքն է պատվիրում ստեղծագործություն: Ձեր պատվերով են գրվել Վոլֆգանգ Ռիմի, Կարոլա Բաուքհոլտի, Լուչանո Բերիոյի, Էդիսոն Դենիսովի, Պետեր Էթվոշի, Հանս Վերներ Հենցի, Սըր Պետեր Մաքսվել Դեվիսի, Քրիստիան Վոլֆի եւ այլ ժամանակակից ճանաչված կոմպոզիտորների շեփորի ստեղծագործությունները: Ձեր երկացանկում հավանաբար կան այլ  կոմպոզիտորների գործեր եւս: Մենք փնտրեցինք եւ ձեր համերգային ծրագրերում չգտանք ձեր մեծության երաժիշտների կողմից իսկապես պարտադիր ծրագիր հանդիսացող Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը…

– Լավ չեք փնտրել: Ինձ համար, եւ ոչ միայն, Հարությունյանի կոնցերտը եղել եւ մնում է շեփորի համար գրված ստեղծագործություններից անգերազանցելին: Շուրջ տասը տարի առաջ Երեւանում ուսանողս հանդես եկավ հայ կոմպոզիտորի կոնցերտի մեկնաբանմամբ, ավելին՝ մոտ կեսդարյա համերգային գործունեությանս ընթացքում Հարությունյանի երկը մշտապես եղել է իմ ուղեկիցը: Բայց վերջերս եմ այն ձայնագրել: Իսկ գիտե՞ք ինչու, որովհետեւ մի քանի տասնյակ տարիներ շարունակ, ամեն անգամ անդրադառնալով այդ ստեղծագործությանը, յուրովի էի այն ընկալում, եւ վերջապես հանդգնեցի ձայնագրել: Ափսոսում եմ, որ անձամբ ծանոթ չեմ եղել Հարությունյանի հետ:

– Կային ժամանակներ, երբ փողային գործիքների վիրտուոզ երաժիշտներին աշխարհը մատների վրա էր հաշվում: Բայց այսօր…

– Այսօր կամ վերջին շրջանում պատկերը փոխվել է: Ինքնագովություն չհամարեք, բայց կոնկրետ իմ սաները՝ իսկ նրանք 1-2-ը, 10-20-ը չեն, ոչ միայն միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթողներ են, այլեւ առաջատար դերակատարում ունեն հեղինակավոր կոնսերվատորիաներում, ցանկալի հյուր են առաջատար նվագախմբերի համար, ձայնագրություններ են իրականացնում Sony, Coviello, MDG եւ այլ հայտնի ֆիրմաներում, աշխատում են գերխիտ հյուրախաղային գրաֆիկով: Ուրախ եմ, որ Երեւանում գտնվելու օրերին պատիվ ունեմ անցկացնել վարպետության դաս ձեր երիտասարդ շեփորահարների հետ:

– Ի՞նչ է ասում ձեզ Կոմիտասի անունը:

– Փորձում եք ստուգել գիտելիքնե՞րս… Խնդրեմ՝ Կոմիտասը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն ու առաջնորդն է, բավակա՞ն է այսքանը… Հայաստանի ֆիլհարմոնիկին էլ հեռակա եմ ճանաչում, հզոր նվագախումբ է…

Ռայնհոլդ Ֆրիդրիխը կնոջ հետ

– Ասում են՝ թեեւ ներկայացնում եք Գերմանիան, բայց ձեր երակներում հոսում է ֆրանսիացու եւ լիտվացու արյուն:

– Գեղեցկուհի մայրս ազգությամբ ֆրանսուհի էր, բարեկիրթ հայրս՝ լատվիացի: Գուցե դո՞ւք որոշեք ազգությունս (ժպտում է): Բայց ես եղել եմ, կամ ու կլինեմ գերմանացի:

– Արտասահմանյան որոշ լրատվամիջոցների մատուցմամբ՝ դուք ոչ միայն երաժշտարվեստում եք հաջողակ, այլեւ անձնական կյանքում, հանձին ձեր կնոջ՝  ազգությամբ ճապոնուհի դաշնակահար Էրիկո Թաքեզակոյի:

– Իմ բախտը բերել է ի ծնե, թե ծնողներիս, թե դասախոսներիս, թե շրջապատիս հարցում: Ունեմ ոչ միայն երաժշտարվեստի ոլորտի հանճարեղ ընկերներ, այլեւ գիտության, կրթության, գյուղատնտեսության եւ բարձր պաշտոններ զբաղեցնող բարի կամեցողներ: Թող ինձ ներեն նրանք, բայց այս դեպքում ես կառանձնացնեմ իմ կնոջը՝ Էրիկոյին: Բարձրարվեստ դաշնակահար լինելուց բացի, նա ամեն ինչ է ինձ համար: Մի գաղտնիք ասեմ. միայն նա է, որ դիմանում է ինձ…

 Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30